Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի անցկացման մասին

2022թ. սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովը, որը նվիրված էր հայ գրատպության 510-ամյակին։

Գիտաժողովի բացման նիստն սկսվեց «Արար» երգչախմբի կատարումով (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ու խմբավար՝ Գոռ Մելքումյան)։ Գիտաժողովի մասնակիցներին հայրապետական օրհնություն էր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը։ Ապա ողջույնի խոսք ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։ Գիտաժողովի բացման խոսքում գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը արժևորեց գրադարանների դերը մշակութային ժառանգության պահպանության գործում և երախտիքի խոսք հայտնեց անցյալի և ներկայի հայ գրադարանային գործիչներին։

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 16 երկրների ավելի քան 160 ներկայացուցիչներ։ Գիտաժողովի մասնակիցները անդրադարձան գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։ Սեպտեմբերի 29-ին բացման լիագումար նիստում առցանց ելույթ ունեցավ «Ինտերնետ արխիվ»-ի հիմնադիր Բրյուստեր Քեյլը։ Գիտաժողովի բացման նիստում ելույթ ունեցավ նաև «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել էին «Հայկական հավաքածուները աշխարհի գրադարաններում», «Թվային բովանդակության կառավարում», «Սփյուռքի տպագիր ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Թվային XXI դար. մարտահրավերներ», «Ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Ազգային տպագիր ժառանգության պահպանություն. պարտադիր օրինակ։ ԱՊՀ երկրների ազգային գրադարանների փորձը», «Ընթերցանության խթանում», «Գրադարանային կառավարում և ծառայություններ», «Գիտելիքի կառավարում. հանրահասանելի գիտություն», «Մատենագիտություն» և այլ թեմատիկ ուղղություններով։

Մոտ երեք տասնյակ հայկական գրադարան և կազմակերպություն, տասնյակ ազգային և համալսարանական գրադարաններ աշխարհի տարբեր երկրներից մասնակցեցին գիտաժողովին, ինչպես նաև «Էրազմուս+«Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում. Միներվա»» ծրագրի ներկայացուցիչները։ Գիտաժողովի առաջին օրը Հայաստանի ազգային գրադարանը փոխըմբռնման և համագործակցության հուշագրեր ստորագրեց Ռուսաստանի պետական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական հանրային գիտատեխնիկական և Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան պետական, ինչպես նաև Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային գրադարանների հետ։

Գիտաժողովի նպատակն էր Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերի ընդլայնումը, միջազգային գրադարանային-տեղեկատվական փորձի ներդրումը, հայ գրատպության 510-ամյակի հանրահռչակումը և ԱՊՀ երկրների գրադարանների միջև փոխադարձ կապերի ամրապնդումը։

Вернутся »