Հայաստանի ազգային գրադարանի մանրաժապավենները

Մանրաժապավենը – միկրոֆիլմը դա   գրքի, թերթի, գրադարանային կատալոգի և այլ առարկաների մանրադիր լուսապատճեն ֆիլմն է՝ մանրալուսանկարը, (ձեռագրի և այլն ֆոտոժապավենի վրա հանված խիստ փոքր չափսի պատճեն): Մանրաժապավենի առավելություններն են փաստաթղթերի պահպանման տարածքը սահմանափակելու և նման փաստաթղթերի արտադրության ծախսերը նվազեցնելու հնարավորությունը: Սա փաստաթղթերի պահպանման ձևաչափ է, որը սովորաբար օգտագործվում է գիտության և հետազոտության մեջ՝ համապատասխան տեղեկատվությունը պահելու համար՝ առանց սկավառակի մեծ տարածություն սպառելու:

Աշխարհի տարբեր երկրների խոշոր գրադարաններում թղթային հավաքածուներից բացի պահպանվում են նաև ոչ թղթային կրիչներ, որոնց թվին են պատկանում մանրաժապավենները:  Օր.  ԱՄՆ Կոնգրեսի գրադարան,  Նորվեգիայի ազգային գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Վրաստանի գիտական ազգային գրադարան, որտեղ պահպանվում են վրացական ձեռաագրերի միկրոֆիլմերի հավաքածու:  ՀՀ –ում մանրաժապավենները առկա են Հայաստանի ազգային, Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարաններում:

Հայաստանի ազգային գրադարանում պահպանվում է շուրջ  4500 միավոր մանրաժապավեն, գիրք և մամուլ, որոնց գերակշռող մասը հայերեն է: Դրանցից մի մասը գտնվում է գրադարանի գլխավոր գրապահոցում և հասանելի է ընթերցողին: Գրադարանը ունի մանրաժապավենը կարդացող սարք, որի միջոցով հնարավոր է կարդալ ցանկացած մանրաժապավեն:

Մանրաժապավենների մի մասը գտնվում է անձեռնմխելի գրականության բաժնում: Ազգային գրադարանը դրանք ստացել է դեռևս 1980-ական թվականներին արտասահմանյան տարբեր երկրներից, սփյուռքահայերից հայկական համայնքներից և գրադարաններից:  Հայերեն հնատիպ գրքերի մանրաժապավենները ստացվել են «Հայ հնատիպ գրքի մատենագիտություն»-ը կազմելու ընթացքում: Գրադարանի հայերեն հնատիպ 1512-1800թթ. մանրաժապավենների   քանակը կազմում է  160 միավոր,  դրանցում առկա են նաև որոշ գրքերի տիտղոսաթերթեր և առանձին էջեր, իսկ 1801-1850թթ-ը՝  70 միավոր, սրանցից  176 միավորի  թվային պատճենները հասանելի են ազգային գրադարանի կայք էջի  «ՀԱՅ ԳԻՐՔ» շտեմարանում: Մնացած բացակա միավորների համար  աշխատանքներ են տարվում  արտերկրի տարբեր գրադարաններից/ Անգլիա,  Բրիտանական գրադարան, ՌԴ ազգային  և պետական գրադարան, ֆրանսիա ազգային և Նուպարյան մատենադարանի գրադարաններ և այլն/ ձեռք բերելու թվային պատճենները,  հանրությանը հասանելի դարձնելու և հայ հնատիպ գիրքը ամբողջացնելու ուղղությամբ:

Բացի դրանից Հայաստանի ազգային գրադարանը այժմ Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համատեղ կատարում է նաև բացակա մանրաժապավենների   թվայնացման գորժընթացը:  Դրանցից կարող եքն առանձնացնել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի երկրորդ տարբերակը, որի մասին քչերը գիտեն:

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել 1666-1668 թթ.՝ Ամստերդամում, «Ս. Էջմիածին և Ս. Սարգիս Զորավար» տպարանում՝  Ոսկան Երևանցու ջանքերի շնորհիվ: Տպագիր Աստվածաշունչը հայ հնատիպ գրքերի մեջ առաջինն էր իր մեծաքանակ տպագրությամբ, որակական հատկանիշներով և, իհարկե, գեղարվեստական պատկերներով:  Հայ տպագրության մեջ բեկումնային իրադարձություն էր հայերեն Աստվածաշնչի առաջին հրատարակությունը,  որը հայ գրատպությունը բարձրացրեց համաշխարհային մակարդակի: Հայ իրականության մեջ առաջին անգամ փորձ արվեց ամբողջական կերպով տպագրության պատրաստել Աստվածաշունչ  մատյանը,  որը երկարատև և բարդ մի գործընթաց էր ոչ միայն տպագրական գործի առումով, այլև պատրաստի բնագիր ունենալու տեսանկյունից: Դյուրին չէր հեռավոր օտար ափերում` Ամստերդամում, հիմնել հայկական տպարան՝ նախաձեռնելով հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որն իրավամբ համարվում է հայ հին տպագրության գլուխգործոցներից  մեկը: Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուում պահպանվում է  նշված  Աստվածաշնչից  12 միավոր, որը  հասանելի է ազգային գրադարանի շտեմարանում:

http://haygirk.nla.am/upload/1512-1940/1512-1800/astvacashunch.pdf

Ինչպես վերը նշեցինք Հայ հնատիպ գրքի մատենագիտության աշխատանքները կազմելու ընթացքում տարբեր երկրներից գրադարանը ստացել է նաև հնատիպ գրքերի մանրաժապավեններ: Մի շարք մանրաժապավեններ ստացվել են Զավեն Պտուկյանից, որոնց մեջ առկա է Ամստերդամում տպագրված 1666 թ. Աստվածաշունչ: Այդ մանրաժապավենը ուսումնասիելուց և համեմատելուց հետո պարզվել է՝

«ԾԱՆՈԹ.» Ոսկանյան Աստվածաշնչի մանրաժապավենի շնորհիվ պարզվել է, որ այդ օրինակի մեջ Նոր Կտակարանը 26 էջով պակաս է, այսինքն՝ ոչ թե 834 էջ է, ինչպես նշված է ներկա նկարագրության մեջ, այլ 808 էջ: Համեմատությունից պարզվեց, որ մանրաժապավենի օրինակում բացակայում են «Աղօթք Մանասէի արքայի Յուդայի» և  «Գիրք Եզրասայ չորրորդ» մասերը, որոնք մեզ հայտնի օրինակներում գտնվում են 719-744 էջերում: Որոշ տարբերություն կա նաև հիշատակարանում (ավելի մանրասմասն տես՝ Ք. Կորկոտյան, Ն. Ոսկանյան։ «Հայրեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը եւ նրա տարբերակը»:-«Էջմիածին», 1966, N ԺԱ-ԺԲ, էջ 168-175):

Ահա այս երկրորդ տարբերակը, որը համարվում է առանձին տպագրություն  և ունի բացառիկ նշանակություն կարծում եմ շուտով կկարողանանք   այն վերածել  թվային տարբերակի և ներկայացնել հանրությանը, որը կհետաքրքրի  հատկապես  ուսումնասիրողներին:

[1] Տե՛ս  Հայ գիրքը 1512-1800 թվականներին : Հայ հնատիպ գրքի մատենագիտություն = The Armenian book in 1512-1800 : The old-print books (bibliography) = Армянская книга в 1512-1800 гг.: Старопечатная книга / Ն.Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան; Խմբագիր՝ Ռ.Ա. Իշխանյան. – Երևան : Ալ. Մյասնիկյանի անվան ՀՍՍՀ պետական գրադարան, 1988. – 864 էջ : դիմանկար ; 30 սմ. – Հատոր Ա . – Հայ գրքի մատենագիտություն Հատոր Ա ., էջ 44, համ.58։

Նյութի հեղինակ՝ ՀԱԳ ԱՆձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյան

Go back »