Տետեյան եղբայրներ տպարան (Տետեյան, Տիգրան Հարություն Տետեյան, Հարություն Տետեյան)

Հայ տպագրության պատմության մեջ առանձնահատուկ կարևորությամբ աչքի է ընկնում Զմյուռնիայի Տետեյան տպարանը, որ գործել է 1853-1892 թվականներին։ Իր արդյունավետ և համազգային ճանաչման հասած գործունեության համար տպարանը պարտական է ականավոր մտավորական, տպագրիչ ու թարգմանիչ Տիգրան Հարություն Տետեյանին (1832-1868)։ Հարկ է հիշել նրա կատարած անչափ կարևոր դերը հայ թարգմանական գրականության զարգացումը հրատարակչական գործին լծորդելու, ազգային մշակույթի այս երկու կողմերի սերտաճումը արդյունավորելու ուղղությամբ։Ստեփան, Սարգիս, Հարություն, Կարապետ, Հակոբ Տետեյան եղբայրները մեկտեղեցին իրենց մտավոր և նյութական կարողությունները՝ Զմյուռնիայում 1851թ. գրահրատարակություն կազմակերպելու համար։ Հարություն Տետեյանը, որ տեղի Մեսրոպյան վարժարանի շրջանավարտներից էր և ժամանակի զարգացած ու առաջադեմ մտավորականներից մեկը, թույլտվություն-արտոնագիր ստացավ՝ Զմյուռնիայի Հայոց թաղում տպարան բացելու։ Նա Վենետիկի, Վիեննայի ու Կ. Պոլսի տպարաններից հայկական տառեր բերել տվեց, սակայն դրանցով չբավարարվելով՝ իր Սարգիս և Կարապետ եղբայրների ֆինանսական օժանդակությամբ մեկնեց Փարիզ և բերեց նոր տպագրական մամուլ ու տառատեսակներ։ 1853թ. այս տպարանում սկսեց հրատարակվել «Արփի Արարատյան» 16-էջանոց հանդեսը, որը սակայն տպագրության 3-րդ տարում փակվեց։ Նրանում արդեն ձևավորված միտումները իրենց արտահայտությունը գտան գրքային հրատարակություններում։ Սարգիս և Ստեփան եղբայրները նյութապես էին օժանդակում տպարանի գործունեությանը, իսկ Հարությունի, Կարապետի ու Հակոբի, ինչպես նաև Զմյուռնիայի «գրագետներ» Մ. Մամուրյանի, Գր. Չիլինկիրյանի Գր. Մսերյանի, Ս. Միրզայանի, Գ. Պատկանյանի, Մ. Նուպարյանի և այլոց ջանքերով, ովքեր տիրապետում էին մի քանի լեզուների, հայերեն թարգմանվեցին եվրոպական, մասնավորապես ֆրանսիական հեղինակներ Դյումայի, Լամարթինի, Հյուգոյի,էոժեն Սյուի, Ժորժ Սանդի, Ալֆրեդ դը Մյուսեի,Աբե Պրևոյի և այլոց ստեղծագործությունները։ Հարությունի մահից հետո/1868թ./ տպարանը աշխատեցնում են եղբայրները։ 1861-64թթ. այստեղ է հրատարակվել նաև Գր. Չիլինկիրյանի խմբագրությամբ «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը /այնուհետ մինչև 1867թ. տպագրվել է Կ.Պոլսում/, ինչպես նաև Հաշտենից «Միությունը» (1860-62թթ.), Կարապետ Տետեյանի երգիծական «Ափեղցփողը» (1862թ.), և «Դիտակը» (1862թ.), Սարգիս Փափազյանի «Հավերժահարսը» (1862թ.), Գր. Պարտիզպանյանի «Գարուն Հայաստանին» (1862թ.), Գ. Ազգալճյանի «Լուսափայլը» (1864-65թթ.), Սարգիս Վանանդեցու «Իրավունքը» (1868թ.), Մատթեոս Մամուրյանի «Արևելյան մամուլը» (187178թթ և 1879-83թթ.)։ Տետեյան տպարանի 40-ամյա գործունեությունը արգասավոր էր համաշխարհային գրականության՝ աշխարհաբար հայերենացման և դրանով երիտասարդության՝ համաշխարհային մշակութային ժառանգությանը առնչվելու ու ընթերցանության ճաշակը հղկելու առումով։

Տպագրապետը փաստորեն նպաստեց զմյուռնահայ թարգմանական փայլուն դպրոցի կայացմանը` տպագրելով Գր. Չիլինկիրյանի, Մ. Մամուրյանի, Մ. Նուպարյանի, իր եղբայրներ Ա. Կ. Տետեյանի, Հ. Հ. Տետեյանի և այլոց թարգմանական գործերը եվրոպական (հիմնականում ֆրանսիական և անգլիական) գրականությունից` քաջալերելով նրանց նաև նյութապես։ Զմյուռնահայերի այս տպարանում տպագրվեցին նրանց թարգմանությունները Վոլտերից, Մոլիերից, Շատոբրիանից, Հյուգոյից, Դյումայից, Շեքսպիրից, Սկոտից և շատ այլ հեղինակներից։ Ինքը` Տ. Տետեյանը ևս վերոհիշյալ դպրոցի ներկայացուցիչներից մեկն էր։ Իր թարգմանությամբ և սեփական տպարանում նա լույս ընծայեց «Հազարումեկ գիշերը» (արաբական հեքիաթների ժողովածու), Մոլիերի «Ագահը», «Ակամայ բժիշկը», «Սէրը բժիշկ է» կատակերգությունները, Ալ. Դյումայի «Մօնթէ Քրիսթօն» և այլ գործեր։

Մասնավորապես, Տետեյան եղբայրների թարգմանական ու հրատարակչական գործունեությունը սկիզբ է առնում նրանց խմբագրած «Արփի արարատյան» ամսագրի տպագրությամբ (1853-1856)։ Տ. Հ. Տետեյանն իր տպարանը սարքավորել էր Եվրոպայից ներմուծված տպագրական լավագույն տեխնիկայով, ուստի և դրա արդյունքները իրավունք ունեին համեմատվելու ժամանակի ճանաչված եվրոպական հրատարակությունների հետ։ Տետեյան տպարանում են հրատարակվել 1850-1870-ական թվականների գրեթե բոլոր զմյուռնահայ պարբերականները, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլն։ Հիրավի, Տետեյան տպարանն ազդեցիկ նշանակություն ունեցավ զմյուռնահայ մշակույթի զարգացման վրա, որ առաջ էր մղելու նոր բարձրացող սերունդը։ Մի հայտնի չափով այդ տպարանի թողած ազդեցությամբ ու հմայքով պետք է բացատրել նաև 1850-ական թվականների Ս. Մեսրոպյանի երեք սաների հրատարակած «Թութակ Հայկազեան» ամսաթերթը, նաև Մ. Նուպարյանի «Երկասէր» պարբերականը, որի մամուլը պատանի խմբագիրը ստացել էր Տետեյան տպարանից։

1870-1880-ական թվականներին և հետագա տասնամյակներին Զմյուռնիայում հիմնվեցին բազմաթիվ նոր տպարաններ։