Звоните
апр 02, 2026 Новости

ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը և Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում են մասնակցելու գիտամշակութային միջոցառման, որը կազմակերպվում է ՀՀ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթի շրջանակում (ծածկագիր՝ 24SSAH-6B006)։ Միջոցառման նպատակն է ներկայացնել արևմտահայ կին մտավորականների հասարակական, կրթական և մշակութային գործունեությունը՝ նորովի բացահայտելով նրանց առաջնորդական դերակատարությունը ազգային մտքի զարգացման, կանանց կրթության խթանման և հասարակական ինքնագիտակցության ձևավորման գործընթացում։ Ծրագրում նախատեսվում է
Ցուցադրություն
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում կբացվի թեմատիկ ցուցադրություն, որտեղ առանձին ցուցափեղկերում կներկայացվեն արևմտահայ կին մտավորականների կողմից հիմնադրված, խմբագրված կամ նրանց ակտիվ մասնակցությամբ հրատարակված պարբերականներ։ Ցուցադրության մեջ ընդգրկված են՝ «Կիթառ», «Ծաղիկ», «Հայ կին», «Արտեմիս», «Ծաղիկ յատուկ կանանց», «Տոմար Ընտանեկան», «Ազդակ», «Կիլիկյան տարեցույց», «Արձագանք», «Երեւակ», «Արշալույս», «Պարտէզ», «Մասիս», «Գաղափար», «Մեր ուղին», «Ժամանակ» և այլ հանդեսներ, որոնք կարևոր դեր են ունեցել կանանց կրթության և հասարակական ակտիվության ձևավորման գործում։
Թեմատիկ զեկույցներ
• Ալբերտ Խառատյան - «Արևմտահայ կին խմբագիրների դերը կանանց մամուլի ձևավորման և զարգացման գործում» (նվիրված Հայկանուշ Մառքի, Զապել Եսայանի, Սիպիլի, Արշակուհի Թէոդիկի և այլոց գործունեությանը)
• Նաիրա Համբարձումյան-«Էլպիս Կեսարացյանի առաջնորդությունը որպես սոցիումի բարենորոգման միջոց»
• Աստղիկ Սողոյան -«Զապել Եսայանի կյանքը և հասարակական-հրապարակախոսական գործունեությունը»
• Աստղիկ Շմավոնյան-«Սրբուհի Տյուսաբը՝ առաջին հայ կին արձակագիր. կյանքը և գործունեությունը»
Զեկույցներում կանդրադարձվի արևմտահայ կին մտավորականների կենսագրությանը և հասարակական գործունեությանը՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի պատմամշակութային համատեքստում՝ ընդգծելով նրանց դերը կրթության, մամուլի, գրականության և հասարակական մտքի զարգացման գործում։
Հայաստանի ազգային գրադարան Թամանայանական մասնաշենք, Մեծ ցուցասրահ Մուտք՝ ազատ։ Լրացուցիչ հարցերի համար՝ 033623513
