Գրատպության թանգարան

Հայ ժողովրդի պատմության քառուղիներում գիրքն ու գրատպությունը դարձել են ազգափրկիչ օղակներ սերունդներին փոխանցելով պատմական փաստերն ու գիտական ձեռքբերումները: Տպագրության պատմությունն անցել է զարգացման տարբեր փուլերով հնարավորություն ընձեռելով հաջորդ սերունդներին կատարելագործելու տպագրության արվեստը:

2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և տոնվեց հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը: Հանրությանը գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար Հայաստանի ազգային գրադարանում, որը համարվում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը, ստեղծվել է թանգարանը:

Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում:

Գրի ակունքները սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:

Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը:

Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.):

Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը:

Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ:

Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը:

Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր: