ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆ

«Երբ տեսա գրադարանի Գրքափոխանակության ֆոնդի տասնյակ հազարավոր գրքերը, մտքովս անցավ, որ դրանք չպետք է այդպես փակված մնան, պետք է օգտակար կիրառություն գտնեն, շրջանառության մեջ դրվեն: Եվ մտածեցի, որ կարելի է առանձնացնել մի տաղավար, որտեղ գրքափոխանակություն կիրականացվի: Շատ լավ գրքեր կան, 20-ական, 30- ական թվականների, սոցռեալիզմի շրջանի արժեքավոր գրքեր: Սրանով կարող ենք լուծել նաև գրադարանի համալրման խնդիրը: Այստեղ տարբեր ծրագրեր կիրականացնենք»,- Հայաստանի ազգային գրադարանի Գրքափախանակության անկյան պաշտոնական բացման ժամանակ նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Գրքափոխանակության անկյան՝ փոխանակման համար գրքեր բերած առաջին այցելուն ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ, լեզվաբան, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանն էր: «Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում, երկրորդ կյանք: Պիտի ամեն կերպ այս մասին տեղեկացնել հանրությանը. մարդիկ իրենց գրադարանները կքրքրեն, չօգտագործված, չօգտագործվող գրքերը կհանեն, և այդ ընթացքում կգտնեն գանձեր, որոնք իրենց ուշադրությունից դուրս են մնացել: Գրքերը կհայտնվեն գրասեղանին, կընթերցվեն: Դա կնպաստի նաև հայերենի դաշտի զարգացմանը, բառապաշարը կհարստանա, նոր ոճեր ու դարձվածքներ կսովորեն մարդիկ՝ ջանք չթափելով, հաճույք ստանալով. ընթերցանությունը վայելք է»,- շեշեց Լեզվի կոմիտեի նախագահը:

Գրքափոխանակության անկյունը Վարչական մասնաշենքի 1-ին հարկում է: Բաց դարակներում դրված են հայերեն և օտար լեզուներով արժեքավոր գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ և այլն: Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության ֆոնդում շուրջ 160 հազար գիրք կա, որից 100 հազարը՝ հայերեն Գրքափոխանակության անկյունն ստեղծվել է այդ ֆոնդի հիման վրա. ֆոնդի բազմաբնույթ գրքերը մաս առ մաս ներկայացված կլինեն տաղավարում: Ընթերցողները կարող են գալ, ընտրել իրենց ուզած գրքերը՝ փոխարենը գրադարանին առաջարկելով գրքեր, որոնք Ազգային գրադարանում չկան կամ մի օրինակ են: Ձեր առաջարկած գիրքը ենթակա է փոխանակման թե ոչ, կարող եք ստուգել Համահավաք գրացուցակով՝ հետևելով այս հղմանը. http://armunicat.nla.am/ Գրքափոխանակության նպատակահարմարությունը կորոշի մասնագետական հանձնաժողովը:

Վերադառնալ »