ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանի այցը Ռուսաստանի պետական գրադարան

Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, Եվրասիական գրադարանային ասամբլեայի փոխնախագահ Աննա Չուլյանն աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի պետական գրադարանում։ Գրադարանի տնօրեն, Եվրասիայի գրադարանային ասամբլեայի նախագահ Վադիմ Դուդայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ գործունեության մի շարք հարցեր:

Անդրադարձ կատարվեց թվային միջավայրում առկա տեղեկատվության արխիվացման խնդրին։ Գործընկերները ընդհանուր կարծիք հայտնեցին, որ ազգային գրադարաններն իրականացնում են շատ կարևոր պատմական առաքելություն՝ ազգային ինքնության, մշակութային ժառանգության, պատմական փաստերի պահպանման ուղղությամբ։ Թերթերի տպագիր հրատարակություններն, օրինակ, ամբողջական պատկերացում են տալիս, թե ինչ է գրվել տվյալ ամսաթվին։

Նրանք թույլ են տալիս ստուգել տեղեկատվության ճշգրտությունը, քանի որ թուղթն ունի ֆիզիկական հատկություններ. ստուգելը դժվար չէ: Սակայն այսօր տեղեկատվության ճնշող մեծամասնությունը տեղակայված է թվային աշխարհում: Եվ եթե յուրաքանչյուր հրատարակված տպագիր հրատարակություն կրում է հավաստի տեղեկատվություն, ապա թվային փաստաթղթերում տեղեկատվության իսկությունը ստուգելը շատ ավելի դժվար է։ Այս համատեքստում զգալիորեն մեծանում է գրադարանների նշանակությունը և դերը՝ որպես չխեղաթյուրված փաստական ​​տվյալների պահապաններ:

Թուղթն ավելի հուսալի է: Մենք պետք է տեղեկատվություն արտատպենք կայքերից և սոցիալական ցանցերից։ Բայց կա տեղեկատվության ընտրության խնդիր՝ ինչ է պետք տպել թվային տիրույթից, ինչ է հարկավոր պահպանել  ապագա հետազոտողների ու սերունդների համար։

Վադիմ Դուդա

Մենք՝ ազգային գրադարանների տնօրեններս, իրավունք ունե՞նք որոշելու, թե որ լրատվական կայքերի նյութերը պահենք, որոնք՝ ոչ։ Ահա հարցը… Սա մեծ երկընտրանք է մեզ՝ գրադարաններիս համար:

Աննա Չուլյան

Վադիմ Դուդան և Աննա Չուլյանը խոսեցին ազգային մատենագրության մշակման հնարավորությունների մասին, որը ներառում է երկու երկրների տարածքում հրապարակված բոլոր տեսակի փաստաթղթերի նկարագրություններն ու համակարգումը։ Վադիմ Դուդան ընդգծել է, որ Ռուսաստանի պետական գրադարանը պատրաստ է համագործակցել Հայաստանի գրադարանների հետ, իրականացնել փորձի փոխանակում:

Ռուսաստանի պետական գրադարանի  և Հայաստանի ազգային գրադարանի տնօրենների հաջորդ հանդիպումը կկայանա  սեպտեմբերի կեսերին Մինսկում՝ Եվրասիական գրադարանային ասամբլեայի անդամների 26-րդ ընդհանուր ժողովին:

2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Ժառանգության պահպանում հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։ Համաժողովին կմասնակցեն Լենինկայի ղեկավարությունը և առաջատար մասնագետները:

Վերադառնալ »