
Օգոստոսի 16-19-ը Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է «ԵՏՀ՝ 10 տարի Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների համար» լուսանկարչական ցուցահանդես։
Ցուցահանդեսը պատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։ Եզակի լուսանկարները պատմում են ԵԱՏՄ կայացման և զարգացման մասին։ Ցուցահանդեսը ներառում է Միության երկրների պետությունների կառավարությունների ղեկավարների և պաշտոնատար անձանց լուսանկարներ: Այստեղ ներկայացված են նաև ԵՏՀ գործունեության աշխատանքային պահերը՝ լուսանկարներ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԵՏՀ Խորհրդի և ԵՏՀ Կոլեգիայի անցած տասնամյակի նիստերից:
Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվել է նախ Բիշքեկի «Շերատոն» և «Օրիոն» հյուրանոցներում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Համաժողովի ավարտին ցուցահանդեսը ներկայացվել է նաև եվրասիական «հնգյակի» երկրների Ազգային գրադարաններում:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին: 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին: 2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պայմանագիր է ստորագրվել՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին Ղրղզական Հանրապետության միանալու մասին (Ղրղզստանը ԵԱՏՄ անդամ է հանդիսանում 2015թ. օգոստոսի 12-ից): ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով: ԵԱՏՄ-ում ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև՝ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության ոլորտներում՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթներին համապատասխան: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: 2016թ. մայիսի 31-ին Աստանայում տեղի է ունեցել ԵՏԲԽ հերթական նիստը, որի աշխատանքին մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Սարգսյանը: Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհուրդը մարմին է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: 2016թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայում անցկացվել է Միջկառավարական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միության մշտական գործող վերազգային կարգավորող մարմինն է, որը ձևավորում են Հանձնաժողովի խորհուրդն ու Հանձնաժողովի կոլեգիան: Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միության գործունեության և զարգացման պայմանների ապահովումը, ինչպես նաև՝ միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ոլորտում առաջարկների մշակումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: ԵՏՀ կոլեգիան բաղկացած է 10 անդամից (կոլեգիայի 2-ական անդամ (նախարար) յուրաքանչյուր մասնակից երկրից), որոնցից մեկը հանդիսանում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Կոլեգիայի նախագահը և կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ: Կոլեգիան որոշումներ է կայացնում քվեարկության միջոցով: ԵՏՀ գործունեությունը համակարգված է ֆունկցիոնալ ուղղություններով, որոնք ղեկավարվում եմ կոլեգիայի անդամների կողմից: Յուրաքանչյուր ուղղություն տնտեսական գործունեության ոլորտների և բնագավառների բլոկ է ներկայացնում: ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատավորի լիազորությունների ժամկետը ինը տարի է: Դատավորները նշանակվում են պաշտոնի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ: Միության դատարանը տեղակայված է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում: Նախագահությունը Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում (փոխվարչապետերի մակարդակ) իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։ 2016թ. ԵԱՏՄ նախագահությունն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության կողմից: ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ միությանը իրավունք է վերապահված իր իրավասությունների շրջանակում իրականացնել միջազգային գործունեություն՝ ուղղված միության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միությունների հետ միջազգային համագործակցության իրականացման կարգը հաստատված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդի 2014թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ: 2015թ. մայիսի 29-ին ԵԱՏՄ ու իր անդամ-երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Տվյալ համաձայնագիրը ԵԱՏՄ և երրորդ կողմի միջև ազատ առևտրի գոտու մասին առաջին միջազգային փաստաթուղթն է: Ներկայումս արդեն ստորագրված են կամ ուսումնասիրման փուլում են գտնվում երրորդ երկրների և/կամ նրանց իրավասու մարմինների հետ փոխգործակցության համապատասխան հուշագրեր: Միասնական տնտեսական տարածքը անդամ երկրներին հնարավորություն է ընձեռում համակարգել տնտեսական քաղաքականությունն առանցքային բնագավառներում: ՄՏՏ ձևավորման հիմնական բաղադրիչներից մեկը ներքին շուկայի գործունեությունն է, որի շրջանակներում անդամ-երկրների ապրանքների փոխադարձ առևտրում չեն կիրառվում ներմուծման և արտահանման մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված դեպքերի։ ԵԱՏՄ-ում իրականացվում է մակրոտնտեսական համաձայնեցված քաղաքականություն, որի վարման հիմնական ուղղություններն են. միության անդամերկրների տնտեսությունների գործունեության նույնական սկզբունքների ձևավորումը, տնտեսությունների արդյունավետ փոխգործակցության ապահովումը, ինչպես նաև կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման տեսության համար միասնական սկզբունքների և ուղղությունների մշակումը: