Call us
Jun 30, 2026 Events Public lecures
p style="text-align:center;"> 
Այսօր Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում տեղի ունեցավ Լազարյանների նշանավոր տոհմի ներկայացուցիչ, հայ հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ Հովհաննես Հովակիմի Լազարյանի ծննդյան 240-ամյակին նվիրված հանրային բանախոսություն և Լազարյան ճեմարանի բացառիկ գրքային ժառանգության ցուցադրությունը։ Բանախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը ներկայացրեց Հովհաննես Լազարյանի հարուստ կենսագրությունն ու բազմակողմանի գործունեությունը՝ ընդգծելով նրա կարևոր ավանդը հայ կրթական, մշակութային և հասարակական կյանքի զարգացման գործում։
Նա անդրադարձավ Լազարյանի պետական և հասարակական գործունեությանը՝ հիշատակելով, որ 1815 թվականից նա եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձուն։ Նա մշտապես սատարել է հայագիտական նախաձեռնություններին․ 1838 թվականին օժանդակել է Ալեքսանդր Խուդաբաշյանի «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ» աշխատության հրատարակությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ հայերենից ռուսերեն, իսկ 1851 թվականին Լազարյան ճեմարանի նախակրթարանի բացման նպատակով նվիրաբերել է 60 000 ռուբլի։
Հատկանշական է, որ Լազարյանների պատմության բազմամյա հետազոտող Հայկազ Հովհաննիսյանն իր գիտական ուսումնասիրություններն իրականացնելիս հիմնականում օգտվել է Հայաստանի ազգային գրադարանում առկա Լազարյան ճեմարանի բացառիկ հավաքածուից՝ ուսումնասիրելով այդ գրքերի զգալի մասը, որոնք հիմք են ծառայել նրա բազմաթիվ հոդվածների և աշխատությունների ստեղծման համար։ Բանախոսությանը զուգահեռ գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Հնատիպ գրականության ենթաբաժնի աշխատակից Լուսինե Լուլուկյանը ներկայացրեց գրադարանի ֆոնդերում պահպանվող Լազարյան ճեմարանի եզակի գրքային հավաքածուն։ Ցուցադրությունը բացահայտում էր ճեմարանի գրադարանի բացառիկ նշանակությունը՝ որպես իր ժամանակի կարևորագույն կրթամշակութային կենտրոններից մեկի, որտեղից օգտվել են Վահան Տերյանը, Երվանդ Շահազիզը, Ռափայել Պատկանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը և բազմաթիվ այլ նշանավոր մտավորականներ։ Այսօր այդ արժեքավոր ժառանգությունից շուրջ 27.620 միավոր պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում։
Միջոցառման ընթացքում Անհատական հավաքածուների ենթաբաժնի աշխատակից Լուսինե Բալայանը ներկայացրեց Հովհաննես Լազարյանի կյանքի և գործունեության հետաքրքիր դրվագները՝ անդրադառնալով նրա հայրենանվեր գործունեությանը, կրթության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և հայ ժողովրդի պատմության մեջ թողած հարուստ ժառանգությանը։
