Կինոազդագրերն ու կինոպլակատները՝ Հայաստանի ազգային գրադարանում

Ազգային գրադարանի ֆոնդերը հարուստ են ոչ միայն գրքերով ու մամուլով: Գրադարանի պահոցները բազմաշերտ են: Արվեստի բաժնում խնամքով ու հոգատարությամբ պահվում են հին ու նոր ազդագրեր (թվով՝ 8125 հատ) ու պլակատներ(թվով՝ 62 463 հատ), որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում կինոյի ազդագրերը: Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենաարժեքավորները՝ մի քանի հայկական և 10-ից ավելի ռուսական ու արտասահմանյան ֆիլմերի: Նախ` ձևակերպենք ազդագրի և պլակատի տարբերությունը. ազդագիրը բնակավայրերի պատերին փակցված հայտարարություն է, ծանուցում: Իսկ պլակատն առաջին հերթին պատկերային մեսիջ է, եթե նույնիսկ տեքստ է պարունակում, ապա այն ագիտացիոն, գովազդային կամ գեղարվեստական բնույթ ունի:
Ազգային գրադարանի կինոազդագրերի մի մասը հայկական արտադրության են, մյուսը՝ ռուսական: Հայկականներից ամենահինը Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմի ազդագիրն է:

Ազդագրում կնկատեք զավեշտալի վրիպակներ, որոնք ուրույն ձևով նկարագրում են ժամանակի շունչը:
Չնայած հանճարեղ Համո Բեկնազարյանը հայկական կինոյի հսկան է, բայց «Զանգեզուր» ֆիլմը մեծ արժեք չի ներկայացնում, քանի որ խորհրդային պրոպագանդայի և խստագույն թելադրանքների արդյունքում է նկարահանվել. ֆիլմում աղավաղված է հայ ժողովրդի մեծագույն հերոսներից մեկի՝ Գարեգին Նժդեհի կերպարը:
Իսկ Համո Բեկնազարյանի մեկ այլ ֆիլմում՝ «Դավիթ Բեկ»-ում, շատ բարձր է ներկայացված ազգային ոգին: 1943թ-ին նկարահանված այս ֆիլմը պատմում է 18-րդ դարում հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսիկ նվաճողների դեմ: Գլխավոր դերում հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանն է:
Ազգային գրադարանում պահպանվել է ֆիլմի պլակատը՝ շատ նուրբ ու բարձրաճաշակ գունային ձևավորմամբ:

Հաջորդ բավական հետաքրքիր նմուշը Դերենիկ Դեմիրճյանի համանուն պիեսի հիման վրա 1940թ-ին նկարահանված «Քաջ Նազար» ֆիլմի(ռեժ.՝ Ամասի Մարտիրոսյան) ազդագիրն է: Այն աննկարագրելի բարակ է,  թվում է՝ կպչես, կպատռվի, փոքրիկ ծակեր ունի, ծայրերից ծալծլված է: Եվ հենց այդ փխրունությունն էլ, կարծես, նրան դարձնում է ավելի հետաքրքիր:

Իսկ ֆիլմի մասին երկու կարևոր փաստ կարելի է նշել՝
1. Դեմիրճյանի պիես-հեքիաթն էնքան հավաստի ու օրգանական է նկարահանված, որ թվում է, թե վավերագրություն է, ոչ թե կինոբեմադրություն:

  1. Ամասի Մարտիրոսյանի ժամանակակիցներից խմբագիր-կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ 1940-ին՝ Ստալինի կենդանության օրոք, նկարահանել ֆիլմ Քաջ Նազարի մասին, բավական մեծ քաջություն էր պահանջում: Եվ հետաքրքիրն այն է, որ ֆիլմն առանց խոչընդոտների բարձրացել է էկրաններին:

Այսօր մենք սովոր ենք ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկանալ համացանցից, հեռուստատեսային գովազդներից, բայց 20-րդ դարում ու հատկապես դարասկզբին մարդիկ ազդագրերի փակցվելուն անհամբերությամբ էին սպասում, որովհետև միայն դրանք էին ծանուցում սպասվելիք հետաքրքիր իրադարձությունների մասին: Ազդագիրը նույն ինքը աֆիշն է, ֆրանսերեն affiche(հայտարարություն) բառից: Դեռ 19-րդ դարի վերջում, երբ կինոն արդեն ծնունդ էր առել, և մարդիկ հաճախում էին դիտումների, կարիք եղավ ստեղծելու կինոազդագիր կոչվածը: Սկզբում կինոազդագրերը ձեռքով էին նկարում, գրում, հետո, երբ պահանջարկը շատ մեծացավ, սկսեց դրանց տպագրությունը: Բայց նույնիսկ 20-րդ դարի կեսերին Խորհրդային միությունում ավանդույթ կար ազդագրերի ինֆորմացիան գրել ու նկարել այնպիսի մակերեսի վրա, որից հնարավոր լիներ որոշ ժամանակ անց այն լվալ, և նորը գրել, այդ իսկ պատճառով շատ ազդագրեր չեն պահպանվել և դրանց մասին տեղեկանում ենք միայն արված պատահական լուսանկարներից: Կան կոլեկցիոներներ, որոնք հայտնի ֆիլմերի ազդագրերի ու պլակատների մեծ հավաքածուներ ունեն: Որոշներն անհավանական թանկ գներով են ձեռք բերվում: Ազդագրի կամ պլակատի արժեքը կախված է ֆիլմի հայտնիության ու կինոյի պատմության մեջ կարևորության չափից, իր ֆիզիկական վիճակից, թե ինչքան թարմ է պահպանվել, արդյոք ունի ծակեր, պատռված եզրեր, ծալքեր, թե ոչ:
Մինչ այսօր ամբողջ աշխարհում ամենաթանկ գնով (690 000$) վաճառվածը համարվում է Ֆրից Լանգի «Մետրոպոլիս»(1927թ.) գիտաֆանտաստիկ ֆիլմի  պլակատը(ստորին հատվածում առանց տիտրերի):

Կարծիք կա, որ կինոազդագրերն ու կինոպլակատները հետաքրքիր են հենց միայն կինոյի մասնագետներին, որ միայն նրանք են լիովին հասկանում տվյալ ազդագրի դերը, նշանակությունն ու կարևորության չափը: Բայց այդ կարծիքն ունի ճշմարտության միայն մեկ կողմ, քանի որ գնալով ավելանում է այն արվեստասեր մարդկանց թիվը, որոնք իսկապես արժևորում են պատմական նշանակություն ունեցող նյութեղեն ապացույցները:
Վերադառնանք մեր գրադարանային նմուշներին և ներկայացնենք հայկական ազդագրերից ևս մի թանկ ու հին նմուշ՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի ազդագիրը:

Ներքևում  կնկատեք կարճ սինոփսիս, որը ոչ շատ հաճախ է հանդիպում ազդագրերի վրա:
«Բարև, ես եմ»-ը խորհրդային շրջանի միակ հայկական ֆիլմն է, որ մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին(1966թ-ին): Մինչ օրս կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին ոչ մի հայ կինոռեժիսոր այսքան առաջադեմ ու բանաստեղծական լեզվով  չի խոսել:

Ստորև ներկայացնում ենք կինոազդագրերի և կինոպլակատների ևս 16 օրինակ, որոնք հատկապես կինոսերների համար կարող են բավական հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով ֆիլմերից որոշների հայտնիությունը:

 

Անի Հակոբյան, 2022թ.
Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի գրադարանավար