ՀԱՄԵՐԳ-ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ

«Հայի աչքեր», «Երազի իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Պույ-պույ մուկիկը»… Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճն էր երգում Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Հայաստանի ազգային գրադարանում համերգ-հանդիպում էր կոմպոզիտորի հետ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Հին ու նոր, լսված ու չլսված երգերի, հայտնի մեղեդիների ամիրխանյանական կատարումներն ուղեկցվեցին երաժշտության, ներշնչանքի, կյանքի մասին մտերմիկ զրույցով. «Երաժշտությունն այն է, ինչն իմ ծնունդից եկել է ինձ հետ, ես դրանով զբաղվում եմ առանց մտածելու, թե դա ինչ է: Երաժշտությունը շատ մեծ պատասխանն է մեր կյանքի, անսպասելի պատասխանը: …Իմ կյանքն էլ անբաժան է երաժշտությունից… Իմ երգը հոգու ձայնը լսելի դարձնելու համար է»:
Մաեստրոն խոստովանում է խիզախել է անձամբ կատարել իր ստեղծագործությունները. Ազգայինի ջերմ, ինտելեկտուալ մթնոլորտն էլ նպաստում է դրան: Ազգային գրադարանի բեմից նորովի հնչեցին Մեծարենցի, Չարենցի, Վահան Թեքեյանի, Վահագն Դավթյանի, Ալիսիա Կիրակոսյանի, Սարմենի, Մարո Մարգարյանի խոսքերով գրված երգերը, հայտնի մուլտֆիլմերում հնչող երգեր, «Գարուն» գողտրիկ մեղեդին և շատ այլ ստեղծագործություններ…
Ստեղծագործական ներշնչանքի մասին խոսելիս Ռոբերտ Ամիրխանյանը նշում է՝ իրեն ստեղծագործելու է մղում ամեն ինչ, ցանկացած բան կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ: «Հայի աչքեր» երգի ստեղծման առիթն էլ նման մի դիպված է եղել. կոպոզիտորը ձեռքն է առել Սարմենի բանաստեղծությունների ժողովածուն, ու հենց «Հայի աչքեր»-ի էջն է բացվել: Չլիներ դա, չէր ծնվի այդ հանրահայտ երգը: Իր կյանքի ու ստեղծագործական ուղու մասին նման շատ ուշագրավ պատմություններ հիշեց մաեստրոն՝ դրանք համեմելով անսպառ հումորով:
Նոր երգերի պրեմերայից բացի Ռոբերտ Ամիիրխանյանն Ազգային գրադարանին նվիրեց իր երգերի ժողովածուները: Ազգային գրադարանի տնօրեն Հարչյա Սարիբեկյանն էլ կոմպոզիտորին նվիրեց գրադարանի խորհրդանիշ «Ուրբաթագրքի» ֆաքսիմիլե օրինակը: Համերգային ծրագրից հետո Ռոբերտ Ամիրխանյանը, ծանոթանալով թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում ներկայացված՝ իրեն նվիրված գրքերի, թերթերի, ամսագրերի եւ ձեռագիր նոտաների ցուցադրությանը, նշեց, որ շատ հոդվածներ ու նյութեր անակնկալ էին իր համար: «Սա միայն սկիզբն է մեր համագործակցության եւ վստահաբար շարունակություն է ունենալու»,- հրաժեշտից առաջ խոստացավ մաեստրոն:

Վերադառնալ »