Call us
Mar 24, 2025 News Book Map of Armenia
Փետրվարի ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի ցուցակում 113 գիրք կա: Ամենաընթերցված հեղինակը, ինչպես շատ հաճախ, Ագաթա Քրիստին է՝ 13 գրքով։ Նրան հետևում են Վարդգես Պետրոսյանը՝ 4 գրքով և Էրիխ Մարիա Ռեմարկն ու Գոհար Նավասարդյանը՝ 3-ական գրքով:
Թոփ տասնյակներում առաջին անգամ հայտնվել են ժամանակակից բելգիացի գրող Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», արձակագիր, գրականագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանի Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումների ու շփումների մասին «Հրանտ» հուշապատում-վիպակը, Կոստան Զարյանի հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և հայդուկային շարժումը փառաբանող «Տատրագոմի հարսը» պոեմը, Ջենգիզ Էրջյումենթի «Կլառնետահարը» վեպերը:
Ամիսներ շարունակ ամենամեծ պահանջարկ վայելող գրքերի ցուցակներում հատուկենտ բանաստեղծական գրքեր են հայտնվում: Այս առումով փետրվարը բացառիկ է: Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Կոստան Զարյանի և Պարույր Սևակի բանաստեղծությունները, պոեմները և քառյակները, Անահիտ Սարգսյանի «Փշրված երազներ», Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ժողովածուները, Հովհաննես Շիրազի «Դանթեականը» ընդգրկվել են գրադարանների ամենից շատ ընթերցվող գրքերի ցուցակներում:
Ամենաշատ պահանջարկված հեղինակների և գրքերի առաջատար եռյակն անփոփոխ է։ Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին հարցմանը մասնակից գրադարաններում ամենից շատ շրջանառվել են Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Շիրվանզադեի «Քաոս» և Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ» վեպերը։ Հարցման մեկնարկից ի վեր (հունվար 2023) առաջին անգամ հանրապետության մարզային գրադարանների և Երևան քաղաքի միացյալ թոփ տասնյակում միայն մեկ արտասահմանյան հեղինակի գիրք կա՝ Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։