Օтдел комплектования

Հայաստանի Ազգային Գրադարանը 1919 թվականին համալրելով Արական գիմնազիայի բազային գրքային ունեցվածքը, ստացավ Պետական հանրային մատենադարան-գրադարանի կարգավիճակ, այնուհետև՝ խորհրդային բուռն զարգացման տարիներին ընդլայնվեց ու հաստատվեց, հաջորդեցին անկախության տարիները՝ նոր մոտեցումներով, նոր խնդիրներով, նոր հրամայականներով և դրանց լուծման նորանոր եղանակներով: Իր անցած երկար ու դժվարին ճանապարհին անընդհատ համալրվելով ձևավորվեց, ընդլայնվեց, դարձավ գրադարանագիտական, մատենագիտական մեթոդական կենտրոն:

Դիմակայելով դժվար ժամանակներին և անցնելով երկար ուղի, համալրման աշխատանքների շնորհիվ այժմ Հայաստանի ազգային գրադարանն ունի շուրջ 6,5 միլիոն գրականություն, որն արժևորվում է որպես ազգային ու համաշխարհային տպագիր ժառանգության շտեմարան, ծառայում է հայրենական կրթությանը, գիտությանը, գրականությանը, մշակույթին, կիրթ և գրագետ հասարակության ձևավորմանը:

Այսօրվա հրամայականն է դարձել մշակութային հայամետ քաղաքականությունը, որն իրականացնում է ազգային գրադարանը՝ համալրելով հավաքածուները հայերեն և օտարալեզու գրականությամբ: Հայագիտական գրականությամբ համալրման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ սկսած 1990-ական թվականներից դարակազմիկ աշխարհաքաղաքական ու սոցիալ-տնտեսական փոփոխությունների արդյունքում արհրաժեշտություն է հայագիտությունը հայության ազգային, պետական և մշակութային անվտանգության գործոն դարձնելը, հայ ազգային, քաղաքական, մշակութային նկարագիր ունենալը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը, Հայրենիքի սահմանների և երկրի ներքին քաղաքական կայունության պահպանությունը, ինչպես նաև ազգային ինքնագնահատականի բարձրացումը:

Գրադարանի աշխատանքները սկիզբ են առնում Համալրման բաժնից՝ տարեկան ստացումները հասցնելով մինչև 35.000-40.000 միավոր գրականության, ապահովելով հավաքածուների շարունակական համալրման գործընթացը:

Բաժնի աշխատանքների շնորհիվ ձեռք է բերվում գիտական, պատմական, գեղարվեստական և տեղեկատվական նշանակություն ունեցող գրականություն և տեղեկույթի այլ կրիչներ, ինչպես նաև նշանավոր անհատների հավաքածուներ:

Գրականությունն ու նյութական այլ կրիչները ստացվում են.

  1. պարտադիր անվճար օրինակների ստացումով` 2005թ. հոկտեմբերի 4- ին ընդունված ՀՀ «Փաստաթղթերի /վավերագրերի/ պարտադիր օրինակի մասին» N 1316 օրենքի համաձայն, ըստ որի՝ տպագիր արտադրանք պատրաստողներն իրենց հրատարակած գրքերի, պարբերական նյութերի, փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների բոլոր տեսակի առաջին խմբաքանակից /անկախ քանակից/ պարտավոր են Հայաստանի Ազգային գրադարանին հատկացնել երկու պարտադիր անվճար օրինակ /Հոդված 8/,
  2. հայրենական և արտասահմանյան անհատների և կազմակերպությունների կողմից ստացված նվիրատվություններով,
  3. գնումներով և բաժանորդագրությամբ, հիմք՝ «Կանոնակարգ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրքային և ոչ գրքային հրատարակությունների համալրման» և «Հայեցակարգ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուի հայագիտական գրականության համալրման» վերաբերյալ ընդունված կարգերը,
  4. տեղական և միջազգային գրքափոխանակությամբ,
  5. ՀԱԳ հրատարակություններով:

Բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներն են`

  1. Գրքային և այլ կրիչներով հրատարակությունների ստացման ենթաբաժին
  2. Պարբերական մամուլի ստացման ենթաբաժին
  3. Հաշվառման ենթաբաժին
  4. Պահուստային գրականության ենթաբաժին

Համալրման բաժինը վարում է այբբենական, հրատարակչությունների, մեկ օրինակ գրքերի, ցանկալի գրքերի ձեռքբերման, ընթացիկ մամուլի, բաժանորդագրվող մամուլի, մարզային լրագրերի, սփյուռքահայ մամուլի, օտարալեզու մամուլի քարտարաններ, ինչպես նաև այստեղ են կենտրոնացված գրադարան մուտք գործած գրականության հաշվառման, գրանցման և համապատասխան հավաքածուներ առաքելու աշխատանքները: Բնականաբար, համապատասխան մատյաններում կատարվում է գրականության հաշվառում ըստ արժեքի, միավորի, տեսակի, բնագավառի, լեզվի և չափսահամարի: Իսկ բաժնում գործող Պահուստային հավաքածուն կազմում է շուրջ 118.000 միավոր գրականություն:

Համալրման բաժինը համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում հրատարակչական գործունեություն ծավալող բոլոր հաստատությունների, այնպես էլ սփյուռքի այն հրատարակչությունների, խմբագրությունների և տարբեր երկրների դեսպանատների հետ, որոնք հիմնականում հրատարակում են հայագիտական նյութեր:

Սերտ կապեր են պահպանվում նաև սփյուռքահայ անհատ նվիրատուների և կազմակերպությունների հետ, որոնց թվում են Վարդան Գրիգորյանը, Հրաչ Զադոյանը, Ջիա Այվազյանը, Հովսեփ Նալբանդյանը, Պիտեր Քաուին, Արա Ղազարյանցը, Զավեն Մսըրլյանը, Թորոս Թորանյանը, Ավո Հովհաննիսյանը, Սուրեն Բայրամյանը, Ժիրայր Դանիելյանը, Հայր Ժիրայր Թաշճյանը, Վարուժան Ոսկանյանը, Ահարոն Մելքոնյանը, Լիբանանի հայ համայնքը, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը, ԱՄՆ Արևելյան թեմը, Սիվիլիթաս հիմնադրամը, Ռումինահայ միությունը և այլն:

Զուգակցելով աշխատանքի ավանդական և նոր մեթոդները, օգտագործելով նաև էլեկտրոնային ռեսուրսներ, բաժինը շարունակում է իրագործել հավաքածուների համալրումը:

Հասցե` Երևան 0009, Տերյան 72
Հայաստանի Ազգային գրադարան, 1-ին հարկ
Հեռախոս` 060-62-35-16(1); 010-56-67-74
Էլեկտրոնային հասցե` [email protected], [email protected]