Փոխըմբռնման հուշագրի կնքում Հայաստանի ազգային գրադարանի և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագրակազմի միջև

Այսօր Հայաստանի ազգային գրադարանի և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագրակազմի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության լայն շրջանակի ապահովման, համատեղ ցուցադրությունների և համաժողովների կազմակերպման, մամուլի թվային պատճենների փոխանակման, մասնագետների փոխադարձ այցելությունների, թվայնացման համատեղ ծրագրերի իրականացման, «Ազդակ»-ի մատենագիտության կազմման, «Հայկական շարունակական հրատարակություններ» շտեմարանի ձևավորման աշխատանքներում «Ազդակ»-ի խմբագրակազմի ներգրավման հարցերի շուրջ:
Հուշագիրը ստորագրելիս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ «Ազդակ»-ի հետ համագործակցությունը գրադարանը սկսել է 6 տարի առաջ, և հուշագրի ստորագրման նպատակն է համագործակցությանը տալ պաշտոնական բնույթ։ Ազգային գրադարանում արդեն տարվում են օրաթերթի մատենագիտության կազմման աշխատանքները, և նախատեսվում է 2027 թվականին՝ «Ազդակ»-ի 100-ամյա հոբելյանին, հրատարակել այն: Աննա Չուլյանի կարծիքով՝ սա նախադեպ կհանդիսանա սփյուռքահայ մամուլը Ազգային գրադարան բերելու համար:
Օրաթերթի տնօրեն ու գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը և սփյուռքահայ հայտնի մատենագետ Արտաշես Տեր-Խաչատուրեանի որդիները՝ Տարոն ու Զարեհ Տեր-Խաչատուրեանները, նախորդ տարի Ազգային գրադարանին էին հանձնել «Ազդակ»-ի թվայնացված ողջ արխիվը: Շահան Գանտահարեանը շեշտում է, որ թվայնացված են ոչ միայն օրաթերթի առ այսօր հրատարակված բոլոր համարները, այլև հավելվածները, ինչը կարևոր է Սփյուռքում հրատարակվող յուրաքանչյուր թերթի համար: Թեժ կետերում, ուր հաճախ վտանգված է նաև թերթի թվայնացված արխիվը, դրա անվտանգության մասին մտածելը ռազմավարական նշանակություն ունի, և էլ որտե՞ղ պիտի պահպանվեր այդ արխիվը, եթե ոչ Հայաստանի ազգային գրադարանում: Շահան Գանտահարեանը խոստովանում է, որ այդ առումով բեկումնային էր գրադարանում 2019թ. նոյեմբերի 28-29-ին անցկացված «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում . ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովը, քանի որ հենց այնտեղ որոշվեց կազմել «Ազդակ»-ի մատենագիտությունը, և գնահատելի է այն արհեստավարժ աշխատանքը, որ տարվում է այդ ուղղությամբ գրադարանում: Ըստ օրաթերթի խմբագրի՝ «Ազդակ»-ի մատենագիտության կազմումը հսկայական նշանակություն կունենա հատկապես սփյուռքի պատմությունը հետազոտողների համար:
Հուշագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ ընդգծելով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու:

Վերադառնալ »