Գրադարանի մասին

ՀԱԳ-ը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում:
Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը` «Ազդարարը» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):
Գրադարանի հավաքածուն 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,8 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են:
ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը:
1925-1990թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990 թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:
Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939թ.):
Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներ են եղել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ:
Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:














