Լազարյան ճեմարանի գրադարանը Հայաստանի ազգային գրադարանում

ԱԴԱՄՅԱՆ ԱԼԻՍԱ

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ

ՄՈՍԿՎԱՅԻ ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Բանալի բառեր` Լազարյան ճեմարանի, գրադարան, հայոց պատմություն, ազգային հավաքածու:

Keywords. Lazarian Seminary, Library, Armenian History, National Collection.

Լազարյան ճեմարանն ուսումնական հաստատություն էր, հայագիտական և արևելագիտական խոշոր կենտրոն: Մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց դպրոցաց» և այլ պատվանուններով:

Հայ ժողովրդի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ իրենց հայրենիքի սահմաններից շատ հեռու հայերը ստեղծել են ազգային մշակույթի օջախներ՝ հասարակական մտքի, կրթության, գիտության, արվեստի, գրատպության կենտրոններ: Այդ կենտրոններից յուրաքանչյուրն աչքի է ընկել իր ինքնատիպությամբ և իր դրական դերն է ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կենսակերպի կերտ- ման գործում:

Լազարյանների ընտանիքը (հայրը՝ Աղազար Նազարի Լազարյան, մայրը՝ Աննա Հովակիմովնա, որդիները՝ Հովհաննես, Մինաս, Խաչատուր , Հովակիմ և դուստրը ՝ Աննա) Ռուսաստան էին տեղափոխվել Իրանից և 18-րդ դարի կեսերին հաստատվել Մոսկվայում և Պետերբուրգում: Սկզբում հիմնադրել են մետաքսի մանուֆակտուրա, ապա 70-ական թվականներին իրենց հետաքրքրությունն ուղղե- լով լեռնարդյունաբերության ոլորտը՝ դարձան լեռնարդյունաբերական ձեռնարկու- թյունների խոշորագույն տերեր:

Լազարյանները թղթակիցներ ունենալով Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Եվրո- պայի շատ երկրներում, լավ էին կողմնորոշվում միջազգային քաղաքական իրադրության մեջ, կապ էին պահպանում վրացական թագավորական տան և Հնդկաստանի ազդեցիկ հայերի հետ: Հովհաննես արքեպիսկոպոս Արղությանի հետ Հովհաննես Լազարյանը մասնակցել է Ռուսաստանի հովանու ներքո հայկական պետության վերականգնման նախագծերի նախապատրաստմանը:

Հովհաննես Աղազարի Լազարյանը լավ էր հասկանում կրթության նշանակությունը և՛ ազգային-ազատագրական շարժման համար, և՛ հայկական գաղութների կյանքում: Լազարյաններն իրենց շատ կալվածքներում կառուցել են դպրոցներ և ճարտարապետական առումով գեղեցիկ եկեղեցիներ:

Չնայած որ ցարական Ռուսաստանի պաշտոնական շրջանները ոչ միայն չէին օգնում, այլ, ավելի շուտ, խոչընդոտում էին հայկական ուսումնական հաստատությունների ստեղծմանը, բայց և այնպես երկրի տարբեր քաղաքներում՝ Մոսկ- վայում, Նոր Նախիջևանում, Աստրախանում, Թիֆլիսում հիմնադրվեցին հայկա- կան ուսումնարաններ, տպարաններ: Այդ ուսումնական հաստատությունները մասնավոր էին, ստեղծված բարեգործական միջոցներով և ոչ մի աջակցություն չէին ստանում կառավարության կողմից:

Հայկական առաջին տպարանը Ռուսաստանում հիմնվեց Գրիգոր Խալդար- յանի կողմից: Խալդարյանները Լազարյանների նման հայտնի ընտանիք էին և նրանց արմատները գալիս էին Նոր Ջուղայից: Այս տպարանում լույս տեսան հայ

ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող գրքեր, ինչպիսիք էին Հովսեփ Արղությանի խորհրդով տպագրված «Այբբենարան»-ը, «Ժամագիրք»-ը, Ներսես Շնորհալու «Յիսուս որդին», «Աստուածաղերս»-ը , «Գիրք որ կոչի ընդհանրական»-ը, մի շարք բառարաններ և այլ կրոնական և աշխարհիկ բովանդակություն ունեցող գրքեր:

Սկզբում տպարանը տեղավորված էր Պետերբուրգում, Հովհաննես Լա- զարյանի տանը: Տպարանի գործունեությանը օժանդակելու նպատակով Հովսեփ Արղությանը Կոստանդնուպոլսից հրավիրում է Թադեոս վարդապետ Մարուգյանին, որը համարվում էր «քաջ հայկաբան»: 1788 թ. Արղությանը դիմում է Պետերբուրգի և Մոսկվայի բարձրապատիվ աստիճանավորներին, որպեսզի օժանդակեն Խալդարյանի մահից հետո տպա- րանի վրա ծանրացած պարտքերը վճարելուն և տպարանը Նոր Նախիջևան փոխադրելուն:

Նոր Նախիջևան փոխադրվելուց հետո Խալդարյանի տպարանը վերանվանվեց «Տպարան նորին բարձր սրբազնության», որտեղ լույս տեսան Ալեքսանդր Ջուղայեցի կաթողիկոսի ՝ «Գիրք որ կոչի Աղօթամատույց»-ը Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից, որ կոչի զբոսարան հոգևոր», Ղազար Ջահկեցու

«Գիրք աղօթից որ կոչի Աստուածաղերս» և այլ արժեքավոր գրքեր: Միևնույն ժամանակ աշխատանք էր կատարվում ռուսական շրջաններին հայկական իրականության հետ ծանոթացնելու համար:

Նշանակալից պետք է համարել Հովհաննես Լազարյանի և Հովսեփ Արղությանի նախաձեռնությամբ ու Վառլան Վահլամովի թարգմանությամբ ռուսերեն լեզվով «Յորդորակի» հրատարակումը 1786 թ.: Դա այն գիրքն էր, որը ժամանակին դատապարտվել էր այրման Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրամա- նով:

Տպարանում լույս տեսան այնպիսի գրքեր, որոնք մեծ նշանակություն ունեին հայ ժողովրդի բախտի համար: Միևնույն ժամանակ այդ գրքերը կրում էին նոր գաղափարներ, նոր մտքեր: Հենց այս առավելությունն էր պատճառ հանդիսանում, որպեսզի Հովակիմ Լազարյանը ցանկություն հայտնի տպարանը Մոսկվա տեղափոխել և այնտեղ ուսումնարան հիմնել:

Լազարյանի գործունեության կարևորագույն էջերից մեկը, անկասկած, պետք է համարել ճեմարանի հիմնադրումը: Լազարյանների իսկ ավանդությամբ, Մոսկվայի հայկական ուսումնական հաստատության հիմնադիր ճանաչվում է Հովհաննես Աղազարի Լազարյանը: 1800 թ. հունվարի 4-ին կազմած կտակում նա հանձնարարում է իր ժառանգ և կրտսեր եղբայր Հովակիմ Աղազարի Լազարյանին խնամակալական խորհուրդ մուծել երկու հարյուր հազար ռուբլի ասիգնացիաներով, որպեսզի տոկոսներից կազմված նշանակալի գումարով ժամանակի ընթացքում «մի վայելուչ շենք կառուցվի հայ ազգի չքավոր երեխաների դաստիարակության և ուսումնառության համար»:

1812 թ. Հովակիմ Լազարյանը ձեռնամուխ է լինում ուսումնական հաստատության շինարարությանը Մոսկվայի, այն շրջանում, որը վաղուց բնակեցված էր հայերով, և որտեղ Լազարյանները հողամաս ու տուն ունեին: Մոսկվան, լինելով Ռուսաստանի մշակութային խոշոր կենտրոն, հնարավորություն էր ընձեռնում ապահովելու ուսումնարանը բարձրորակ դասախոսներով, բավարարելու ուսանողների անհրաժեշտ կարիքները ուսման բնագավառում: Այդ տարիներին Լազարյանը խորհրդակցում է պետական խորհրդական Սոկոլովի, ակադեմիկոս Մելնիկովի, ճարտարապետ Պրոստակովի և շատ ուրիշ անվանի դեմքերի հետ շենքի նախագծի վերաբերյալ:

1814 թ. տեղի է ունենում ճեմարանի հիմնադրման միջոցառումը: Ճեմարա- նի մեկենասները ուսումնական հաստատության հիմնադրումը հաշվում են 1815թ. այն պարզ պատճառով, որովհետև այդ թվականին ճեմարանի շենքի կառուցումը արդեն հիմնականում ավարտված էր, դասավանդվում էին տարբեր գիտություններ, ավելացել էր ուսուցիչների և աշակերտների թիվը: Փաստորեն ճեմարանի 1814թ. մասնակի բացման իրողությունն անտեսվել էր: Հիմնադրումից հետո շուտով Լազարյան ճեմարանը մեծապես գերազանցեց մասնավոր ուսումնական հաստատության շրջանակները: Այն կարելի է համարել հասարակական մեծ նշանակություն ունեցող ազգային նախաձեռնություն:

Լազարյան ճեմարանը այն հազվագյուտ ուսումնական հաստատություն- ներից էր, որտեղ առանց ազգային դավանանքի խտրականության ուսանում էին հայեր, ռուսներ, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ: Լազարյանները համառությամբ և եռանդով ջանում էին ճեմարանին կից տպարան ստեղծել, որը սկսեց գործել 1829 թ. հունիսին: Թողարկելով արևելյան և արևմտյան լեզուներով գրականություն և մասնավորապես դասագրքեր, հրատարակելով հուշարձաններ, թարգմանություններ, հետազոտություններ, Լազարյան ճեմարանը մեծ լումա ներդրեց հայկական արևելագիտության մեջ:

Տպարանում 13 լեզվով տպագրվել են բազմաթիվ գրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, հետազոտություններ՝ Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի ժողովուրդների լեզուների, գրականության, պատմության, մշակույթի մասին…

Անցյալ դարի 30-ական թվականներից սկսում է լույս տեսնել «Հայ ժողովրդի պատմության տեսության վերաբերյալ վավերագրերի ժողովածու»-ի ռուսերեն լեզվով երեք հատորները1: Հատուկ հիշատակության են արժանի նաև Մկրտիչ Էմինի ( Ճեմարանում աշխատել է 1838-1882 թթ.) գումարով պարբերաբար հրատարակվող «Էմինեան ազգագրական ժողովածուները», որը նպաստել է հայ ազգագրության և բանահյուսության հավաքման, հրատարակման և ուսումնասիրման գործին: «Էմինեան ազգագրական ժողովածու»-ի շնորհիվ հրապարակ եկան բանահյուսական-ազգագրական նշանավոր հավաքածուներ: Գրի են առնված «Սասնա ծռեր»-ի 4 պատում, ժողովրդական վեպերի ու սիրավեպերի 32 պատում, 117 հեքիաթ ու առակ, 276 երգ, 7861 առած, ասաց-վածք, հանելուկ և այլն: Մեծ արժեք են ներկայացնում Հ. Աճառյանի «Թուրքե- րէնէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ», «Հայ բարբառագիտութիււն», «Հայերէն գավառական բառարան» աշխատությունները:

1799 թ. Հովհաննես Լազարյանի պահանջով Գրիգոր վարդապետ Տեր- Ստեփանյանի կազմած կանոնադրությունը և Հովակիմ Լազարյանի Ճեմարանի հիմնադրմանը վերաբերող գրագրությունները հավաստում են, որ Լազարյանների սկզբնական նպատակն էր հիմնել մի «ընդհանրական» գիմնազիական տիպի ուսումնական հաստատություն ՝ չորս դասարաններով, յոթ-յոթ տարվա տևողությամբ, 30-40 որբ ու աղքատ հայ երեխաների կրթելու և դաստիարակելու նպատակով: Հանգամանքների բերումով և ժամանակի թելադրանքով ճեմարանը փոփոխություններ է կատարում, և իր գործունեության նպատակը դարձնում դառնալ ազգային կրթության կենտրոն, պահպանել ազգային ինքնաճանաչողության ոգին, պատրաստել ուսուցիչներ հայկական դպրոցների և հոգևորա- կաններ՝ հայ առաքելական եկեղեցու համար, սաներին տալ գիմնազիական կրթություն, հանրակրթական պատրաստություն ՝ պետական ծառայության անցնելու և համալսարան ընդունվելու համար, լինել արևելագիտության կենտրոն, պատրաստել թարգմանիչներ և դիվանագիտության բնագավառի աշխատողներ:

Հայ եկեղեցին իր պահանջներն ուներ ճեմարանի նկատմամբ, առանձին պահանջներ ու սպասելիքներ ուներ նաև ցարական կառավարությունը:

Բազմաբովանդակ լինելը ենթադրում էր նաև բազմառարկայություն: Լազարյան ճեմարանը համալսարան ընդունվել նախապատրաստելու նպատակով իր սաներին տալիս էր գիմնազիական կրթություն, ուսուցանում էր հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, թվաբանություն, եռանկյունաչափություն, երկրաչափություն, հանրաաշիվ, բնագիտություն, ճարտասանություն, տրամաբանություն, ֆիզիկական և քաղաքական աշխարհագրություն, պատմություն, հնազննություն, վայելչագրություն, նկարչություն վիճակագրություն, երգ, պար, քրիստոնեական վարդապետություն՝ «ըստ հայոց և ռուսաց»: 1837 թ. ճեմարանը երկրորդ կարգի դպրոցնե- րի շարքը դասվելու կապակցությամբ, գիմնազիական բաժնի ուսումնական պլանը համալրվում է հունարենով, որի դասավանդումը շատ կարճ է տևում:

1841 թ. ճեմարանին կից բացված հոգևոր բաժնում, բացի գիմնազիական ընդհանուր դասընթացից սաները լրացուցիչ դասախոսություններ էին լսում կրոնական առարկաներից, իսկ ուսուցչի կոչման համար նախապատրաստվող- ները սովորում էին գեղագիտություն, տրամաբանություն և հոգեբանություն: Նման կառուցվածքը հնարավորություն էր տալիս այս բաժնի սաներին հոգևորականի գործից բացի զբաղվել նաև ուսուցչությամբ : Ճեմարանի դասընթացը ծանրաբեռնված էր: Առանձնապես ծանրաբեռնված էին այն սաները, որոնք

բացի ընդհանուր գիմնազիական դասընթացից, սովորում էին նաև արևելյան լեզուներ: Լազարյան ճեմարանում բոլոր գիտությունները դասավանդվում էին ռուսաց լեզվով, բացառությամբ եվրոպական և արևելյան լեզուների: Այլազգիների համար բացված դպրոցներում դասավանդումը տանելով ռուսաց լեզվով, ցարական կառավարությունը նպատակ ուներ սահմանափակել ազգային դպրոցների ինքնուրույնությունը և ազգային բնույթը: Սակայն Լազարյանները, ուսուցումը ռուսաց լեզվով իրականացնելով, հետապնդում էին այլ նպատակներ ՝ հայ և այլազգի երիտասարդությանը մերձեցնել Ռուսաստանին, օգտակար լինել երկու ժողովուրդների քաղաքական ու մշակութային կապերի զարգացման գործին, հայ երիտասարդների համար ռուսական բարձրագույն դպրոցներում սովորելու հնարավորություն ստեղծել:

Ռուսաց լեզվով դասավանդումը չկարողացավ խանգարել, որպեսզի ճեմարանը հանդես գար որպես հայկական դպրոց և պաշտպաներ իր ազգային բնույթը: Լազարյանները չէին մոռանում հիշեցնել, որ ճեմարանը հայկական դպրոց է, գերազանցապես հիմնադրված հայերի համար և ամեն կերպ աշխատում էին պաշտպանել ուսումնական հաստատության ազգային առանձնահատ- կությունները:

1844 թ. դպրոցը ուներ 105 աշակերտ: Ճեմարանի հիմնադիրները, ուսումնական հաստատությունը որակյալ մանկավարժներով, տեսուչներով և վերակացուներով ապահովելու հետ մեկտեղ, մտածում էին ուսումնական ձեռնարկների և դպրոցին կից գրադարան հիմնելու մասին: 1858թ-ից ճեմարանում գործել է նաև թատրոն: Ներկայացումներին մասնակցել է ռուս նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Կոնստանտին Ստանիսլավսկին. այդ շրջանում նա սովորել էր ճեմարանում :

Տարբեր տարիներին ճեմարանում դասավանդել են հայ և օտարազգի նշանավոր գործիչներ՝ բանաստեղծ և մանկավարժ Հարություն Ալամդարյանը, Ս. Կարնեցին, գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանը, լեզվաբան և մանկավարժ Միքայել Սալլանթյանը, բանաստեղծ և հրապարակախոս Սմբատ Շահազիզը, բանաստեղծ, լեզվաբան, ազգագրագետ և հնագետ Վսեվոլոդ Միլլերը, Ստեփանոս Նազարյանցը, Գևորգ Քանանյանը և ուրիշներ: Ճեմարանավարտ սաներից ուսումնական հաստատությունում ուսուցչություն էին անում հայտնի հայագետ Կարապետ Կուսիկյանը, Խաչատուր Քուչուկ-Հովհաննիսյանը, Լևոն Մսերցյանը և այլոք, որոնք մեծ ավանդ են ունեցել հայագիտության զարգացման հետագա գործում:

Այստեղ են սովորել բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Տերյանը, Առաքել Բահաթրյանը, Երվանդ Շահազիզը, գիտնականներ և գրականագետներ Մկրտիչ Էմինը, Քերովբե Պատկանյանը, Գրիգոր Խալաթյանը, Լևոն Մսերյանցը, Կարո Մելիք-Օհանջանյանը, մանկավարժներ Գևորգ Աբովյանը, Սեդրակ Մանդինյանը, նկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը, ռուսական մշակույթի հայտնի դեմքեր Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Միխայիլ Գլինկան, Յուրի Վեսելովսկին, Կոսնստանտին Ստանիսլավսկին և ուրիշներ:

Լազարյան Ճեմարանը իր մեկդարյա գոյության ընթացքում բացառիկ ու կարևոր էր հայագիտության, արևելագիտության, հայ դպրոցի և մանկավարժական մտքի զարգացման, հայ երիտասարդությանը ռուս և եվրոպական առաջավոր հասարակական-քաղաքական շարժումներին հաղորդակից դարձնելու գործում: Հակառակ ամեն տեսակի արտաքին միջամտությունների, ներքին դավերի, ճեմարանը անվարան հետևեց իր գլխավոր նպատակին՝ ծառայեց հայ ժողովրդի լուսավորության գործին:

Մեծ է ճեմարանի վաստակը հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերը և հնամենի բարեկամությունը ամրապնդելու և զարգացնելու գործում: Շնորհիվ ճեմարանի, հայ առաջավոր երիտասարդությունը հաղորդակից դարձավ ռուս առաջավոր մշակույթին, հասարակական-քաղաքական շարժումներին: Լազարյան ճեմարանի թողած մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն է ունեցել և շարունակել է ունենալ հայ ժողովրդի մշակույթի զարգացման գործում:

1921 թ. Լազարյան ճեմարանը վերակազմավորվել է Մոսկվայի արևելագի- տության ինստիտուտի, որտեղ 1921-1953 թթ. գործել է Մոսկվայի հայ մշակույթի տունը:

Ճեմարանն ուներ հարուստ գրականություն՝ տարբեր վայրերի հրատարակություններ, ինչպես նաև 1828 թ-ից իր՝ ճեմարանի տպարանի՝ եվրոպական և արևելյան տարբեր լեզուներով հրատարակություններ: Գրադարանի ֆոնդերում գերակշռում էին ուսումնական ձեռնարկները, մենագրությունները, հետազոտությունները`   Մերձավոր   Արևելքի   և   Անդրկովկասի   ժողովուրդների   լեզուների, գրականության, պատմության, մշակույթի մասին:

Չնայած դեռևս 1921 թ. որոշվել էր հայկական միջոցներով ստեղծված Լազարյան ճեմարանը վերանվանել «Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն» և այն իր ամբողջ նյութական ու մշակութային արժեքներով հանձնել

Հայաստանի կառավարության տնօրինության տակ, սակայն Ռուսաստանի իշխանությունները չէին պատրաստվում այդ հարուստ գրադարանը հանձնել ՀԽՍՀ-ին: Գրադարանի Երևան փոխադրումը ձգձգվել է, որովհետև Մոսկվայում մի շարք հեղինակավոր անձիք դեմ էին գրադարանի փոխադրմանը: Ենթադրվել է, որ նախ՝ դրանից օգտվող չի լինի, և երկրորդ՝ պահել ու կարգի բերել չեն կարողանալու և կարող է կորստյան մատնվել մի գրադարան, որի նմանը Միության մեջ այն ժամանակ չկար:

1925 թ. դեկտեմբերի 1-ին Երվանդ Թաղիանոսյանը գրում է Լուսժողկոմատին, որ Մոսկվայից ստացել է Լազարյան ճեմարանի գրադարանը՝ ամփոփված 144 արկղերի մեջ և ժամանակավորապես տեղավորել է գրադարանի ներքնահարկում: «…Արկղերից յուրաքանչյուրի քաշը 5-6 փութ է: Իմ հաշվով այդ

144 արկղերի մեջ մոտ 20 հազար գիրք պիտի լինի…. Լազարյան ճեմարանի գրքերից 30 արկղ ուղարկված է եղել, բոլորովին պատահական կերպով համալ- սարանի հասցեով: Ինձ թվում է , որ պետք է պահպանել Լազարյան ճեմարանի ՝ մի հին ու պատկառելի կուլտուր-կրթական հիմնարկության գրադարանի ամբողջականությունը գեթ այն մասի, որ ուղարկվել է Հայաստան… Եթե այս ծրագիրը իրագործվի, մեր գրադարանը կլինի առաջնակարգ գրադարաններից մեկը ամբողջ Կովկասում»:3

Լուսժողկոմ Ա. Մռավյանը որոշում է սխալմամբ ուղարկված գրականությունը միացնել և կենտրոնացնել Հանրային (այժմ՝ ազգային) գրադարանում: Նրա մահվան պատճառով այն չիրագործվեց:

Այժմ Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնում պահպանվում է Լազարյան ճեմարանի գրադարանի հավաքածուի 25.046 միավոր գրականություն:

Վերադառնալ »