ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ -135

Մեծարգո Տիկին Վառվառե Քանաքանին՝ Վահան Տերյանից:
«Մթնշաղի անուրջներ», 1908 թվական, Թիֆլիս

Սա Վահան Տերյանի ինքնագրով միակ գիրքն է, որ պահվում է Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության ինքնագրերի հավաքածուում: Ինչպե՞ս է գիրքը հասել գրադարան, ո՞վ էր երջանիկ տիկինը, որին նվիրել էր բանաստեղծը իր առաջին ժողովածուն…Հստակ տվյալներ չկան:

Հրատարակվելուց ավելի քան մեկ դար անց գիրքը, որը Տերյանը սիրով մակագրել է, Ազգային գրադարանի ցուցափեղկում է, կողքին արժեքավոր այլ հրատարակություններ՝ 1912 թվականին Մոսկվայում լույս տեսած ժողովածուն, որի առաջաբանի հեղինակը նույնպես Վահան Տերյանն է, 1940 թվականին Երեւանում տպագրված գիրքը, որի խմբագիրը Ավետիք Իսահակյանն է, 1923 թվականին Կ. Պոլսում հրատարակված եռահատորը, մամուլի հրապարակումներ, թարգմանություններ, Տերյանին կյանքի ու գրական ժառանգության մասին արժեքավոր հրատարակություններ, Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտությունների նոտաներ ու «Վահան Տերյանի պոեզիան երաժշտության մեջ» խորագրով գրքեր… Ցուցափեղկերում են նաեւ մեծ պոետի որոշ անձնական իրեր, որոնք ցուցադրության համար տրամադրել է Տերյան մշակութային կենտրոնը՝ Տերյանի «ԿԵՑՑԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» գրությամբ թաշկինակն ու «Աշխարհից ես չեմ տրտնջում» բանաստեղծության ձեռագիրը:

«Ձեռագիրն ինձ նվիրել է Տերյանի դստեր` Նվարդ Տերյանի դասընկերուհի, մտերմուհի Նինան: Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Նինան շատ հուզված ասաց, որ «Աշխարհից ես չեմ տրտնջում» բանաստեղծության ձեռագիրն իր մոտ է եւ ինձ նվիրեց այն: «ԿԵՑՑԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» գրությամբ թաշկինակը 2009 թվականի հունվարի 29-ին ինձ է հանձնել թարգմանիչ Գևորգ Էմինի որդին`Արտաշես Էմինը: Այն պետք է պահվեր ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծվելիք թանգարանում: Թանգարանը չստեղծվեց, և թաշկինակը մնաց ինձ մոտ»,-պատմում է մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը:

«Տերյանի բանաստեղծական արվեստը» խորագրով ցուցադրությանը ծանոթանալուց հետո հանդիսատեսը մեծ դահլիճ է շտապում: Բանաստեղծությունները, որ տեսան գրքերի էջերում, պետք է հնչեն: Հոբելյանական երեկոն բացում է ասմունքող Նարեկ Մարգարյանը, այնուհետեւ բեմ են բարձրանում ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհիներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը: Տերյանի բանաստեղծություններն ու նամակները հնչում, շարունակում, լրացնում են իրար՝ հանդիսատեսի համար կենդանացնելով պոետի իրական ու ամբողջական կերպարը…
Եւ խորհրդանշական ավարտ. Տերյանի բանաստեղծություններն են կարդում փոքրիկները՝ Տերյանի անվան դպրոցի աշակերտները՝ ազդարարելով. Տերյանի գրական ժառանգությունը վստահելի ու սիրող ձեռքերում է:

 

Վերադառնալ »