կինոդիտում_քննարկում գրքասերի կինոակումբում

«Այս միապաղաղ աշխարհում ժամանակ առ ժամանակ դեպքերը կատարվում են ասես գրքում, և դա այնքան սփոփիչ է»
Ջո Մարչ, Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» վեպի արձակագիր հերոսուհին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առօրյա հոգսերից կտրվելու ու հեքիաթային աշխարհում զգալու հերթական առիթն էր Հայաստանի ազգային գրադարանի Գրքասերի կինոակումբում: Հանդիպման առանցքում ամերիկացի գրող Լուիսա Մեյ Էլքոթի ամենահայտնի՝ «Փոքրիկ տիկիններ» վեպն էր և դրա էկրանացումները: Կինոակումբի հյուրն էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանը՝ «Փոքրիկ տիկիններ» վեպի համառոտ տարբերակի, «Հարրի Փոթեր» շարքի գրքերի և շատ այլ ստեղծագործությունների թարգմանիչը:

Բանախոսը հանգամանալից ներկայացրեց ֆեմինիստ գրողի ոչ ֆեմինիստական «Փոքրիկ տիկիններ»-ը, որն ստեղծվել է հրատարակչի՝ «աղջկական վեպ» գրելու պահանջով, վեպում արծարծված կարևոր թեմաները, Նոր Անգլիայում գոյատևման խնդիրը քաղաքացիական պատերազմի օրերին: Հրաշալի սուրբծննդյան պատմություն, որի հետևում պատերազմն է, դժվարությունները: Ստեղծագործությունն ինքնակենսագրական է՝ Էլքոթի և իր երեք քույրերի մասին: Էլքոթն ինքը նախատիպն է Ջո Մարչի՝ արձակագիր քրոջ, որն էլ հենց պատմում է իրենց ընտանիքի պատմությունը: 19-րդ դարի անգլիական հանդարտ կյանքն է պատկերված այս՝ ամենևին ոչ աղջկական հրաշալի ստեղծագործության մեջ, հավերժական թեմաներ՝ սեր ու խաղաղություն, պատերազմ ու մահ, անձնական նկրտումներ ու ընտանեկան պարտականություններ, եվրոպական ու ամերիկյան մշակույթների բախումը:

Գրքի քննարկմանը հաջորդեց զրույց «Փոքրիկ տիկիններ»-ի էկրանացումների, մասնավորապես, 2019 թվականին էկրան բարձրացած տարբերակի մասին, որն այս տարի «Օսկարի» արժանացավ «Զգեստների ձևավորում» անվանակարգում: Ֆիլմը քննարկվեց գրական հենքի և առևտրային հաջողության համատեքստում: Գիրք-ֆիլմ համեմատության մեջ կշեռքի նժարը թեքվեց  դեպի գիրքը: Թարգմանչուհին հույս հայտնեց, որ «Փոքրիկ տիկիններ» երկհատորյակի հայերեն լիակատար թարգմանությունը չի ուշանա:

Ազգային գրադարանում կինոցուցադրումները, հանդիպում-քննարկումները շարունակական են լինելու: Գրական նշանակալի երկերի ուշագրավ էկրանացումներ շարքից բացի կկազմակերպվեն նաև գրքաֆիլմային այլ միջոցառումներ: Բոլոր գրքասեր-ֆիլմասերներին հրավիրում ենք միանալու ԳՐՔԱՍԵՐԻ ԿԻՆՈԱԿՈՒՄԲին:

Վերադառնալ »