ՀՀ Հրատարակությունների վիճակագրություն

“Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում.” վիճակագրական ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակչական գործունեությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները:
Տեղեկատվական նյութերը ժողովածուում դասակարգված են ըստ թեմատիկայի, նպատակային ուղղվածության, լեզուների: Ոչ պարբերականները դասակարգված են նաև ըստ հրատարակիչների և թարգմանության:
Ժողովածուն տեղեկություններ է պարունակում հրատարակչական արտադրանքի հիմնական տեսակների՝ ոչ պարբերական հրատարակությունների (գրքեր ու գրքույկներ, ատենախոսության սեղմագրեր, նոտագրական, քարտեզագրական և պատկերահրատարակություններ) և պարբերական ու շարունակվող հրատարակությունների (լրագրեր, ամսագրեր, ժողովածուներ և տեղեկագրեր) մասին:
Հանրապետությունում հրատարակչական գործունեության արդյունքները ամփոփող ժողովածուում բերված տվյալների հավաստիության ու ամբողջականության աստիճանը պայմանավորված է Հայաստանի ազգային գրապալատում մատենագիտական գրանցման, վիճակագրական հաշվառման և արխիվային պահպանության համար նախատեսված հրատարակությունների պարտադիր օրինակների ստացման ծավալով: Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս փաստացի չի գործում օրենքը հրատարակությունների պարտադիր անվճար օրինակի ստացման մասին, չեն պահպանվում համապատասխան ստանդարտները հրատարակությունների ելից և թողարկման տվյալների զետեղման մասին, չի սահմանված հրատարակող սուբյեկտների կողմից իրենց արտադրանքի վերաբերյալ պարբերական հաշվետվության որևէ կառուցակարգ՝ ժողովածուում բերված տվյալները հրատարակությունների քանակի առումով թերի են ու ոչ ամբողջական և արտացոլում են լույս տեսած հրատարակչական արտադրանքի ընդհանուր ծավալի 70-75 տոկոսը: Նույն պատճառով մոտ 15-20 տոկոս գրքերի տպաքանակները և տպագրական ծավալները բերված են միջին մեծության, քանի որ այդ հրատարակությունների թողարկման տվյալներում բացակայում են տեղեկությունները տպաքանակի և տպագրական ծավալի մասին: