Call us

Հայոց Ցեղասպանությունը օտարալեզու մամուլում

Apr 21, 2025 News

IMG-0387-1-1

 

Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ 1894-96թթ. արևմտահայությունը զանգվածային բռնությունների մասին բարձրաձայնել է ոչ միայն հայկական, այլև օտարերկրյա մամուլը։ Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարաններից մեկը նվիրված է հայոց Ցեղասպանության վերաբերյալ օտարերկյա մամուլի էջերում տեղ գտած արձագանքների:

 Շտեմարանում ներկայացված են հոդվածներ, տեղեկատվական նյութեր՝ տպագրված 1894-95թթ. ամերիկյան առաջատար New-York Evening Post, New-York Sun, New-York Herald, New-York Times, New-York Daily News, New-York World և այլ պարբերականներում։ Այդ հրապարակումների կտրածոներով բնիկ էվերեկցի ծնողների զավակ Արամայիս Վարդուկյանը /ծնվ. է Կ. Պոլսում, վախճ. է 1897թ. Նյու Յորքում/ կազմել է երկու հավաքածու։ Նրա քույր Հայկանուշը 1925թ. հավաքածուները պահ է տվել նյույորքաբնակ Հովհաննես և Սաթենիկ Թարխանյան ամուսիններին, ովքեր 1966թ. դրանք հանձնել են Սովետական Հայաստանի կառավարությանը։ Շտեմարանում հղումներ են արվում այդ պարբերականների կայքերին։ 

Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եվրոպական պարբերական մամուլում տարբեր լեզուներով հոդվածներ են տպագրվել, որոնց կտրածոներով /1915թ. մայիսի 1-1917թ. հունիսի 17/ կազմված ժողովածուն`Ազգային բյուրոյի սեփականությունը, հանձնվել է Հայաստանի ազգային գրադարանին: 

Հայաստանի ազգային գրադարանի հարուստ ֆոնդերում պահվող Ցեղասպանության վերաբերյալ գրականությանը կարող եք ծանոթանալ ՀԱԳ էլեկտրոնային քարտարաններում:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ թերթենք #մեկդարյա_մամուլը:

 Ինչ էր գրում մամուլը Ցեղասպանության մասին: 1915-1920 թթ. տպագրված մամուլի այս ծաղկաքաղում տեղ են գտել ականատեսների վկայությունները, Ցեղասպանության մասին պատմում են մարդիկ, որ անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգացել ողջ դաժանությունը... Ամերիկայում տպագրվող «Ամերիգա» թերթի 1916 թ. առաջին համարում տպագրվում է մի հոդված՝ «Արտահանուած հայերն անապատներու մէջ սովամահ և անձնասպան կ’ըլլան» վերնագրով, որտեղ մի շարք դրվագներ ներկայացնելուց հետո նշվում է. «Ականատեսի մը պատմածէն տեղեկացած ենք թէ Մուսուլի և Միջագետքի անապատները քշուած հայեր խոտերով և մարախով կ’ապրին, շատ մը տեղեր սատկած կենդանիներու և մեռած մարդոց միսերը կ’ուտեն: Եւ իբր բնական հետևանք անսուաղութեան և բազմազան հիւանդութեանց, սև մահն ալ իր նախճիրները կը գործէ համեմատական մեծ թուով» http://tert.nla.am/archive/NLA%20TERT/ameriga/1916/1.pdf

 1920 թ. Չիկագոյի «Երիտասարդ Հայաստան» թերթը Հայոց ցեղասպանության օրվան ընդառաջ ապրիլյան իր համարներում սկսում է տպագրել Հակոբ Մատաղճեանի «Եղեռնը եւ Թօմարզան» վերնագրով հուշագրությունը: Հեղինակը Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ է և 1915 թ. կուսակցական առաջադրանքով գտնվել է Կեսարիայի Թոմարզան գյուղաքաղաքում: Հոդվածին որպես ենթավերնագիր նա ավելացրել է՝ 1915: Խմբագրությանը ուղարկած կից նամակի մեջ նա շեշտում է ընդհանուր Եղեռն արտահայտությունը՝ նշելով, որ կատարվածը սովորական ջարդեր չէին, այլ ցեղասպանություն: Հուշագրության մեջ ներկայացվում է գյուղաքաղաքի առօրյան, կյանքը նախքան 1915 թ. ապրիլյան դեպքերը, ընդհանուր գաղթն ու կոտորածը՝ ամենասարսափելի դրվագներով: http://tert.nla.am/.../eritasard.../1920/1920(99).pdf

 Երևանի «Աշխատանք» թերթի 1918 թ. հունվարի 20-ի համարում զետեղված «Էջեր Մեծ եղեռնի պատմութենէն» հոդվածում դիարբեքիրցի Կիրակոսը ներկայացնում է իր հուշերը ու շեշտում. «Սկսած էր արդէն մասսայական կոտորոածը. մաս առ մաս կը հաւաքէին տղամարդիկ ու կը բանտարկուեին, քանի մը օր պահելէ վերջ, մաս-մաս գիշերով դուրս կը հանէին, Էրզրում կը տանէին և աներևակայելի ծեծի ու բարբարոսութիւններու կենթարկեին անմեղ մարդկային հօտը http://tert.nla.am/.../NLA.../Ashkhatanq_3/1918/1918(71).pdf 

Վանի Աշխատանք թերթի 1915 թ հունիսի 15-ի համարում «Խնուսի կոտորածը» (Ականատեսի պատմութիւն) վերնագրով հոդվածում ընդգծվում է. «Այսօր Խնուս գաւառը չէ միայն կոտորւողը, այլ Տաճկահայոց մեծ մասը: Դարերէ ի վեր ինչպէս յայտնի է պատմութենէն, հայութիւնը տակաւին այսպիսի կոտորած մը չէր տեսած: Կոտորած մը, որ Լէնթէմուրի արշաւանաց շրջանը կը յիշեցնէ, կոտորած մը, որ հակամարդկային արարք մըն էր հայութիւնը բնաջինջ ընելու»:  http://tert.nla.am/.../Ashxatanq1_Van/1915/1915(24).pdf 

Կոտորածի պատկերների կողքին մամուլը հպարտությամբ է ներկայացնում ինքնապաշտպանական կռիվները: Թիֆլիսի «Հորիզոն» թերթի ապրիլի 25-ի համարում «Երկրի դրութիւնը» ընդհանուր խորագրով ներկայացվում է Մուշի Ցրոնք, Գոմս և մի շարք այլ գյուղերի ինքնապաշտպանական մարտերը, իսկ «Հեռագիրներ» բաժնում առանձնանում է Վանի ինքնապաշտպանության մասին լուրը: Ըստ Թիֆլիս հասած վանեցու տեղեկատվության՝ Այգեստանը շրջափակված է, իսկ հայերը, չնայած ուժերի սպառմանը շարունակում են պայքարել: http://tert.nla.am/.../HGG.../horizon%20tiflis/1915/89.pdf

 Շուշիի «Փայլակ» թերթի 1915 թ. ապրիլի 23-ի համարում «Հայերն ու պատերազմը» ընդհանուր խորագրի ներքո կարդում ենք. «Վասպուրականի, Բիթլիսի և Մուշի շրջաններն ապստամբական վիճակի մեջ են: Որոշ վայրերում կռիւն անողոք ու կատաղի կերպարանք է ստացել: Թէ ինչով կվերջանայ պայքարը, ապագան ցոյց կը տայ: Հայերը նման մտադրութիւն չունէին. Կառավարութեան բռնութիւնները, սպանութիւններն բաժակը լեցուցին» http://tert.nla.am/.../Paylak%20Shushi/1915/1915%2813%29.pdf

 Նյութի հեղինակ` Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի աշխատակից Ռուզան Թումասյան: