ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը:

1925-1990թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990 թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:

Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939թ.): Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը: Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին` այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներ են եղել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ:

Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:

Go back »