ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից: Աշխարհի ավելի քան 160 երկրներում ճանաչված գրքի միջազգային ստանդարտ համարը հակիրճ, մատչելի և մեքենայաընթեռնելի նույնականացուցիչ է: ISBN նշանակվում է հանրությանը հասանելի վճարովի կամ անվճար առանձին հրատարակություններին և նմանատիպ արտադրանքի որոշակի տեսակներին: Բացի այդ, հրատարակությունների առանձին մասեր (օրինակ` գլուխներ կամ հոդվածներ, որոնք հասու են առանձին) նույնպես կարող են ունենալ ISBN՝ որպես նույնականացուցիչ: ISBN տրվում է գրքերին, գրքույկներին, բրայլյան հրատարակություններին, ուսուցողական հրատարակություններին` տեսաժապավենի և սլայդի տեսքով, էլեկտրոնային հրատարակություններին, ինտերնետային հրատարակումներին, միկրոհրատարակություններին, ուսուցողական կամ ուղեցուցային համակարգչային ծրագրերին, համակցված հրատարակություններին, որտեղ գլխավոր բաղադրիչը տեքստն է: ISBN չեն ստանում շարունակական բնույթ ունեցող հրապարակումները, որոնք դիտվում են որպես մատենագիտական միավորներ (առանձին թողարկումները կարող են հավակնել ISBN-ի), մտավոր և արվեստին վերաբերող բովանդակությամբ վերացական նյութերը, կարճաժամկետ նշանակությամբ տպված նյութերը, ինչպես օրինակ գովազդային և այլն, տպագրված երաժշտական ստեղծագործությունները, արվեստի տպագրված նմուշները և չկազմված բրոշյուրները` առանց տիտղոսաթերթի և տեքստի, անձնական փաստաթղթերը (օրինակ` ինքնակենսագրություն), շնորհավորական բացիկները, երաժշտական ձայնագրությունները, ուսուցողական կամ ուղեցուցային նպատակներից զատ այլ համակարգչային ծրագրերը, էլեկտրոնային բյուլետենները, էլեկտրոնային նամակները և այլն: