Ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրություն

Հայաստանի ազգային գրադարանի #Անձեռնմխելի_գրականության_բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվում է մեծ թվով այլալեզու հնատիպ գրականություն։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2691 միավոր, որից մի փոքր մաս այսօր ցուցադրված էր Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Անձեռնմխելի գրականության բաժնի կազմակերպած ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրությանը։
Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ:

Հավաքածուում պահպանվող և ցուցադրվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ. Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքին է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702թ. Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված Փարիզում 1754 թվականին, Պլուտարքոսի 1787-ին տպագրված ստեղծագործությունները ևս ներառված էին ցուցադրվող գրականության մեջ։

Ֆրանսիայում գրատպության սկիզբը համարվում է 15-րդ դարը, որը համընկնում է Լյուդովիկոս 11-րդի կառավարման տարիների հետ (1461-1483թթ.): Գյուտենբերգի գյուտից հետո 1470թ. Ֆրանսիա են հրավիրվում Մյունխենից 3 տպագրիչներ, ովքեր էլ Ֆրանսիայում սկիզբ են դնում գրատպությանը: Նրանց առաջին տպագրած գիրքը իտալացի հումանիստ Գասպարենա դե Բերգամոյի նամակներն էր` հրատարակված 1470թ. ամռանը: Ֆրանսերեն լեզվով 1-ին գիրքը տպագրվել է Փարիզում 1476թ.: Գրքի հեղինակը Պասկյե Բոնոմն էր, գիրքը կոչվում էր «Ֆրանսիական մեծ խրոնիկա»:

Ի դեպ, 17-րդ դարում Փարիզում տպագրված առաջին հայերեն գործը զետեղվել է Կլոդ Դյուրե Բուրբոնուայի՝ 1613 թվականին հրատարակած «Գանձ աշխարհի լեզուների պատմության» աշխատության մեջ, որում հայոց լեզվին նվիրված հատվածում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը։ 1633 թվականին Փարիզի Կայսերական տպարանում լույս է տեսել Ֆրանցիսկ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց» (հայերեն–լատիներեն) բառարանի երկրորդ հրատարակությունը, որը Փարիզում հրատարակված առաջին հայերեն գիրքն է։

Վերադառնալ »