Չինական Նոր տարի։ Հանդիպում, գրականության ցուցադրություն

 Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի ցուցափեղկերն այսօր զբաղեցրել էին չինական յուրօրինակ մշակույթի ամենատարբեր ոլորտներին վերաբերող գրքերը, իսկ պաստառներին փակցված էին չինական հիերոգլիֆներով գեղանկարներ: Ցուցադրությունը կազմակերպվել էր չինական Նոր տարվա առթիվ:
Գրադարանում հյուրընկալվել էին Բրյուսովի անվան պետական համալսարանի չինարեն-հայերեն թարգմանության բաժնի շրջանավարտ, հայ-չինական բարեկամության դպրոցի երիտասարդ ուսուցչուհի, չինարենի թարգմանչուհի Գոհար Աթիկյանը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի չինացի ուսանող Ֆըն Յանմինը: Գոհարն ու Ֆընն ունեն չինական պոեզիայի համատեղ թարգմանական շարքեր:
Ցուցասրահում հավաքված մարդկանց Գոհարը նախ պատմեց այն հետաքրքիր սովորույթների, ավանդույթների մասին, որոնց հետևում են չինացիները ամանորյա տոնակատարությունների ընթացքում՝ նշելով, որ մեր մշակույթներն այդ առումով ունեն բազում ընդհանրություններ, ապա անդրադարձավ չինարենի առանձնահատկություններին, լեզուն սովորելու ընթացքում ծագող դժվարություններին, այն խնդիրներին, որոնց բախվում է թարգմանիչը չինական գրականություն թարգմանելիս:
Ֆընը պատմեց չինական բարբառների մասին՝ ընդգծելով, որ դրանք երբեմն այնքան տարբեր են, որ մասնագետները չեն հասկանում՝ մի լեզվի տարբեր բարբառների, թե տարբեր լեզուների հետ գործ ունեն։ Ի դեպ, Ֆընն Ինդոնեզիայում էր, երբ մի օր պատահաբար ձեռքն է ընկել «Սասնա ծռեր» էպոսը. գիրքն այնքան է հետաքրքրել նրան, որ որոշել է ուսումնասիրել հայերենը: Կես տարի սովորել է ինքնուրույն, ապա տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարան: Ըստ Ֆընի՝ հայերեն սովորելը հեշտ է ու շատ հաճելի:
Հանդիպման ավարտին Գոհարը ներկայացրեց նաև իր թարգմանությունները՝ կարդալով չին հեղինակ Սի Մորունի «Ծաղկած ծառը» բանաստեղծության հայերեն թարգմանությունը, ապա նաև՝ հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի «Աշուն» բանաստեղծության չինարեն թարգմանությունը:

Վերադառնալ »