Հայաստանի ազգային գրադարանը տարիների ընթացքում հավաքում և պահպանում է աշխարհով մեկ սփռված գրականությունը՝ իր շտեմարանները (ֆոնդեր) համալրելով հայերեն և օտարալեզու մեծաքանակ հավաքածուներով: Այն հայ տպագիր արտադրանքի ամենախոշոր պահոցն է աշխարհում, որտեղ պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794 թ.), առաջին տպագիր քարտեզները՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695 թ.) և «Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին եւ նոր աշխարհագրացը» (Վենետիկ, 1751 թ.)…
Գլխավոր գրապահոցը Հայաստանի ազգային գրադարանի ամենամեծ ֆոնդապահ բաժինն է, որն իրականացնում է ֆոնդերի պահպանման և սպասարկման համալիր աշխատանքները: Գրապահոցում են պահպանվում գրքեր, լրագրեր, հանդեսներ, մանրաժապավեններ, սեղմագրեր՝ ոչ միայն հայերեն, այլև աշխարհի շուրջ 70 լեզուներով: Բաժնի ֆոնդը միատարր չէ: Այն բազմաճյուղ է՝ ըստ բովանդակության, բազմատիպ է՝ ըստ հրատարակչական ձևերի, սահմանափակված չէ աշխարհագրական, լեզվական կամ ժամանակագրական որևէ շրջանով:
Գլխավոր գրապահոցի հավաքածուները ձևավորվել են տասնամյակների ընթացքում՝ անհատների, հաստատությունների, կազմակերպությունների, նվիրատվությունների, գնումների, անվճար պարտադիր օրինակների ձեռքբերման, ինչպես նաև Ազգային գրադարանի և այլ գրադարանների միջև գրքափոխանակության շնորհիվ:
Գլխավոր գրապահոցի հավաքածուն 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 6.064.577 միավոր, ինչը դեռ ստուգման և վերահաշվառման գործընթացում է:
Բաժինը ներառում է կառուցվածքային չորս ստորաբաժանումներ՝ հայերեն գրականության, ռուսերեն գրականության, օտարալեզու գրականության և մամուլի ենթաբաժիններ:
Հայերեն գրականության ենթաբաժնում պահպանվում է գիտության, մշակույթի և տեխնիկայի վերաբերյալ հայերեն գրականությունը: Ֆոնդն ամբողջությամբ վերահաշվառվել և մուտքագրվել է Հայաստանի գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակ՝ «ԿՈՀԱ» ծրագրով և կազմում է 340.199 միավոր: Ռուսերեն և օտարալեզու գրքերի մուտքագրման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: 2013 թվականից գրադարանում գրքերը մշակվում են ըստ I, II, III, IV չափսանիշի (ֆորմատ) և գրադարակների վրա դասավորվում են խիստ հաջորդականությամբ:
Մեծ է հայ պարբերական մամուլի դերը մեր կյանքում: Հայ մամուլը 226 տարվա պատմություն ունի, որն արտացոլել է հայ ժողովրդի պատմական ուղին, հասարակական մտքի զարգացումը: Այն մեր ժողովրդի մտավոր և հասարակական կյանքի բոլոր փուլերն ու հրապարակախոսության անցած ուղիներն արտացոլող նյութերի բազմահարուստ շտեմարանն է:
Ազգային գրադարանն ունի հայերեն, ռուսերեն և օտարալեզու պարբերական հրատարակությունների հարուստ հավաքածուներ, որոնց մեծ մասը գտնվում է Գլխավոր գրապահոցում:
Ամբողջությամբ ավարտվել են հայերեն հավաքածուների վերահաշվառման աշխատանքները: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմում է 623.893 միավոր:
2019 թ. բաժնի հավաքածուները համալրվել են 26.913 միավոր գրականությամբ: 2019 թ. բաժին մուտք են գործել շուրջ 67.000 պատվիրաթերթիկներ, որոնց 99.7 տոկոսը բավարարվել է: Պատվիրաթերթիկների սպասարկումը կատարվում է մեկ ժամվա ընթացքում:
Գրադարանի հարուստ և բազմաբովանդակ գրական-մշակութային ժառանգությունը բացահայտվում է նաև ցուցահանդեսների միջոցով: Ցուցադրվող գրականության մեծ մասը տրամադրում է Գլխավոր գրապահոցը: