1 ՀՈՒՆԻՍԻ

Այսօր՝ հունիսի  1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որը խորհրդանշում է անհոգ և ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով:

Ինչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար… երգ, պար, խաղեր, վառ գույներ և անկեղծ ժպիտներ:

Այսօր, Հայաստանի ազգային գրադարանում տրամադրությունը  նույնպես տոնական էր: Գրադարանը հյուրընկալել էր «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի փոքրիկ սաներին: Գունեղ հագուստներ, գեղեցիկ կատարումներ և բարձր տրամադրություն: Հանդիսատեսը արցախցի փոքրիկներն էին,  Ազգային գրադարանի աշխատակիցների երեխաները և Խ.Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները:

Մոլորակցիները կատարեցին «Երգչուհի»,  «Սուպեր բոյ»,  «Թագուհի»,  «Տատիկ»,  «Թիթիզ»,  «Ուսուցչուհի»,   «Երևան»,  «Մայրիկն ու հայրենիքը»,  «Հեքիաթների գիրք», «Ծաղրածու»,  «Մուլտերի աշխարհում»,  «Արևիկ»,  «Չարաճճի»,  «Ձեռքդ տուր» , և այլ հեղինակային երգեր, որոնց հեղինակը «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի գեղարվեստական ղեկավար  Զառա Սարիբեկյանն է: Ի դեպ, շուտով լույս կտեսնի Զառա Սարիբեկյանի մանկական երգերի ժողովածուն:

«Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի հիմնադիրն է Անուշ Խաչատրյանը

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Վերադառնալ »