НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Annotation 2024-04-03 111229
 

Այն պահին, երբ ամբողջ աշխարհը կենտրոնացավ կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների վրա, մարդկանց համակեց ոչ պակաս սարսափելի համաճարակ՝ մենակության և օտարացման համաճարակը։

Գոհար Սարգսյանի «Անծանոթները սենյակում» (Stranger in the Room) նախագիծը անդրադառնում է համավարակի և պատերազմների հարուցած գոյաբանական ճգնաժամին։ Տարբեր մեդիաների միջոցով՝ գծանկար, քանդակ, անիմացիա, նա կարողանում է արտահայտել մարդկանց հույզերը, որոնք անցել են այդ փորձությունների միջով։

Ինչպես հեղինակն է գրում․ «․․․ ես նախաձեռնեցի «Անծանոթները» նկարչական շարքը՝ մարդկանց հույզերը, զգացմունքներն ու ապրումները ֆիքսելու համար: Շարքը անվանեցի «Անծանոթներ», քանի որ գլխավոր հերոսները անծանոթ մարդիկ են, որոնց հանդիպել եմ առօրյա կյանքում, օրինակ՝ անցնելով փողոցներ, սրճարաններ, խանութներ, իրադարձություններ և այլն: Ես օգտագործում եմ հիշողությունը և տպավորությունը գլխավոր հերոսներին ստեղծելու համար: Այս շարքն ինձ թույլ է տալիս ավելի խորանալ մարդկանց բնութագրերի, անհատականությունների և տրամադրությունների մեջ՝ հարուցելով բազմաթիվ հարցումներ և զգացմունքներ»:

Կորոնավիրուսը և տարածաշրջանային պատերազմները սրեցին աշխարհում նախկինում անտեսանելի մենակության իրավիճակը և մարդկանց դարձրեցին մոլորակի ամենամեծ հոգեբանական փորձի մասնակից։ Հանկարծ առաջացավ անջրպետ մարդու անձի և նրա ներաշխարհի միջև՝ անձի օտարացում ինքն իրենից։

Մարդը փակվեց իր բնակարանում, իսկ նրա դեմքը փակվեց դիմակով։ Կարծես մենք մոռացանք մարդկային դեմքերը, կրկնակի փակված իրենց բնակարանում և դիմակի տակ դառնալով իրար անծանոթ և օտարացած։ Համաճարակի տարիներին Գոհար Սարգսյանը հիշում էր Միշել Ֆուկոյի «․․․մարդը կանհետանա այնպես, ինչպես անհետանում է ափամերձ ավազի վրա պատկերված դեմքը» միտքը։

Միայն մարդը դեմք ունի, այն մարդկային շփման հիմնական գործիքն է։ Երևի կարելի է շփվել առանց դեմքի, բայց դեմքը մարդկային հաղորդակցության մեջ իր առանցքային դերն ունի․ դեմքը առաջին քայլն է ուրիշին հասկանալու համար։

Գոհար Սարգսյանը ճեպանկարների «Անծանոթներ» շարքում փորձում է հասկանալ դիմակի տակ թաքնված դեմքերը ու մարդկային ապրումները։ Արվեստագետն երևակայության միջոցով վերստեղծում է դրանք, իր կերպարներին օժտելով բնավորությամբ, տրամադրությամբ և հույզերով։ Ընտրելով ճեպանկարների մեթոդը արվեստագետը ձգտում է ստանալ առավելագույն անմիջականություն։ Թղթերը, որոնց վրա դրանք արված են կարծես ամբողջական թերթի պատառոտված հատվածներ լինեն, ինչպես տրոհված էր սոցիալական իրականությունը, իսկ մարդիկ՝ անջրպետված միմյանցից։

Բայց մարդիկ իրարից օտարացված չէին միայն դիմակով, այլ նաև սոցալական հեռավորությամբ։ Անծանոթների դիմանկարները հավաքված են մի տարածությունում և նրանք այլևս կարիք չունեն իրարից հեռու լինել։ Հավաքելով հատվածները մի տարածության մեջ՝ նրանք դադարում են լինել անդեմ և անծանոթ և մտովի հաղթահարվում են համավարակի սահմանած սոցիալական հեռավորությունը։ Այդ ճեպանկարները իրար դեմքերը տեսնելու, դեմքի պատկերի միջոցով օտարացման և անծանոթության զգացումը հաղթահարելու մասին են։

Սոցալական հեռավորության, դիմակ կրելու հետ մեկտեղ ծանր հոգեբանական փորձություն էր լոքդաունը, որի մասին է Գոհար Սարգսյանի համանուն քանդակային շարքը։ Եթե ճեպանկարների շարքը դիմակով փակված դեմքի փորձություն էին արտահայտում, ապա երկրորդը արվեստագետը զգացել է իբրև մարմնի փորձություն։ Ամփոփվածությունը բնակարանի և ընտանիքի նեղ շրջանակում, բայց նաև լոքդաունի պարտադրված հանգիստը, որն իրապես անշարժություն է։

Գոհար Սարգսյանի գեղանկարչության շարունակվում է իր անիմացիոն սշխատանքներում։ Անիմացիան նրա համար միջոց է իր նկարչության արտահայտչականությունը շեշտելու համր։ «Ամենօրյա անծանոթներ» անիմացիան անմիջականորեն կապված է ճեպանկարների հետ, բայց այս դեպքում դեմքերը ապրում են ժամանակային տևողության մեջ, նրանք արագորեն հերթափոխվում են ներկայացնելով տարբեր խառնվածքներ և տրամադրություններ։ Անիմացիան արվեստագետի համար ավելի հարազատ միջոց է մարդկային խառնվածքների հոգեբանության խորքերը հասկանալու համար։

Անիմացիոն մյուս աշխատանքները ունեն իրենց սեփական խորհուրդը, յուրաքանչյուրը էկզիստենցիալ հարցադրումներն են, որ արվեստագետի կարծիքով մտատանջում էին մարդկանց համավարակի և պատերազմի ժամանակ։

Ինստալիացիոն միջավայրը ավելի թանձր է դառնում ձայնային բաղադրիչի շնորհիվ։ Գոհար Սարգսյանի ձայնային ինստալացիան առանձին փաստագրական և հետազոտական նախագիծ է, որտեղ լսում ենք մարդկային պատմություններ կորոնավիրուսի և պատերազմների իրենց փորձառության մասին, հանդիսատեսին դարձնելով անմիջական լսող ու իրադարձություների մասնակից։

Իր ընդհանրացված մոտեցումը մարդկային գոյությանն արվեստագետը արտահայատել է «Համակարգին միացված մարդը» մուլտիմեդիա՝ վիդեո և նկարչակական աշխատանքում։ Մարդկային մարմինը կարծես մաս է կազմում տարբեր համակարգերի՝ բժշկական (ֆիզիոլոգիական), սոցիալական, քաղաքական, և այլն, որոնց միջև շրջանառվում է նրա կենսական էներգիան։

 

Գոհար Սարգսյանի շատ է կարևորում տարածքը, որը կհամապատսխաներ իր նախագծի նպատակին։ Այն պետք է լիներ հանրային վայր, որտեղ տեղի կունենար իր կերպարների՝ «անծանոթների» և հանդիսատեսների խորհրանշական հանդիպումը։ 

Տարածքը պետք է կարողանար ընդդգրկել ինստալիացիայի բոլոր բաղադրիչները, որպեսզի դառնար իրապես «Stranger in the Room» (Անծանոթները սենյակում): Իսկ դա նշանակում է ինպես տարածքը, այնպես էլ էքսպոզիցիան պետք է ծառայեն այդ երկխոսության կայացմանը, կարողանան հանդիսատեսին ներքաշել ցուցահանդեսի մթնոլորտի մեջ։

Հավաքել ինչ ցրված է, մոտեցնել ինչ օտարացել է, ցուցադրել ինչ թաքնված էր դիմակի տակ կամ ամփոփված էր փակ տարածքներում։ Գոհար Սարգսյանի նախագիծը միայն համավարակի մասին չէ․ միայն բնության տարրերքը չէ, որ ստիպում թաքնվել և թաքցնել, փակվել և օտարանալ։ Կան այլ՝ քաղաքական, սոցիալական, մշակութային ճնշող ուժեր։

Ճշմարտությունը դա անթաքչություն է, գրել է Մարտին Հայդեգերը, ու նաև՝ որ արվեստը լուսավորում է խավարի մեջ թաղված մարդկային գոյությունը։ Իհարկե, այս նախագիծը այդ մասին է։