НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Հայաստանի գրքային քարտեզ | Ապրիլ

май 06, 2025 Новости Книжная карта Армении

IMG-0387-1-1

 

Ամիսներ շարունակ գրադարաններում առավել շատ պահանջարկված արտասահմանյան հեղինակներից են դետեկտիվ վեպերի թագուհի Ագաթա Քրիստին, կիպրական ծագմամբ բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսը, թուրք գրող և ակնարկագիր Էլիֆ Շաֆաքը, գերմանացի Էրիխ Մարիա Ռեմարկը, կանադացի գրող Նիկոլաս Սփարքսը և ուրիշներ։ Ինչպես միշտ գրադարանների ընթերցողական նախասիրությունների խճանկարում առաջատար տեղերում են դպրոցական հանձնարարությունների ծրագրով սպասարկված գրքերը՝ Նար-Դոսի և Գրիգոր Զոհրապի նովելները և վիպակները, Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը», Գուրգեն Մահարու «Մանկություն և պատանեկություն» վեպը, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», «Ծառերը», «Կանաչ դաշտը» և այլ ստեղծագործություններ:

Երբ համադրում ենք տարբեր գրադարաններից ստացվող արդյունքները, տեսնում ենք, որ ժամանակակից հայ գրողներից շատ են կարդում հատկապես Աշոտ Աղաբաբյանի, Սյունե Սևադայի, Գոհար Նավասարդյանի, Ռուբեն Եսայանի վեպերն ու վիպակները։ Ընթերցողների նախապատվությունների վրա որոշ չափով ազդեցություն է ունեցել նաև ապրիլին Ազգային գրադարանի կողմից կազմակերպված «Ընթերցանության մարաթոն» համապետական միջոցառումը, որը նվիրված էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին: Իսահակյանի բանաստեղծական ժողովածուները հայտնվել են մի քանի գրադարանների տասնյակներում: Ապրիլը «բանաստեղծական է ստացվել: Գրադարանների թոփ տասնյակներում բանաստեղծական ժողովածուներ հազվադեպ են հանդիպում: Սակայն ապրիլյան տասնյակներում Իսահակյանից բացի կան նաև Պարույր Սևակի, Վահան Տերյանի և Համո Սահյանի գրքերը:

Գրքային քարտեզի ձևավորման թելադրանքով գերիշխող տեսանելիություն ունեն մարզային գրադարանները: Ուստի անցյալ ամսվա օրինակով շարունակենք ներկայացնել, թե ապրիլին ո՞ր հեղինակներին և գրքերին են նախապատվություն տվել առանձին համայնքային գրադարանների ընթերցողները: Ստեփանավանի համայնքային գրադարանում ապրիլին ամենաշատ սպասարկված գիրքը Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմն է: Հաջորդ երեք հեղինակներն են Շեքսպիրը, Հրանտ Մաթևոսյանը և Համո Սահյանը: Տասնյակում տեղ են գտել նաև «Ֆրանսիական կլասիցիզմ», «Հայոց եղեռնի քրիստոմատիա» ժողովածուները, Ագաթա Քրիստիի «Թունավոր գրիչով ձեռքը», Ալբեր Կամյուի «Օտարը» և Րաֆֆու «Խենթը»: