Call us

Փարիզի գիշերային լռության մեջ․ «Քունս չի տանում»՝ Սինե-ակումբում

Sep 30, 2026 Cineclub

IMG-0387-1-1

1990-ականների Փարիզի գիշերային իրականությունը ներկայացնող ֆիլմում տարբեր ճակատագրեր անսպասելիորեն հատվում են՝ ներգաղթ, օտարության զգացում, ընտանեկան հարաբերություններ, միայնություն և բռնություն։ Դընիին հետաքրքրում է ոչ այնքան հանցագործության պատմությունը, որքան այն մարդկային աշխարհը, որտեղ հերոսների կյանքերը հատվում են՝ հաճախ առանց միմյանց իսկապես ճանաչելու։ Ֆիլմի առանձնահատկություններից է հենց այս մթնոլորտը․ Փարիզը այստեղ պարզապես գործողությունների վայր չէ, այլ ֆիլմի կարևորագույն «կերպարներից» մեկը՝ իր գիշերային փողոցներով, հյուրանոցներով, բնակարաններով ու մարդկանց անտեսանելի կապերով։

Կլեր Դընիի կինոն առանձնանում է մարմնի, տարածության, լռության և երաժշտության միջոցով պատմելու յուրահատուկ լեզվով։ «Քունս չի տանում»-ում ևս նա խուսափում է պարզ բացատրություններից՝ հանդիսատեսին թողնելով հերոսների ներաշխարհի և իրադարձությունների միջև սեփական կապերը գտնելու հնարավորությունը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1994 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում։ Այն Դընիի այն աշխատանքներից է, որտեղ հատկապես տեսանելի է նրա հետաքրքրությունը օտարության, տեղահանության, պատկանելիության և ժամանակակից քաղաքային կյանքի հակասությունների նկատմամբ։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ֆիլմը ֆրանսերենով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով և ևս մեկ անգամ բացահայտելու ֆրանսիական կինոյի այն լեզուն, որը պատմում է ոչ միայն իրադարձությունների, այլև մարդու զգացողությունների ու լռությունների մասին։ Սինե-ակումբը 5 տարեկան է։ 2026 թվականին այն շարունակում է «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895–2026» ծրագիրը՝ երկխոսության մեջ դնելով ֆրանսիական կինոյի տարբեր ժամանակաշրջանների գործերը և ցույց տալով, թե ինչպես են փոխվել կինոյի լեզուն, թեմաներն ու իրականության ներկայացման ձևերը։ Սինե-ակումբը Ֆրանսիայի դեսպանության/Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախագիծն է։