Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Արամ Մանուկյանը ընթերցեց Հայաստանի Անկախության հռչակագիր։
30 տարի անց Անկախության հռչակագրի մասին Ազգային գրադարանում խոսեց հենց ինքը՝ Արամ Մանուկյանը։

-Հայաստանի նորագույն պատմության մեջ Անկախության հռչակագիրը անվիճարկելի բարձրակետ է, և չկա մեկ այլ փաստաթուղթ, որ համարժեք լինի դրան իր նշանակությամբ։ Հետադարձ հայացքով ավելի հեշտ է արժևորել հռչակագրի նշանակությունը։ 1990-ի ամռանն ընտրվեց Գերագույն խորհուրդը։ Համընդհանուր ոգևորության մթնոլորտ էր տիրում և այս իրավիճակում օբյեկտիվորեն դժվար էր լուրջ, իրատեսական փաստաթուղթ մշակելը։
Անկախության հանրաքվեի իրավաբանական կարգավիճակը ավելի բարձր է, քանի որ այն համաժողովրդական «այո»-ի արդյունք է։ Ասեմ նաև, որ ճիշտ չեմ համարում այն պնդումը, թե անկախությունը մենք ձեռք չենք բերել, այլ այն մեզ նվիրվել է։ Անկախության համար ամենաշատը Հայաստանն է պայքարել։ Սա լուրջ և զոհողություններով ձեռք բերված արժեք է։ Գնահատենք այն։

Հանդիպմանը Արամ Մանուկյանը ներկայացրեց նոր հրատարակված իր 4 գրքերը՝ «Մարտի 1-ի ոճրագործությունը», ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորման և Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին նվիրված «Անկախությունը և ազատական բարեփոխումները» հոդվածների ժողովածուի երկհատորյակը , ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուն։ Գրքերը տպագրվել են «Անտարես» հրատարակչությունում, Ֆրիդրիկ Նաոմանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։
🗂Ի դեպ, «Անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատորյակը և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուն հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում։ ⤵️ https://is.gd/es38Oshttps://is.gd/baqcYvhttps://is.gd/wW968l

Պարոն Մանուկյանը Ազգային գրադարանին նվիրեց իր մակագրությամբ Անկախության հռչակագրից օրինակ և բացառիկ, 1990 թվականի Հայաստանի անկախության համար անցկացվող հանրաքվեի ընտրաթերթիկից մեկ օրինակ։
Միջոցառման մասնակիցները ևս Արամ Մանուկյանի մակագրությամբ հռչակագրից կրկնօրինակներ նվեր ստացան։

Վերադառնալ »