Call us
Jan 24, 2025 News
Տարեվերջին Հայաստանի ազգային գրադարանը լույս է ընծայել գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի անհատական մատենագիտությունը։ Մատենագիտական ցանկն ընդգրկում է 1945 թվականից սկսած Հակոբ Հակոբյանի գործունեության վերաբերյալ լույս տեսած 1215 հրապարակում՝ գրքեր, հոդվածներ, ցուցահանդեսների կատալոգներ, պատկերագրքեր, բուկլետներ, հրավիրատոմսեր, ազդագրեր և այլն։
Գիրքը բացվում է մատենագիտության խմբագիր, արվեստագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի «Հակոբ Հակոբյան (Դիմանկարի փոխարեն) ներածականով։ «Տասնյակ տարիների ընթացքում Հակոբ Հակոբյանի նկարչության շուրջ ստեղծվել է մեծածավալ գրական-տեսական նյութ հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով, գրվել են հարյուրավոր հոդվածներ և տեսություններ», նշում է խմբագիրը:
Մատենագիտությունից օգտվողների աշխատանքը դյուրացնելու համար կազմվել են անձնանունների, լուսանկարներում առկա անձանց և վերատպությունների օժանդակ ցանկեր: Այն անփոխարինելի աղբյուր է նշանավոր գեղանկարչի կյանքը և ստեղծագործական ուղին ուսումնասիրողի համար։ Ցանկը կազմել է Ազգային գրադարանի մատենագիտության բաժնի գլխավոր մատենագետ Աիդա Ադամյանը։ Գիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով, որը կհատկացվի հանրապետության գրադարաններին, թանգարաններին և արվեստի թեքումով բուհերին և կրթական հաստատություններին։