Ֆրանսիական անկյան բացում

Հայաստանի ազգային գրադարանի Ֆրանսիական անկյան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը եւ մշակույթի ու համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:

Ֆրանսիական անկյունը կգործի ընդհանուր ընթերցասրահում, ֆրանսերեն լեզվով շուրջ 500 գրքերը կսպասարկվեն բաց դարակային հիմունքով:

«Շատ լավ ընտրություն է, եթե անձամբ ես այս հավաքածուն կազմեի, նույն ընտրությունը կկատարեի»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ կարեւորելով ֆրանսերեն լեզվով նոր հրատարակություններն ընդհանուր ընթերցասրահում ներկայացնելու նախաձեռնությունը, եւ հույս հայտնելով, որ իր հաջորդ այցի ժամանակ ավելի շատ ֆրանսերեն գրքեր կտեսնի ֆրանսիական անկյան դարակներում:

«Ֆրանսերեն գրքերն իրոք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ազգային գրադարանում, տարվա ընթացքում սպասարկվում է շուրջ 30.000 ֆրանսերեն գիրք, իսկ մեզ մոտ շուրջ 80 000 ֆրանսերեն գիրք է պահվում, այդ թվում հնատիպ հրատարակություններ»,- բացման խոսքում նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ ԽՍՀՄ տարիներին եղել են հեղինակներ, որոնց գրքերը մուտք չեն գործել գրադարան եւ այսօր այդ գրքերով գրադարանը համալրելն առաջնահերթ խնդիրներից է:

«Ես պարտադիր եմ համարում , որ Ազգային գրադարանը համալրվի Ժյուլ Միշլեի, Լոթրեամոնի, Անրի Միշոյի, Ժյուլյեն Գրինի, Ժյուլյեն Գրակքի, Ժյուլ Ռոմենի, Ժան Ժենեի, Ժորժ Պերեկի; Ժան Ժիոնոյի եւ շատուշատ այլ հեղինակների գրքերով… Այս ցանկն անվերջ կարող եմ շարունակել, քանի որ ֆրանսիական գրականությունն իմ ամենասիրած գրականություններից է եւ անպայման հետևողական եմ լինելու, որ այդ հեղինակների գրքերը ֆրանսերեն բնագրով լինեն Ազգային գրադարանում և հասանելի լինեն մեր ընթերցողներին»,- նշեց Հրաչյա Սարիբեկյանը:

Ֆրանսիական անկյան բացումից հետո հյուրերը շրջեցին գրադարանում, դիտեցին Եվրոպայի ժառանգության օրերի շրջանակում տարբեր ցուցասրահներում բացված ցուցադրությունները, այդ թվում և ֆրանսիացի հեղինակների հայերեն և հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանված գրքերի ցուցադրությունը: Եղան նաեւ Արվեստի ընթերցասրահում:

Շրջայցից հետո ավելի գործնական զրույց ծավալվեց տնօրենի աշխատասենյակում, քննարկվեցին համագործակցության ծրագրեր տարբեր ուղղություններով:

«Հայաստանի ազգային գրադարանը պատրաստակամ է համագործակցել ֆրանսիայի դեսպանատան հետ ամենատարբեր ուղղություններով, մենք կարող ենք միասին շատ ավելի հետաքրքիր գաղափարներ իրագործել, որպեսզի ֆրանսիական մշակույթը ավելի լավ ներկայացված լինի Հայաստանում: Չափազանց կարեւոր եմ համարում, որ 20-21¬րդ դարերի ֆրանսիական գրականությունը լիարժեք ներկայացված լինի ընդհանուր ընթերցասրահում: Գրքերը կսպասարկվեն բաց դարակային հիմունքով, այդպիսով ընթերցողները հնարավորություն կունենան տեղում ընթերցել քսաներորդ դարի ֆրանսիական գրականությանը, որովհետև ԽՍՀՄ տարիներին այդ գրքերը պարզապես Հայաստան չեն հասել», — ասաց Հրաչյա Սարիբեկյանը: Խոսվեց նաեւ գրադարանում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպման մասին:

Ժոնաթան Լաքոտը պատրաստակամություն հայտնեց օգնել գրադարանին՝ գրաֆոնդը բացակա ֆրանսիական գրականությամբ համալրելու հարցում: «Ես շատ տպավորված եմ ազգային գրադարանի ֆրանսիական գրքերի քանակով… Հուսով եմ, մի օր հնարավորություն կունենամ տեսնել այդ հավաքածուների գանձերը… Ինչ վերաբերում է ֆրանսիական անկյանը, չափազանց կարեւոր է եւ ուրախալի, որ այս նոր գրքերը բաց են հասարակության համար, դրված են ընդհանուր ընթերցասրահում եւ բոլորը կարող են օգտվել: Առաջարկում եմ մեզ տրամադրել բացակա գրականության ցանկը եւ մենք կփորձենք զբաղվել համալրման հարցերով: Որպեսզի հայ ընթերցողին հասանելի լինի ֆրանսիական գրականության վերջին տարիներին լույս տեսած կարեւոր հրատարակությունները »,- նշեց նա: Տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը խոստացավ, որ գրականության ցանկն ինքն անձամբ կկազմի եւ հրաժեշտից առաջ Ժոնաթան Լաքոտին Հայաստանի ազգային գրադարանի կողմից նվիրեց հայ արվեստին վերաբերող գրքեր:

Վերադառնալ »