Call us

Երկուշաբթի (1)
 

Արդեն ավելի քան 20 տարի է՝ ապրիլն ուրիշ գույն ու բովանդակություն ունի հայաստանյան գրադարանների համար։ Ապրիլին մեր երկրում անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այս տարի շաբաթը մեկնարկում է ապրիլի 15-ին և կտևի մինչև ապրիլի 22-ը՝ «Գրադարանը՝ նորարարության հարթակ» կարգախոսով։

Շաբաթը տարբեր գրադարանային և մշակութային իրադարձություններով է հագեցած լինելու Հայաստանի ազգային գրադարանում։ Այս տարի նշվում են գրադարանի և ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման 105-ամյակները։ Հրատարակչական ոլորտի մեր գործընկերների հետ կքննարկենք տպագիր արտադրանքի պարտադիր օրինակների հատկացման և պահպանության խնդիրները, ինչպես նաև հայ մշակույթի վկայությունների հավաքման ու պահպանության համար հույժ կարևոր պարտադիր օրինակի ձևաչափի հետագա զարգացման միտումները։

Շաբաթվա ընթացքում հրապարակային դասախոսություններ կներկայացնեն գրականագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը և ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը։ Գրադարանի աշխատակիցները կներկայացնեն ազգային գրադարանի և EBSCO բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից օգտվելու կարգը։ Շաբաթվա առաջին և վերջին օրը ընթերցողներին երկու գրադարանային ցուցահանդես կներկայացվի. մեկը՝ նվիրված արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի ծննդյան 75-ամյակին, մյուսը գրադարանի թատերական և համերգային ազդագրերի ցուցադրությունն է։

Ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է ընթերցանության մարաթոն, որը նվիրված է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։ Մասնակիցներն իրար հաջորդելով և 5-ական րոպե հերթական հատվածը կարդալով կշարունակեն Բակունցի «Կյորես» վեպի ընթերցումը մինչև ավարտը, այնուհետև՝ կընթերցվեն գրողի մի շարք պատմվածքներ։ Ընթերցանության ընթացքն ուղիղ կհեռարձակվի ZOOM հարթակում և ՀԱԳ յութուբյան ալիքում։