ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ — 175

Հայաստանի ազգային գրադարանում նշվեց հայ մամուլի արքա Գրիգոր Արծրունու 175-ամյակը: Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու գործունեությունը: Բանախոսն առանձնակի ուշադրություն դարձրեց Արծրունու հիմնած «Մշակ» լրագրին, հրատարակման տարիներին: Նա նշեց, որ «Մշակ» հասարակական-քաղաքական, գրական թերթով Արծրունուն հաջողվեց համախմբել ժամանակի հայ մտավորականության առաջադեմ ուժերին. Պերճ Պռոշյան, Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վրթանես Փափազյան, Րաֆֆի… «Մշակ»-ին աշխատակցելու տարիների մասին Րաֆֆին գրում է. «Ես երբեք չեմ մոռանա այն աղմկալի ժողովները, որ կազմվում էին այդ լրագրի խմբագրատան մեջ մի քանի տարի առաջ: Եթե ես ունեցել եմ իմ կյանքի մեջ մի քանի ոսկի րոպեներ, դրանք պատկանում են այդ ժամանակին»:

Արծրունիների տոհմի ժառանգ, երգիչ, երգահան Վահան Արծրունին խոսեց իր մեծ նախնու՝ Գրիգոր Արծրունու կյանքից, Արծրունիների ընտանիքից, նշեց, թե մշակույթի նվիրյալ այս ընտանիքն ինչ մեծ դեր է ունեցել Թիֆլիսի հայ համայնքի կյանքում: Հին իշխանական տոհմից սերող Գրիգոր Արծրունու միջոցներով ու ջանքերով 1879-ին Թիֆլիսում, այժմյան Ռուսթավելու պողոտայում կառուցվեց թատրոնի շենք, որը տարիներ շարունակ «Արծրունու թատրոն» էին անվանվում: Վահան Արծրունին հատկապես կարևորեց Գրիգոր Արծրունու ջանքերը՝ հայ հասարակությանը դեպի եվրոպական, առաջադեմ քաղաքակրթություն մղելու, գաղափարապես զարգացնելու հարցում: Այնուհետև երգիչը կատարեց Ռազմիկ Դավոյանի և սեփական խոսքերով գրված իր երգերից:

Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում Մատենագիտության և գրադարանագիտության բաժինը նաև թեմատիկ ցուցադրություն էր կազմակերպել. ներկայացվել էին Գրիգոր Արծրունուն և «Մշակ» լրագրին նվիրված ուսումնասիրություններ, մատենագիտություններ, հանրագիտարաններ, ամսագրեր, թերթեր՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն: Ցուցադրության մասին պատմեց Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը: Նա նշեց. «Ցուցադրված գրականությունից ամենահինը թվագրվում է 1872 թ.-ով, իսկ ամենանորը՝ 2015 թ.-ով: Ընդգրկուն է ցուցադրված գրականության տպագրավայրերի աշխարհագրությունը՝ Ս. Էջմիածին, Երևան, Ստեփանակերտ, Վենետիկ, Վիեննա, Սոֆիա, Թբիլիսի, Բեյրութ, Մոսկվա, Կահիրե և Ստամբուլ: Ցուցադրության ներկայացվող նյութերը Գրիգոր Արծրունի ազգային գործչի և «Մշակ» լրագրի հանդեպ հայ բանասիրության, մատենագիտության, պատմագիտության ու մշակութաբանության մեջ դրսևորված մեծ ուշադրության վառ վկայությունն են»։

Նշենք, որ Հայաստանի ազգային գրադարանում պահվում են պարբերականի 1872-1921 թթ. լրակազմերը, իսկ կայքում զետեղված «Հայ մամուլ» շտեմարանում «Մշակ» լրագիրը հասանելի է առցանց տարբերակով:

Վերադառնալ »