«Օրորներ» գրքի շնորհանդեսը

Դահլիճում կանայք են, ու բոլորը երգում են.

Օրոր ասեմ, քունը տանի
Չար կամարը ճուրը տանի…

Ճանաչված ֆոլկ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը խմբավարը:

«Մենք բախտավոր ենք, որ տարիներ շարունակ մեր օրորոցայինները բանավոր կերպով փոխանցվել են այնքան, մինչեւ ստացել են նոտագրված եւ գրավոր տեսք: Ես մտածում եմ, որ ես իրավունք էլ չունեմ այն ամենը ինչ գիտեմ եւ սիրով կատարում եմ, պահեմ իմ մեջ, որովհետեւ շատ հաճելի զգացողություն է, որ ժողովրդից եկածը նորովի վերադարձնում ես ժողովրդին: Թեկուզ եւ դա մեկ երկու հոգու սրտին դիպչի, թեկուզ մեկ հոգու առավոտը նորովի եւ ուրախ բացվի, դա կլինի մեր արձանագրված հաջողությունը»,- նկատում է երգչուհին ու
2019 թվականին հրատարակված «Օրորներ» երգերի երկլեզու գիրքը ներկայացնում: Պատմում է՝ նման ժողովածու կազմելը վաղուցվա երազանք է եղել: Տպագիր եւ անտիպ աղբյուրներից հավաքել, դասակարգել եւ ծանոթագրել է շուրջ վեց տասնյակ օրորոցային: Ժողովածուն ունի նաեւ բարբառային եւ օտարալեզու բառերի բառարան: Գրքին կից կա նաեւ սկավառակ՝ բազմաթիվ օրորոցային երգերի առաջին կատարումներով:

«Միշտ մտածել եմ ամեն մի ծնված երեխայի օրորոցային երգերի մի ընտրանի նվիրելու մասին: Այս երգերը բանահյուսական մեր հարուստ գանձարանից ընտրված գոհարներ են, որոնք միշտ իրենց ուրույն տեղն են ունեցել իմ համերգային ծրագրերում: Մենք ունենք հայ ժողովրդական օրորոցային երգերի բացառիկ հարուստ ժառանգություն, որոնց շատ քիչ մասն է կատարվում: Համարվում է, որ հիմնականում առանց նվագակցության՝ ակապելլա երգվող օրորոցայինները համերգային ժանր չեն: Անշուշտ, ուրիշ է, երբ օրորոցի մոտ ես երգում, եւ բոլորովին այլ բան՝ բեմից…»,- գրում է հեղինակը գրքի առաջաբանում:

Գիրքը ներկայացնելուց հետո գործնական պարապմունք. Դահլիճում ներկա տատիկները, մայրիկներն ու ապագա մայրիկները սովորում են երգեր, որ հետո տանը, իրենց փոքրիկի համար են երգելու:
«Ավելի գեղեցիկ ձայն, քան օրորոցի մոտ երգող մոր ձայնն է մանկիկը էլ երբեք չի լսելու»,- նկատում է երգչուհին ու խորհուրդ տալիս ամեն անգամ փոքրիկին քնեցնելիս մի նոր օրորոցային երգել, ստեղծագործել, զարգացնել, դարձնել այն մեղեդին, որ պետք է հենց այդ փոքրիկին: Դա է դաստիարակության այն կաթիլը, որ հետո անհատի էության հիմքն է դառնալու:

 

Վերադառնալ »