Համագործակցություն ՀՀ այլ գրադարանների հետ

Համագործակցություն ՀՀ այլ գրադարանների հետ

Հայ գիրքը և հայ մամուլը հանրահռչակելու և համայն աշխարհին հայ գրական մշակույթը հասանելի դարձնելու համար Հայաստանի ազգային գրադարանը ձեռնարկել է մի աշխատանք,  որով՝  հայերեն  տպագիր նյութերի թվային տարբերակները՝ մատենագիտական նկարագրություններով  հասանելի են   ընթերցող լայն հասարակությանը  «Հայ գիրք» Koha online catalog (nla.am) և  «Հայ մամուլ» Հայ մամուլ catalog (nla.am) շտեմարանների միջոցով:

«Հայ գիրք»  և  «Հայ մամուլ» շտեմարաններում  տեղադրված նյութերը կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով՝ պարտադիր հղում կատարելով Հայաստանի ազգային գրադարանի www.nla.am կայքին: Այս աշխատանքները լիարժեք   և հայ տպագիր գրականությունը ամբողջական լինելու համար  Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է ՀՀ գործող բոլոր գրադարանների հետ:

«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ի գրադարանի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի, «Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, «Հովհ. Թումանյանի  թանգարան»  ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային արխիվի և այլ  գրադարանների միջև առկա համագործակցությունն ընդգրկում է բավական երկար ժամանակաշրջան: Այս համագործակցության արդյունքում ազգային գրադարանը ՀՀ այլ գրադարաններից բերել և թվայնացրել է հարյուրավոր գրքեր և պարբերական հրատարա­կություններ, որոնք բացակայում են  Հայաստանի ազգային գրա­դա­րանի պահոցներում: Շնորհիվ Ազգային գրադարանի աշխատակիցների տքնաջան աշխատանքի այսօր այդ բոլոր տպագիր նյութերի թվային տարբերակները՝ մատենագիտական նկարագրություններով, հասանելի են ընթերցասեր լայն հասարակությանը աշխարհի ցանկացած վայրում՝  «Հայ գիրք» և  «Հայ մամուլ» շտեմարանների միջոցով: Համագործակցության շրջանակում նշված գրադարանների  աշխատակիցներն անտրտունջ տրամադրել են բանավոր և գրավոր տեղեկատվություն, ինչը նպաստել է պարբերականների և գրքերի մատենագիտական նկարագրություններն ամբողջական դարձնելու գործընթացին: Նշված գրադարաններից և թանգարաններից բերվել,  նկարվել և ՀԱԳ-ի շտեմարանում  տեղադրվել է հնատիպ, նոր և նորագույն շրջանի 813 անուն գրականություն:

Միայն 2022 թ. հունվարից մինչև ապրիլ ամիսը  «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ի գրադարանից,  «Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ից    բերվել է   74 անուն գրականություն որոնք նույնպես շուտով հասանելի կլինեն ընթերցողներին:

Ներկայացնում ենք որոշ արժեքավոր գրքեր, որոնք բացակայում են ՀԱԳ-ի հավաքածուներում, սակայն այդ աշխատանքների շնորհիվ այժմ առկա են «Հայ գիրք» շտեմարանում:

Զարդարյան, Վահան Գ.

Յիշ­ատակարան : Հայ երեւելիներու կենսագրութիւնները, լուսանկարները, ձեռագիրները, գրութիւնները եւլն. եւլն: 1512- 1912 հայկական տպագրութեան 400 ամեայ յոբելեանի առիթով: Գեղարուեստական շքեղ տպագրութեամբ / Կազմեց Վ. Գ. Զարդարեան;Հրատ. Վ. եւ Պ. Զարդարեան եղբարք. — Կ. Պոլիս : տպագր. Օնիկ Արզումանի, 1909. — պրակ ; նկ., դիմանկար, 27,5  սմ. — Ազատ մատենաշար թիւ 20 . — Ազատ մատենաշար թիւ 20 .Շարվ. 23X16 սմ.Պրակ Ա (1909, 16 էջ) ;

«Յիշատակարանը» բազմավոնդակ գիրք է, որը իր մեջ ներառում է ազգային պատմական փաստեր երևելի անձանց և նրանց գործունեության մասին։ 1909 թ.    աշխատության մեջ ընդգրկված են վեց երևելիների՝  Խրիմյան  Հայրիկ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Նալբանդյան Միքայել, Պէզճեան Յարութիւն Ամիրա, Օտյան Պողոս, Հայկունի Արմենակ, Քեաթիպեան Յ. մասին տեղեկություններ։

 

Խրիմյան Հայրիկ

Ծնվել է 1820 թվականին Վանում; 1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի

զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1855 թվականի հունիսից մինչև 1856 թվականի հունիս Խրիմյանը Պոլսում հրատարկում է «Արծվի Վասպուրական» ամսագիրը։ 1862 թվականին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը Խրիմյանին է հանձնում Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը։ Տարոնում հիմնադրում է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և 1863 թվականին հրատարակում «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը Գարեգին Սրվանձտյանի գլխավոր աջակցությամբ։ 1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, իսկ 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 1893 թ.-ի  սեպտեմբերի 26-ին օծվում  է Ամենայն հայոց կաթողիկոս այնպիսի մի ժամանակ, որ ինչպես օսմանյան, այնպես էլ ռուսական կառավարության տեսակետները փոխված էին հայերի նկատմամբ և վերջիններս ճնշվում էին խիստ կարգադրությունով և

միջոցներով։

 

 

 

Միքայել Նալբանդյան

Ծնվել է 1830 թվականին Նոր-Նախիջևանում։ 1858 թվականին Ստեփանոս Նազարյանի հետ սկսում է հրա տարակել «Հյուսիսափայլ» ամսաթերթը, որի գլխավոր աշխատակիցը լինելով, հանդես է եկել երկու տարբեր ծածկանուններով։ Հյուսիսափայլի հրատարակումով առաջացան երկու տարբեր կուսակցություններ նոր և հին, Նալբանդյանը նոր կուսակցության պաշտպան էր, որով հին կուսակցության գլուխները սկսեցին մատնության դիմել։  1858-59 շրջանում բացի բանաստեղծություններից, գրել է 30 կարևոր հոդվածներ։

1861 թ. մեկնում է Լոնդոն, հետո Փարիզ, որտեղ հրատարակում է մի գրքույկ, որն էլ պարունակում է վարդապետ Այվազյան Գաբրիելի նամակները ազգային կյանքի վերաբերյալ։

1862 թ. հրատարակում է Երկրագործություն անունով գիրքը Սիմէօն Մանիկեան ծածկանվամբ և ապա ուղևորվում է Հնդկաստան՝ 70 տարի առաջ Նոր նախիջևանի համար կուտակված գումարները ձեռք բերելու նպատակով։ Կալկաթայում շատ նեղությունների ու արգելքների է հանդիպում տեղական լեզուն և օրենքները չգիտենալու համար և սկսում է սովորել լեզուն և օրենքները, այնուհետև վերադառնում է Ռուսաստան։ Այս անգամ իրեն սպասում էր բանտարկություն, ձերբակալելուց հետո նրան  ուղարկում են Պետրոպավլոսկի բերդ, որը հատկացված էր վտանգավոր քաղաքական հանցագործների։ Բանտարկվելու պատճառը մի մասը վերագրում է թշնամիների մատնության, ոմանք ենթադրում են, որ Նալբանդյանը գաղտնի ընկերության անդամ է եղել։

 

Պէզճեան Յարութիւն

   Ծնվել է 1771 թ., հայրը կարսեցի վաճառական Մահտեսի Պօղոս աղա Պէզճի, որը 1768 թ. Պոլիս էր եկել և զբաղվում էր կտավի վաճառքով։ Պէզճեանը 7 տարեկանում հաճախում է Գումգաբուի վարժարանը, ուր հինգ տարի ընթերցանություն, գիր ու հաշիվ սովորելուց հետո կիսատ է թողնում ուսումը և սկսում զբաղվել առևտրով։

 

Օտյան Պողոս

Ծնվել է 1795 թ. Կեսարիայի Մանճուսուն գյուղում։ Տասներկու տարեկան հասակում գնում է Պոլիս և աշխատում ճարտարապետ Պալեան Գրիգորի մոտ։ Պալյանի մահից հետո ստանձնում է ճարտարապետի պաշտոնը։ Ողջ կ յանքի ընթացքում Օտյանը զբաղվել է բարեգործությամբ ու ազգասիրությամբ, հատկապես աշակերտների կրթական, տնտեսական վիճակը, մանկավարժների աշխատանքային, սոցիալական պայմանները, հիվանդանոցների հիվանդների խնամքն ու բուժումը բարելավելու գործում։

 

Հայկունի Արմենակ

Արմենակ Հայկունին ծնվել է 1835 թվականին, Կոստանդնուպոլսում։

1857-1858 թվականներին հրատարկում է «Մուսայք Մասյաց» թատերական պարբերականը։

 

 

Քեաթիպեան Յ.

Ծնվել է 1821 թվականին, Ադրիանապոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Ադրիանապոսլի ազգային վարժարանում, միջնակարգը Կ. Պոլսի համայնքային դպրոցներից մեկում։ 1867 թվականին ընտրվել է Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ։ 1867 թվականի նոյեմբերի 8-ից ընտրվել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ։

 

 

 

  Հա­շիւ նուիրատւութեանց Պարսկա-Հնդկաստանի Հայոց թեմի կրթական հաստատութեանց օգտին յընթացս 1902 թուի / — Նոր-Ջուղա (Սպահան) : տպ. Ս. Ամենափրկիչ վանքի, 1903. — 11 էջ ; աղս. 25 սմ.

 

   Պարսկաստանում հայերն ընդհանրապես համարվել են առաջավոր տարր վաճառականության, երկրագործության և կրթության մեջ համեմատելով տեղական այլ ազգաբնակչության հետ։

Հենց այս երևույթն է եղել գլխավոր պատճառը, որ Իրանի վեհապետները և նախարարապետները միշտ հովանավորել են հայերին, շնորհել են հայ ժողովրդին հրովարտակներով արտոնություններ վաճառականական, կրթական և այլ խնդիրներում։

Ամենալուրջ և անհետաձգելի խնդիրը պարսկահայերի համար կրթական գործն էր: Բազմաթիվ հայաբնակ գյուղեր զրկված էին տարրական կրթությունից. գյուղերի ընտրյալների որդիքը միայն տգետ տիրացուների մոտ այբ-բեն-գիմ էին  սովորում, սաղմոս ավետարան թութակի նման կարդում։ Անհրաժեշտ կարիք և պահանջ կար շուտափույթ բացել գյուղական դպրոցներ, իսկ Թեհրանում, Թավրիզում և Ջուղայում ունենալ մեկական  միջնակարգ կազմակերպված դպրանոց։ Այս խնդրի մասին շարունակ խոսվում և գրվում է լրագրության մեջ, սակայն մեծ մասամբ մնում է «Ձայն բարբառոյ յանապատի»։

Աշխատության նախաբանում հեղինակը մի շատ կարևոր նկատառում է անում. Չափազանցություն չէ ասածս, այլ ցավալի իրողություն։ Որչափ կարողացել եմ այս երկու երեք տարուայ ընթացքում ծանօթանալ պարսկահայոց կեանքի և ամբողջ շրջապատող պայմանների հետ, եկել եմ այն եզրակացության, որ եթէ անհոգությամբ և անտարբերությամբ վերաբերուինք դէպի պարսկահայոց կրթութեան գործին, շատ մօտիկ ապագայում պարսկահայերը կկորցնեն իրենց նշանակությունը, կդառնան մի աննշան տարր։

Այդ իսկ պատճառով Պարսկաստանի հայերի վրա բարոյական մեծ պարտք էր դրվում լուրջ կերպով աշխատել հայկական դպրոցների համար և արդարացնել Շահնշահի հույսերը, որոնք ուղղված են դեպի Իրանի մտավոր, բարոյական և տնտեսական առաջադիմությանը։

Սույն աշխատության մեջ հրատարակված է այն օժանդակող անձանց ցուցակը, որոնք բարեհաճեցին հանձնել հեղինակին 1902 թվին իրենց կամավոր նվիրատվությունները հօգուտ Պարսկա-Հնդկաստանի թեմի կրթական և այլ ազգային բարեգործական հաստատության։

Բժշկեան Արամ
Գարնան դայլայլիկներ : Մանկապարտեզի և տարրական դասընթացքի աշակերտաց համար հատընտիր երգեր / Ա և Բ Մաս Արամ Բժշկեան — Կոստանդնուպոլիս : Հրատ. Բիւզանդական Գրատան, 1905. — 88 էջ ; նոտա 28սմ

 

Այս գործը բաժանված է երկու մասի. Ա. մանկապարտեզներու, Բ. տարրական դասընթացներու։ Մանկապարտեզի երգերի մեջ կգտնվեն աղօթքներ, պարերգեր, շարժական խաղեր և տրամախոսություններ նյութին ու եղանակին հարմար շարժուձևերին վերաբերող ծանոթութիւններ։ Տարրական դասընթացի մեջ երգերի խոսքերն ու եղանակները ընտրված են նույն դասընթացի աշակերտների տարիքին ու կարողության համեմատ։

Երկասիրության մեջ գտնված երգերի եղանակները մասամբ հայ հեղինակների և մյուս մասն էլ Եվրոպայի առաջնակարգ վարպետների գործեր են։ Երգերից յուրաքանչյուրը բարոյական դաս է  պարունակում իր մեջ։

Առաջաբանում  այս գործի տպագրության առթիվ հեղինակը իր երախտագիտություն է հայտնում այն անձնավորություններին, որոնք հարկ եղած աջակցությունն են ցուցաբերել թարգմանությամբ և երկասիրությամբ։

 

 

Հայաստանի ազգային գրադարան

Անձեռնմխելի գրականության բաժին

Վերադառնալ »