«Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդես

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում կայացավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուում ներառված են հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում տեղի ունեցած համանուն խորագրով գիտաժողովին ներկայացված զեկույցները։ 317 էջից բաղկացած ժողովածուն անցյալ տարեվերջին լույս է ընծայել Ազգային գրադարանը, կազմողը գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն է, խմբագիրը՝ Ալբերտ Խառատյանը։

Շնորհանդեսին ներկա էին ժողովածուի հոդվածների հեղինակները, խմբագիրները, հյուրեր։ Բացման խոսքում ողջունելով ներկաներին՝ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ կարևորում է թե՛ նման գիտաժողովների կազմակերպումը, թե՛ հոդվածների ժողովածուների հրատարակումը, քանի որ գրադարանը նաև գիտական կառույց է ու պիտի ինչպես մեկտեղի գիտությամբ զբաղվողներին, այնպես էլ հարթակ հանդիսանա նաև արտերկրում նրանց հոդվածների հանրահասանելիությունն ապահովելու համար։ Աննա Չուլյանը նաև տեղեկացրեց հոդվածագիրներին, որ ISBN, ISMN և ISSN միջազգային ստանդարտ համարներից բացի Ազգային գրադարանն այսուհետև նաև թվային օբյեկտի նույնականացման DOI համարներ է տրամադրելու գիտական հոդվածների հեղինակներին, իսկ Ազգային գրադարանի հրատարակություններում ներառվելու դեպքում հոդվածագիրները DOI համարները կստանան անվճար։

Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն իր խոսքում նշեց, որ մանրակրկիտ աշխատանք է կատարվել ժողովածուի պատրաստման համար, և ժողովածուում ներառված են գիտաժողովին մասնակցած 42 հետազոտողներից 32-ի զեկույցները։ Նա ընդգծեց նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։

Հոդվածագիրները, ստանալով ժողովածուի իրենց օրինակներն ու շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակով կազմված և պոլիգրաֆիական գերազանց ձևավորմամբ հրատարակության համար, շեշտեցին, որ անչափ ուրախալի է, երբ Ազգային գրադարանը մի հարկի տակ է հավաքում հետազոտողներին։ Շնորհանդեսի մասնակիցները նաև խոստովանեցին, որ դեռ ուսանողական տարիներից իրենցից շատերի կենսագրության մասնիկը դարձած Ազգային գրադարանն այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ դառնում է ավելի ջերմ ու ավելի հարազատ վայր։

Վերադառնալ »