
Մանկական գրքի միջազգային օրվա առթիվ ապրիլի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Մանկական գրքի պատկերազարդման հայկական արվեստը» խորագրով ցուցահանդես։
Ցուցահանդեսում ներկայացված էին 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը հրատարակված նկարազարդ գրքեր` Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Ռուխկյանի, Գրիգոր Խանջյանի, Պերճ Սարկիսյանի և այլոց նկարազարդումներով։
«Փոքրիկ աղջիկ մը կար, որ կը բնակէր մեծ անտառի մուտքը գտնուող համեստ տնակի մը մէջ… Ո՜հ, որքա՜ն սիրուն էր այս փոքրիկ աղջիկը, չէք կրնար երեւակայել թէ ինչպե՜ս սիրուն էր ան… Եւ որովհետու գլխանոցը կարմիր էր եւ փոքրիկը միշտ զայն կը դնէր, զինք անուանած էին Փոքրիկ Կարմիր Գլխանոցաւոր…»:
Հատվածը Շառլ Պերրոյի՝ մեզ հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթից է: «Կարմիր Գլխանոցաւորը» այսպես է վերնագրված եղել 1926 թվականին «ԳԱՐՈՒՆ» մանկական մատենաշարով Գ.Աթանեսյանի աջակցությամբ տպագրված գրքույկը: Հայաստանի ազգային գրադարանի փոքր ցուցասրահի ցուցափեղում շարված են 1891 թվականին Թիֆլիսում տպագրված Գի Դը-Մոպասանի «Գիիղական աղքատ», 1948 թվականին հրատարակված Շառլ Պերրոյի «Կոշկավոր կատուն» հեքիաթների թարգմանությունները: Ուշագրավ հրատարակություններից կարելի է առանձնացնել նաեւ Ֆօժէր օրիորդի Գաղղիացւոյի «Խորհրդաւոր բերդը» վիպասանությունը, որը Զբօսարան մանկանց մատենաշարի 2-րդ համարն է: Այն տպագրվել է 1960 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար տպարանում:
Ցուցափեղկերում տեղ են գտել նաև հայերեն մանկական պարբերականներ՝ «Պատանեկան արձագանք», «Ծիծեռնակ», «Կարմիր ծիլեր», «Լուսաբեր», «Աղբյուր» և այլ հետաքրքիր ամսագրեր, որոնք լույս են տեսել դեռևա 1883 թվականից:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ։
Մանկական գրքի միջազգային օր նշվում է ապրիլի 2-ին՝ մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը։