Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմնադրման 190-ամյակը

📓Հուլիսի 11-ին, ժամը 12։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա հերթական բացառիկ ցուցահանդեսը։ Այս տարի նշում ենք Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմնադրման 190-ամյակը…
ՀԱԳ մեծ ցուցասրահում կներկայացվեն Արական գիմնազիայի գրադարանից բացառիկ նմուշներ։
Ցուցադրությունը կներկայացնի ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը։
—————————————————————————-
📜1832 թ. հիմնադրվում է Երևանի
դպրոցի գրադարանը, որը հետագայում Էջմիածնի Մատենադարանից հետո եղել է ամենախոշոր գրադարանը և կատարել է ոչ միայն դպրոցական, այլև հանրային գրադարանի և մշակութային կենտրոնի դեր: 1836 թ. գրադարանն ուներ 14 անուն գիրք 32 հատորով, իսկ 1837 թ.՝ 18 գիրք 40 հատորով, 6 ամսագիր, Ռուսական կայսրության 1 քարտեզ, 2 աշխարհագրական քարտեզ (5 աշխարհամասերի):
📓📔Գրադարանը Երևանի նահանգի և Արևելյան Հայաստանի ամենահարուստ գրադարանն էր և հանդիսանում էր որպես մշակութային կարևորագույն օջախ, կրթամշակութային կենտրոն: Գրադարանի կազմավորման բուռն զարթոնքը կսվել է 1843 թվականից, երբ ուսումնարանի տեսուչ է նշանակվում Խաչատուր Աբովյանը: Մինչ Երևանի գավառական ուսումնարանի տեսուչ նշանակվելը, Աբովյանը գիտեր Դորպատի, Մոսկվայի, Պետերբուրգի, Կազանի, Թիֆլիսի բոլոր գրախանութների հայտնի հրատարակիչների, գրավաճառների մասին: Գրքեր ձեռք էր բերում հիշյալ քաղաքներից նաև փոստային առաքումների միջոցով:
📜Աբովյանից հետո փոխվում էին տեսուչները, բայց Երևանի գավառական ուսումնարանը և գրադարանը հաստատել էին իրենց կարևոր դիրքը Երևանի հասարակական կյանքում: 1863 թ. հունվարից Երևանի նահանգապետի թույլտվությամբ գրադարանը դարձավ հանրային՝ իր դռները բացելով հանրության առջև: Ընթերցողը գրադարանից գիրք վերցնելու համար պետք է վճարեր 50 կոպեկ: Այդ գումարն օգտագործվում էր նոր գրքեր ձեռք բերելու նպատակով: Գիրքը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավորվում էր վճարել գրքի արժեքը:
📜1924 թ. Հանրային գրադարանի և գրապալատի վարիչ Երվանդ Թաղիանոսյանը,ստուգելով և համեմատելով գիմնազիայի գրադարանի նախկին գրացուցակները, պարզում է, որ գրացուցակում եղած 18.000 միավոր գրականության կեսը, գրադարանի տեղից տեղ փոխադրվելու ընթացքում մնացել է գիմնազիայի շենքում: Թաղիանոսյանը գրում է Լուսժողկոմատի կազմկենտրոնին, որ բոլոր գրքերը պետք է փոխադրել Հանրային գրադարան: Գրքերի հետագա ճակատագիրը պարզված չէ:
📚📓📔Այժմ Հայաստանի ազգային գրադարանի Նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնում պահպանվող 30 հավաքածուներում իր ուրույն տեղն ունի Երևանի Արական գիմնազիայի հավաքածուն, որը կազմում է 13.095 միավոր գրականություն:

Вернутся »