2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը:
Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում:
Գրի ակունքները սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:
Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը:
Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.):
Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը:
Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ:
Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը:
Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր: