Երգ եվ բանաստեղծություն. հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ

Միջոցառմանը դեռ մեկ ժամից էլ ավելի կա, բայց դահլիճի դռների մոտ հանդիսատեսն արդեն սպասում է: Ուսանողներ, աշակերտներ, տարեց մարդիկ, գրողներ, հրատարակիչներ, աշխատակիցներ, ընթերցողներ…Մաեստրոին են սպասում:

-Օ, ինչ հրաշալի մարդկանց հետ եմ այսօր հանդիպելու,- դեռ մուտքի մոտից ձայն է տալիս 80- ամյա երիտասարդը՝ Տիգրան Մանսուրյանը: Յուրաքանչյուրի համար մի լավ խոսք, մի ջերմ ժպիտ ունի պահած՝ Մեծերը, երեւի, միայն այդպես են ժպտում: Լուսանկարներ, հարցազրույցներ…բայց Մաեստրոն չի մոռանում. Միջոցառումը 15.00 է նախատեսված, հանդիսատեսին երկար սպասեցնել չի կարելի:

-Մեր զրույցը դահլիճում կշարունակենք,- խոստանում է հանդիսատեսին ու դիմում միջոցառման հատուկ հյուրերին՝ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթեւիկ Մովսիսյանին ու դաշնակահար Լուսինե Հակոբյանին.

-Այսօր մենք-մերոնցով անկեղծ, ջերմ զրույց ենք ունենալու, դուք էլ ձեր կատարումներով վստահաբար ավելի կջերմացնեք մեր օրը, չ՞է, բալիկ ջան:

Երգի վերածված բանաստեղծությունների ու բանաստեղծությունից ծնված երգերի մասին զրույց- քննարկումը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանն է վարում:

«Ես վաղուց էի ուզում ձեզ հետ քննարկել հայկական մշակույթում երաժշտական հարմոնիայի և պոեզիայի թեման։ Երբ Ազգային գրադարանից հրավեր ստացա, որոշեցինք հանդիպման հենց այս ձեւաչափը ընտրել եւ ահա մենք մի քանի ժամով այստեղ ենք։ Կամ մեկ ժամով, ուղղակի, եթե ես սկսեմ խոսել, ապա, վախենամ, կանգ չեմ առնի»,- ժպտում է մաեստրո Մանսուրյանը: Մեկ կամ քանի ժամը աննկատ է անցնում: Երգի ու պոեզիայի մասին թեմաները հաջորդում, շարունակում, լրացնում են իրար:

«Երգը ստեղծելը կարծես թե հեշտ բան է, կա բանաստեղծական տեքստ, դրա վրա կոմպոզիտորը ստեղծում է երաժշտություն: Սակայն երբ խոսում ենք մշակույթի շատ արժեքավոր, նստվածքային շերտերի մասին, չենք կարող չնշել, որ ժողովուրդ ենք, որի ժառանգության մեջ գոնե մինչև 18-19 դարը չի եղել պրոֆեսիոնալ մակարդակի առանձին երաժշտություն, առանձին բանաստեղծություն, եղել է երաժշտաբանաստեղծական փոխկապակցված, սերտաճած արվեստ: Այս ժառանգության կրողն է Տիգրան Մանսուրյանը»,- ընդգծում է Մհեր Նավոյանը:

Մաեստրոն, իր խոսքով, «մի հետաքրքիր փորձառության» մասին էլ է պատմում, որ ունեցել «Ռեքիվիեմը» գրելիս:

«Լատիներենը հայ երաժշտությամբ որ երգում ես, մեկ էլ տեսնում ես՝ կորցնում ես ռեալության զգացումդ լեզվի հետ կապված՝ այդ ինչ լեզվով է՝ հայերե՞ն, թե՞ լատիներեն: Տեսնում ես, որ ելևէջը, որը հայերենի վրա է գոյացել, երբ դնում ես մի ուրիշ լեզվի հետ, այդ մեղեդին հիշում է իր ծագումը և պարտադրում է իր ծագումն այդ նոր լեզվին, որին դու միացրել ես: Դրանից է, որ այդ լատիներենը մի տեսակ հայերեն էր դառնում: Հիմա գիտեմ մեղեդին, երբ որ հիմքում հայերեն բառ է ունեցել, բայց ճիշտ, մաքուր երգված, այդ մեղեդին եթե բառերը հանես, միևնույնն է՝ հիշում է իր մեջ լեզվի կյանքը»,- ընդգծում է Տիգրան Մանսուրյանը:

Հետաքրքիր զրույցին համերգային ծրագիրն է հաջորդում: Ավետիք Իսահակյանի եւ Վահան Տերյանի բանաստեղծական տողերի հիման վրա Տիգրան Մանսուրյանի ստեղծած երգերը միջազգային մրցույթների դափնեկիր Տաթեւ Մովսիսյանը եւ դաշնակահար Լուսինե Հակոբյանն են կատարում: Միջոցառման ավարտին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը շնորհավորում է Մաեստրոյին ու նրան հանձնում գրադարանի խորհրդանիշ «Ուրբաթագրքի» ֆաքսիմիլե օրինակը:

Միջոցառման ավարտից հետո էլ երկար ժամանակ մաեստրոն չէր կարողանում դուրս գալ դահլիճից: Հանդիսատեսը սիրված արվեստագետին հեշտությամբ հեռանալ չէր կարող թույլ տալ. Լուսանկարներ, ժպիտներ, հարցեր, բարեմաղթանքներ…

-Հոգնեցի՞ք Մաեստրո,- հարցնում ենք:

-Սա իմ կյանքի անբաժան մասն է եղել տարիներ շարունակ: Հանդիսատեսն ինձ է շատ սիրում, ես էլ իրեն,- պատասխանում է ու մոտենում ցուցափեղկերին, որտեղ արվեստագետի բնորոշմամբ, իր անցյալն է արտացոլված:

Գրքեր, տարբեր տարիներին գրված հոդվածներ, Տիգրան Մանսուրյան արվեստագետի մասին տպագիր նյութեր… «

-Անցյալս վերադարձրեցիք,- ժպտում է եւ գրադարանին հիշատակ թողնում իր ինքնագրերով գրքերը:

«Գրքի եւ Հայոց գրի այս շտեմարանին մաղթում եմ բեղուն կյանք, ընթերցողների մեծ բանակ» Տիգրան Մանսուրյան

12.12.2019

Երեւան

Վերադառնալ »