
Հունիսի 20-23-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ «Գիրքը և ընթերցանությունը թվային դարաշրջանում» («Книга и чтение в цифровую эпоху») խորագրով II միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվել էր Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի Ռուսաստանի կոմիտեի, Գրադարանային համագործակցության միջտարածաշրջանային կենտրոնի, Ղրղզստանի ազգային գրադարանի և Ղրղզստանի Հանրապետության հանրային գրադարանների ասոցիացիայի կողմից։
Գիտաժողովի շրջանակներում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Հարկ է նշել, որ սա Հայաստանի ազգային գրադարանի առաջին մասնակցությունն էր գիտաժողովին:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդես է եկել «Հայ գրականությունը թվային դարաշրջանում. ձեռագրերից մինչև թվայնացում» («Армянская литература в цифровую эпоху: от манускриптов к цифровизации») զեկույցով։
Գիտաժողովի մասնակիցները քննարկել են թվայնացման ժամանակաշրջանում ավանդական ընթերցանության խնդիրներն ու մարտահրավերները, փոխանակվել փորձով և ընթերցանության խթանման ուղղությամբ նորարար լուծումներ մշակելու վերաբերյալ գաղափարներով։
«Գիրքը և ընթերցանությունը թվային դարաշրջանում» («Книга и чтение в цифровую эпоху») խորագրով II միջազգային գիտաժողովի ընթացքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդես է եկել «Հայ գրականությունը թվային դարաշրջանում. ձեռագրերից մինչև թվայնացում» («Армянская литература в цифровую эпоху: от манускриптов к цифровизации») զեկույցով։ Ներկայացվել են Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ իրականացված և իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարաններին, ներկայացվել դրանց ստեղծման պատմությունը և կարևորությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման և տարածման գործում, ինչպես նաև ներկայացվել է գրադարանի համագործակցությունը VLUME-ի և Google Cultural Institute-ի հետ։ Վերջինիս շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի հավաքածուները հրապարակվել են Google Arts & Culture վիրտուալ հարթակում՝ այդպիսով թանգարանի հավաքածուները հասանելի դարձնելով միջազգային հանրությանը և նպաստելով դրանց հանրահռչակմանը։
Հարկ է նշել, որ գիտաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի գրադարանային, համալսարանական, թանգարանային հաստատությունների ներկայացուցիչները։ Գիտաժողովի շրջանակում ԱՊՀ երկրների գրադարանների ներկայացուցիչները անդրադարձան իրենց երկրներում գործող ընթերցանության և գրատպության խթանման պետական աջակցության ծրագրերին։ Քննարկվեցին գրատպության զարգացման ուղիները, ընթերցանության, կրթության և գրադարանի կապը ժամանակակից աշխարհում։
Աշխատանքային հանդիպումներ են կայացել Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ և վերոնշյալ երկրների ազգային գրադարանների գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա ոլորտում առկա խնդիրների արագ լուծման և մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։
Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ համատեղ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Ղրղզստանի Հանրապետության Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության պահպանության վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Ռինատ Բակեևի և Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ տիկին Ժիլդիզ Բակաշովայի հետ քննարկումներ են ծավալվել համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու ուղղությամբ, ընդգծվել է Հայաստանի ազգային գրադարանի և Ղրղզստանի ազգային գրադարանի միջև համագործակցության զարգացման կարևորությունը և հեռանկարները։
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի Ռուսաստանի կոմիտեի փոխնախագահ պարոն Սերգեյ Բակեյկինի հետ քննարկվել են ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև գրադարանագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացման ուղղությունները.