Հայ տպագրության տարեգիրք

“Հայ տպագրության տարեգիրք” ամենամսյա մատենագիտական ցանկում արտացոլվում են Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքահայ գաղթօջախներում լույս տեսնող գրքերը, նոտաները, կերպարվեստի ալբոմները, ատենախոսությունների սեղմագրերը, թերթերում, ամսագրերում, պարբերական և շարունակվող հրատարակություններում հրապարակված հոդվածները, գեղարվեստական ստեղծագործությունները, վավերագրական նյութերը, գրախոսությունները:
Տարեգրքում արտացոլված նյութերը մատենագիտական մշակման են ենթարկվում ըստ Ազգային գրապալատում տպագիր արտադրանքի ստացման ժամկետների, ամբողջականության և պարբերականության:
Նկարագրության ժամանակ բառերի և բառակապակցությունների կրճատումները կատարվում են ըստ Հայաստանի Ազգային գրապալատի կողմից մշակված “Տպագիր արտադրանքի մատենագիտական նկարագրություններում հայերեն բառերի և բառակապակցությունների կրճատումներ” ցանկի:
Մատենագիտական գրանցումների խմբավորումը կատարվում է համաձայն “Դասակարգման տասնորդական համակարգի”: Ճյուղային բաժինների ներսում կիրառվում են ժամանակավոր թեմատիկ ենթավերնագրեր, որոնց օգնությամբ առանձնացվում են հանրապետության և հայության քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին, կազմակերպությունների և անհատ անձանց հոբելյաններին նվիրված նյութեր:
“Հայ տպագրության տարեգիրքը” ընդգրկում է գրքի, լրագրային հոդվածների, ամսագրային հոդվածների, սփյուռքի մամուլի, գրախոսությունների, կերպարվեստի, նոտաների և Հայաստանում պաշտպանված ատենախոսությունների սեղմագրերի տարեգրքերը: Գրախոսությունների, կերպարվեստի, նոտաների և քարտեզների տարեգրքերը լույս են տեսնում տարին մեկ անգամ, մյուս տարեգրքերը ամենամսյա են:
Տարեգրքերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն համարակալումը տարվա ընթացքում: Համարակալված են նաև մատենագիտական գրանցումները: Յուրաքանչյուր տարեգրքում համարակալումը հաջորդական է ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր տարեգրքի յուրաքանչյուր համարում զետեղված են անվանացանկ, աշխարհագրական և տվյալ համարում նկարագրված լրագրերի, ամսագրերի, պարբերական և շարունակվող հրատարակությունների, հեղինակ չունեցող գրքերի ցանկեր:
Անվանացանկերում ամփոփվում են հեղինակների ազգանունները և այն անձանց ազգանունները, ում նվիրված է տվյալ նյութը: Վերջիններիս ազգանունների դիմացի համարները տրվում են փակագծերում: Նույն ազգանունները, անվան և հայրանվան միևնույն սկզբնատառեր ունեցող հեղինակներին վերաբերող համարները դրվում են նույն ազգանվան դիմաց:
Աշխարհագրական ցանկում ամփոփվում են մատենագիտական նկարագրության մեջ նշված աշխարհագրական անունների (օբյեկտների) անվանումները:
Հաշվի առնելով հայերեն տպագիր խոսքում ժամանակակից և դասական ուղղագրության զուգահեռ գործածման հանգամանքը՝ մատենագիտական նկարագրություններում կիրառվում է հետևյալ սկզբունքը. հեղինակը, նյութի խորագիրը և հրատարակման տվյալները (աղբյուրը) տրվում են բնագրի ուղղագրությամբ, իսկ նյութի բովանդակության մեկնաբանումը (անոտացիան) տրվում է ժամանակակից ուղղագրությամբ:
Մատենագիտական նկարագրությունների այբբենական դասավորումը տարեգրքերի բաժիններում կատարվում է ըստ մաշտոցյան այբուբենի: Ցանկերում ազգանունները խմբավորվում և դասավորվում են ըստ ժամանակակից ուղղագրության կանոնների:
Հաշվի առնելով “Սփյուռքի մամուլի” տարեգրքում ընդգրկված նյութերի և այդ տարեգրքի գործածման առանձնահատկությունները, դրանցում զետեղված այլալեզու բնագրերից կատարված մատենագիտական յուրաքանչյուր նկարագրության վերջում առանձին տողով տրվում է նկարագրության համառոտ թարգմանությունը (հեղինակ, խորագիր, անոտացիա) հայերեն լեզվով: