ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ -90

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա.ուտելիքի, հագնելիքի… տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ է թափվում, թե իմ անձնական թշնամին է` դաժան ու անխիղճ: Ուզում է ինձ աշխարքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերը թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ որ…Կռիվս մորս հետ, որ մի անգամ եմ արել, բայց եւ այնպես, իմ կողմից ստորություն էր նրան երեսով տալը, թե.«Պապան չասա՞ց, որ էրեխեքի ոտները չոր կպահես»: Մայրս մեղավորի պես գլուխսը կախեց, լուռ մնաց: Ասենք, ինքը ոչ էդքան փող ուներ /ո՞ր մեկի համար/, ոչ էլ խանութներում կոշիկ կար: Չգիտեմ, գուցե եւ կար, բայց մե՞զ ինչ…
Հայաստանի ազգային գրադարանի բեմից Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» ստեղծագործությունը Համազգային թատրոնի դերասաններն են ներկայացնում: Բազմիցս ընթերցած ու վերընթերցած ստեղծագործությունը նրանց կատարմամբ, թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճում այլ հնչեղություն է ստանում: Չ՞է որ վարպետը Ազգային գրադարանի լավ բարեկամն ու հավատարիմ ընթերցողն էր, հաճախ է հյուրընկալվել նաեւ այս դահլիճում: Հինօրերի մասին լուսանկարներն են հիշեցնում, որ վարպետի գրած գրքերի, նրա մասին հոդվածների, ամսագրերի ու այլ նյութերի հետ ցուցափեղկերում են: «Ոտնամաններս» ստեղծագործությունը Սոս Սարգսյանի ամենավերջին պատմվածքն է: Գրում էր հիվանդանոցում»,- նշում է վարպետի կինը՝ Նելլի Սարգսյանը, ու ավելացնում,- «Շատ ուրախ եմ, որ Սոս Սարգսյանի հոբելյանը նաեւ Ազգային գրադարանում է նշվում, որ դահլիճն այսքան մարդաշատ է, որ նա այսքան սիրված է»:
Թատերական մոտեցումներով ընթերցանությանը ելույթներ են հետեւում: Վարպետի մասինհիշողություններ են պատմում ընկերները՝ Աբգար Ափինյանը, Վանուշ Շերմազանյանը… Խոսքերը հաջորդում են իրար՝ կենդանացնելով վարպետի կերպարը: «Եթե ժողովուրդը մոռանում է իր Մեծի տարեդարձը շնորհավորել ու նշել, եթե թատրոն չի հաճախում, ուրեմն մենք շեղվել ենք, ուրիշ տեղ ենք գնում, ուրիշ ժողովուրդ ենք դառնում»,- վարպետի խոսքերն է մեջբերում Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունը կազմող Մարիամ Հովհաննիսյանը ու ընդգծում՝ Ազգային գրադարանի դահլիճը լեփ-լեցուն է, դա նշանակում է, որ ճիշտ ուղով ենք գնում:
Միջոցառումից հետո հյուրերը չեն շտապում հեռանալ: Վարպետի մասին հիշողությունները շարունակվում են թեւածել փոքր ցուցասրահում: Անվանի դերասանի մասին շատ պատմություններ լսած տարբեր դպրոցների աշակերտները, Սոս Սարգսյանի արվեստի սիրահարները, գրադարանի ընթերցողները վարպետին փնտրում ու գտնում են նաեւ գրքերում:

Վերադառնալ »