ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ 10 ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ

1.Շահան Շահնուր, «Նահանջ առանց երգի»«Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ. կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր։ Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն։ Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ ու գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին»։

Վեպը` առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ  Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով:

Վեպի նյութը 1920-1930-ական թվականների ֆրանսահայ գաղութի կյանքն է՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով և դրսևորումներով։ Շ. Շահնուրը հայ և ֆրանսիացի հերոսներով կարողացել է պատկերել ֆրանսահայ կյանքը, իրատեսորեն ցույց տվել սփյուռքահայության օրավուր ահագնացող նահանջը` փորձելով սթափեցնել աշխարհացիր հայությանը: «Նահանջը առանց երգի» վեպը հայի վեցդարյա նահանջը, արտագաղթը իր մեջ խտացրած XX դ. համահայկական ցավի ու տառապանքի, ցասման և ընդվզման «Տրտունջքն» է:

https://is.gd/GsujMj

2. Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»…Սերը հրաշալի բան է: Բայց միշտ երկուսից մեկը սկսում է ձանձրանալ: Իսկ մյուսը մնում է ձեռնունայն…Սառում-մնում է և ինչ-որ բանի սպասում…Սպասում է խենթի նման:

1933-ին Ռեմարկը ներկայացրել է վեպի միայն մաքրագիրը՝ «Պատ» վերնագրով, իսկ «Երեք ընկեր» վերնագրով վեպը հրատարակվեց միայն 1936-ին, թարգմանվեց ռուսերեն, ֆրանսերեն, մինչդեռ գերմաներեն հրապարակվեց միայն 1951-ին:

Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն առաջին անգամ 1972 թվականին առանձին գրքով Շահեն Թաթիկյանի թարգմանությամբ: Հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը։ Երկրորդ անգամ հրատարակվել է 2018 թվականին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից՝ Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գլխավոր հերոսը՝ Ռոբին հանդիպում է հմայիչ Պատրիսիա Հոլմանին։ Տարբեր ճակատագրերի տեր այս մարդիկ սիրահարվում են միմյանց: Վեպը պատմում է նրանց սիրո մասին այդ տարիների ճգնաժամի հորձանուտում:

https://is.gd/C9A9aL

3. Միխայիլ Բուլգակով,«Վարպետը և Մարգարիտան»…Ցավն այն չէ, որ վիրավորական են խոսքերը, այլ՝ որ ճշմարտություն են բովանդակում։Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։    Վեպը թարգմանվել է հայերեն Արմեն Հովհաննիսյանի կողմից՝ հրատարակվելով 1985 թվականին: «Վարպետը և Մարգարիտան» վեպի հայերեն նոր հրատարակությունը ընթերցողին է ներկայացվում վերամշակված թարգմանությամբ, հարուստ ծանոթագրություններով և Արմեն Աթանյանի՝ վեպի թեմաներով արված կտավների վերատպություններով:

«Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման։ Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում։

https://is.gd/1JLKU1

4.Գի դը Մոպասան, «Սիրելի բարեկամ»

… Սիրած էակի մոտ հրաշալի ժամեր անցկացնելուց հետո մարդ ենթարկվում է մի անօրինակ տիրակալության, որը միաժամանակ և՜ մտերիմ է, և՜ անորոշ, և՜ հուզիչ, և՜ հիասքանչ, որովհետև խորհրդավոր է:

«Սիրելի բարեկամ» վեպը կարերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ սրտով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար: «Սիրելի բարեկամ» վեպը գրվել է 1885թվականին:

https://is.gd/E1TBlY

5.Համո Սահյան, «Դաղձի ծաղիկ»

Ի՞նչ եղավ…

Մենք մեզանից

Հեռացանք կամաց-կամաց,

Մեկմեկու հիշել անգամ

Մոռացանք կամաց-կամաց։

Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուներից է, լույս է տեսել 1986 թվականին Երևանում՝ «Սովետական գրող» հրատարակչությունում։ 2006 թվականին վերահրատարակվել է «Դաղձի ծաղիկեր» բանաստեղծությունների ժողովածուն: Այս ինքնատիպ ժողովածուն ամբողջացնում է Համո Սահյանի քնարերգությունը, որը 20-րդ դարի հայ գրականության մեջ դարձավ ուղղություն:

https://is.gd/uYRjWh

6. Գյուստավ Ֆլոբեր «Տիկին Բովարի»

«Այնքան հաճելի է կյանքի հիսթափություններից հետո կարողանալ երևակայությամբ պատահել ազնիվ նկարագիրների, մաքուր սիրո և երջանկության պատկերների»:

«Տիկին Բովարի» կամ «Մադամ Բովարի» -ն Գյուստավ Ֆլոբերի վեպն է, որը առաջին անգամ տպագրվել է 1856 թվականին։ Համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Վեպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, բժշկի կին է, որն արտաամուսնական կապեր է հաստատում՝ հույս ունենալով ազատվել գավառական կյանքի դատարկությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, անգամ բավական ժամանակակից, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող՝ Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության՝ ձգտելով ճիշտ մատուցել բառերը։ Վեպը տպագրվել է Փարիզի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում 1856 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը։

Վեպի հիման վրա ֆիլմեր են նկարահանել Ժան Ռենուարը, Վինսենթ Մինելին, Ալեքսանդր Սոկուրովը, Կլոդ Շաբրոլը և այլք։ Գլխավոր դերը կատարել են Վալենտինա Տեսյեն, Պոլա Նեգրին, Մեչա Օրտիսըմ, Ջենիֆեր Ջոնսը, Իզաբել Յուպերը, Էդվիժ Ֆենեկը, Սեսիլ Զերվուդակին և Ֆրենսիս օ’Կոնորը։

https://is.gd/Juz8vA

7. Ուիլյամ Ֆոլքներ «Շառաչ և Ցասում»«Իմ ամենագեղեցիկ պարտությունը»,- ասել է Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի մասին, որը Քոմփսընների գերդաստանի բարոյական անկման և ողբերգական վախճանի պատմությունն է:

«Շառաչն և ցասում», ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների վեպը, որ հրատարակվել է 1929 թվականին Jonathan Cape and Harrison Smith. հրատարակչության կողմից։ Վեպում հեղինակը կիրառում է մի շարք նկարագրական ոճեր, այդ թվում՝ գիտակցության հոսք, որն ստեղծվել է XX դարի եվրոպական նովիլիստների կողմից, ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը և Վիրջինիա Վուլֆը։ «Շառաչն ու ցասումը» Ֆոլքների չորրորդ վեպն է, որը սկզբից այդքան էլ հաջողակ չէր։ Սակայն 1931 թվականին, երբ լույս տեսավ Ֆոլկների վեցերորդ վեպը՝ «Սրբավայրը», որը Ֆոլքները հետագայում պնդեց, թե այն գրվել էր միայն գումարի համար։ «Շառաչն ու ցասումը» ֆինանսական առումով ևս դարձավ հաջողակ, և Ֆոլքները սկսեց արժանանալ քննադատների ​​ուշադրությանը։ 1998 թ. ժամանակակից գրադարանային սանդղակով «Շառաչն ու ցասումը» վեցերորդն է իր ցուցակում XX դարի 100 լավագույն անգլերեն վեպերից։

https://is.gd/xW3muE

8. Մուշեղ Գալշոյան «Մարութա սարի ամպերը»«Սերը հայրենիքի նկատմամբ, կարոտը հողի ու ջրի, լեռների գլխին ծագող արեգակի, լեռներով չվող ամպերի։ Այս բոլորն են ծնունդ տվել «Մարութա սարի ամպերը» ժողովածուին։ Հերոսները գերազանցապես տարեց մարդիկ են, որ իրենց կյանքի իմաստնությամբ են հաստատում հեղինակի արծարծած գաղափարները»:

Մարութա սարի ամպերը, Մուշեղ Գալշոյանի պատմվածքների շարքն է, որ ընդգրկում է 20 պատմվածք։

Մարութա սարի ամպերը պատմվածաշարի ստեղծագործություններում պատկերված է Արևմտյան Հայաստանից Հայոց Մեծ Եղեռնի տարիներին գաղթած ու Արևելյան Հայաստանում։ Նրանց բոլորին միավորում է մեկ ընդհանուր ճակատագիր. գաղթից հետո նրանք հաստատվում են ու տուն կառուցում, սակայն տուն վերադառնալու հույսները չեն կտրում, կարոտում են իրենց երկիրը։

«Մարութա սարի ամպերը» շարքի երկու պատմվածք 1978 թվականին տպագրվել են «Դրուժբա նարոդով» ամսագրում։ Այդ ստեղծագործություններն արժանացել են տարվա լավագույն պատմվածքի մրցանակին։

https://is.gd/xaklzb

9. Ջորջ Օրուել «1984»-Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա։

-Նրան տառապանք պատճառելով։

-Իրավացի եք։ Նրան տառապանք պատճառելով։ Հնազանդությունը բավական չէ։ Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, այլ ոչ թե իր կամքին։ Իշխանությունն էլ է այդպես։ Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է։ Իշխանությունը հետևյալն է. կտոր-կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով։

«1984»-ը  բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի,  Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից։

https://is.gd/zvpMJL

10. Շարլոթ Բրոնթե «Ջեյն Էյր»«Երեխաները կարողանում են զգալ, բայց չեն կարողանում վերլուծել իրենց զգացմունքները և եթե մասամբ էլ վերլուծում են, նրանք բառերով ի վիճակի չեն արտահայտել այն»:

«Ջեյն Էյր»-ը  անգլիացի բանաստեղծ և գրող Շառլոթ Բրոնտեի դասական ստեղծագործությունն է՝ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի սիրավեպերից մեկը։ 2003 թվականի տվյալներով լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Գրքի բովանդականության հիման վրա նկարահանվել մոտ մեկ տասնյակ ֆիլմեր։ Վեպը թարգմանվել է նաև հայերեն։ Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1847 թ. «Ջեյն Էյր. կենսագրություն» վերնագրով Քարեր Բելլ (Currer Bell) կեղծանունով։ Հայերեն է թարգմանվել 1988 թվականին։

https://is.gd/LGLo6u