
2022թ. հուլիսի 5-7-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Տեղեկատվություն բոլորի համար» միջկառավարական ծրագրի ռուսական կոմիտեի նախաձեռնությամբ կայացավ «Մայրենի լեզուների համաշխարհային գանձարան. բնիկ ժողովուրդների լեզուների պահպանման համատեքստ, քաղաքականություն և փորձառություն» խորագրով գիտաժողովը։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը գիտաժողովին մասնակցեց «Հայերեն տեքստի նիշերի օպտիկական ճանաչման ժամանակակից տեխնոլոգիաները՝ որպես հայերենը կիբերտարածություն ինտեգրելու միջոց» թեմայով զեկույցով։
«Մայրենի լեզուների համաշխարհային գանձարան. բնիկ ժողովուրդների լեզուների պահպանման համատեքստ, քաղաքականություն և փորձառություն (Всемирная сокровищница родных языков: оберегать и лелеять. Контекст, политика и практика”) գիտաժողովը հիմնված էր թվային աշխարհում մշակութային և լեզվական բազմազանության կարևորության ճանաչման վրա: Այն անդրադառնում էր լեզվական, մշակութային բազմազանությանն աջակցությանն ու զարգացմանն ուղղված գործունեության քաղաքական, մշակութային, սոցիալական, էթիկական և տեխնոլոգիական ասպեկտներին: Գիտաժողովին մասնակցության նպատակն էր ընդգծել ոլորտում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կարևորությունը, հայերենի կիրառելիությունը հետազոտություններ իրականացնելիս։
Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց երեք հիմնական թեմաների՝
- կիբերտարածությունում լեզվի պահպանման և խթանման գործիքներ
- լեզվական և մշակութային բազմազանությունը խթանելու ինստիտուտներ
- ինչպե՞ս ստեղծել դրական միջավայր կիբերտարածությունում լեզվական և մշակութային բազմազանության խթանման համար
Աշխատանքային հանդիպումներ են կայացել գիտության, մշակույթի, կրթության, հաղորդակցության և տեղեկատվական ոլորտների մասնագետների, հետազոտողների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, կրթության զարգացման ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև մեդիա ծրագրերի ղեկավարների հետ։ Գիտաժողովի առանցքային խնդիրներն էին լեզուների կիբերտարածությունում ճանաչմանն ու պահպանմանն ուղղված քաղաքականության ստեղծումն ու իրականացումը, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված ձևաչափերի փորձառության բացահայտումը:
Գիտաժողովը նպատակ ուներ անդրադառնալ լեզվական և մշակութային բազմազանության պահպանման կարևորագույն խնդրին՝ տեղայնացնելով միջազգայնորեն կիրառելի բոլոր հնարավորությունները։