Միսաք Մեծարենցի — 135

«Սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք». Կոմիտաս վարդապետի խոսքերով սկսվեց համերգային այն միջոցառումը, որ արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի 135-ամյա հոբելյանի առթիվ և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ այսօր կազմակերպվել էր Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում։ Միջոցառման մասնակիցները՝ Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, արտասանեցին «հանճարեղ պատանու» բանաստեղծությունները, մեջբերեցին դասականների խոսքերը նրա մասին, ընթերցեցին հատվածներ նրա նամակներից՝ փորձելով հանդիսատեսին հասցնել մեծարենցյան սերն արևի, բնության, մարդկանց ու, իհարկե, կնոջ, նկատմամբ։ Նրանք խոսեցին նաև Մեծարենցի արձակ էջերի, կատարած թարգմանությունների և փոխադրությունների մասին, ինչպես նաև ներկայացրին քիչ հայտնի մանրամասներ Մեծարենցի կարճատև, բայց բովանդակալից կյանքից։
 Գրադարանում հյուրընկալվել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտորների միության անդամ, ականավոր կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանը, ով գրել է մի շարք վոկալ ստեղծագործություններ Մեծարենցի խոսքերի հիման վրա։ Դրանց թվին պատկանող «Առտուն» երգի երաժշտության հնչյունների ներքո հանդիսատեսը բեմի էկրանին ցուցադրվող տեսանյութի միջոցով հնարավորություն ստացավ ծանոթանալու Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուում առկա մեծարենցյան թեմայով գրականությանը, ինչպես նաև Մեծարենցի, նրա ընտանիքի, տան եզակի լուսանկարներին, մասունքներին, որոնք պահվում են Գրականության և արվեստի թանգարանում։
 Միջոցառմանն իրենց երգով ու դաշնամուրային կատարումներով հմայք հաղորդեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Անահիտ Գաբրիելյանը, Ցոլակ Հարությունյանն ու Վահե Մկոյանը։

Վերադառնալ »