Առնո Բաբաջանյան-100

Հունվարի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում տեղի ունեցավ զեկույց-հանդիպում՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին։ Բացման խոսքում նշվեց՝ լուսավոր խորհուրդ կա այն փաստում, որ գրադարանում տարվա առաջին միջոցառումը հենց մեր հռչակավոր հայրենակցին է նվիրված, քանի որ նաև բաբաջանյական երաժշտությամբ ենք հաղթահարելու մեզ համար ծանրագույն այս ժամանակաշրջանը։
«Առնո Բաբաջանյանի կերպարը արվեստում» խորագրով զեկույցով հանդես եկավ Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ, Առնո Բաբաջանյանի երկերի լիակատար ժողովածուի գլխավոր խմբագիր, արվեստի պատմաբան Արտյոմ Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են տարբեր նկարիչներ ու քանդակագործներ պատկերել Բաբաջանյանին, պատմելով մեծանուն արվեստագետի մտերիմների հետաքրքիր հուշերը նրա մասին, ինչպես նաև բացահայտելով Բաբաջանյանին հանրությանը մինչ այժմ առավել քիչ հայտնի դիտանկյուններից։ Զեկույցի վերջում հրապարակվեցին մի շարք մանրամասներ կոմպոզիտորի երկերի լիակատար ժողովածուի հրատարակման վերաբերյալ։
Ընթերցասրահում ներկայացված էր նաև բաբաջանյական թեմայով գրականության ցուցադրություն։

Վերադառնալ »