Звоните
авг 05, 2026 Книжная карта Армении

Հուլիսին գրադարաններում ամենից շատ սպասարկվել են հայ դասական և ժամանակակից գրողների արձակ գործերը։ Ակսել Բակունցը, Րաֆֆին, Ալեքանդր Շիրվանզադեն, Ստեփան Զորյանը և Վահան Թոթովենցը ամենաշատ կարդացված հեղինակներն են։ Ժամանակակից գրողներից թոփ տասնյակում Ռուբեն Եսայանի և Աշոտ Աղաբաբյանի վեպերն են։ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպը միանգամից «նվաճել» է երևանյան ընթերցողի համակրանքը։ Վստահությամբ կարող ենք ասել, որ հայ դասական գրողների վեպերի և պատմվածքների սպասարկման բարձր ցուցանիշները վկայում են, որ արձակուրդների ընթացքում դպրոցականները բարեխղճորեն կատարում են իրենց ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունները։
Գրադարանների տասնյակներում առավել հաճախ հանդիպող հեղինակներից են նաև Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում», Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր», Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ էր», Նիկոլաս Սփարքսի «Հաշվելով հրաշքները», Ուիլյամ Սարոյանի «Նռնենիներ» և «Մարդկային կատակերգություն» գրքերը։ Գեղարվեստական գրականությունից զատ մարզային գրադարաններում առավել մեծ պահանջարկ ունեն մոտիվացիոն գրքերը։ Դրանց անվիճելի առաջատարն այս ամիս եղել է ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար, գրող և ուսուցիչ Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը, որը ամենաշատ սպասարկված ոչ գեղարվեստական գիրքն է վեց մարզային գրադարաններում։ Բարձր պահանջարկ ունեն նաև Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր», Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» և Ջոն Քեհոյի «Մտքի ուժը» գրքերը։
