Ռաֆայել Իշխանյան-100 /զեկույց/

Ականավոր գրականագետ, լեզվաբան, գրադարանագետ, մատենագետ, գրքագետ, աղբյուրագետ, հայ մշակույթի երախտավոր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր  Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի շրջանակներում ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Իշխանյանի կյանքը և գործունեությունը, ինչպես նաև նրա պատկառելի գիտամշակութային ժառանգությունը: Սույն միջոցառումը կազմակերպվել է Մատենագիտության և գրադարանագիտության ու Հան-րային կապերի բաժինների նախաձեռնությամբ: Ցուցադրված գրականությունը տրամադ-րել է Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահը, Գլխավոր գրապահոցը և Հայաստանի ազգային գրադարանի արխիվը:

Հայ մշակույթի, կրթության ու գիտության նվիրյալների կյանքի ու գործունեության համակողմանի ներկայացումն ու հավուր պատշաճի արժևորումն ունի կարևոր նշանա-կություն նաև ազգային ինքնության ու գաղափարախոսության ձևավորման և պահպան-ման տեսանկյունից. այս առումով կարևորվում է նաև Հայաստանի ազգային գրադարանի ազգանվեր առաքելությունը:

Իշխանյանը ծնվել է 1922թ. մարտի 9-ին Երևանում: 1929-1939թթ. սովորել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում: Նույն տարում ընդունվում է Երևանի պետա-կան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սակայն 1940թ. հոկտեմբերին նրան զորակոչում են բանակ: Երբ 1941թ. հունիսի 22-ին սկսվում է Հայրենական մեծ պատե-րազմը, երիտասարդ զինվորը անցնում է պատերազմի ամենածանր փորձություններով: Նա 1946թ. վերադառնում և ուսումը շարունակում է ԵՊՀ-ում, որն ավարտում է 1949թ.: Հատկանշական է, որ 1950-1954թթ. սովորել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտի հեռակա բաժնում: Համալսարանական տարիներից սկսել է աշխատել Ալ. Մյասնիկյանի անվան հանրային գրադարանում որպես պարետ, ապա ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, այնուհետև  բաժնի վարիչ: 1958թ. ստեղծել է Հայ գրքի մատենագիտության բաժինը, որը ղեկավարել է մինչև 1962թ.: 1955-1962թթ. գրադարանում աշխատելուն զուգահեռ, գրադարանային-մատենագիտական առարկաներ է դասավանդել Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում: Երկար տարիներ ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն և հայ գրականության լեզվի պատմություն է դասավանդել ԵՊՀ-ում: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ դոկտորականը՝  «Ակնարկներ հայ նոր գրականության լեզվի պատմության» թեմայով: Ստացել է դոցենտի, այնուհետև պրոֆեսորի կոչում:

Խմբագրել է «Լուսավորիչ» լրագիրը: Նա մեծ ներդրում է ունեցել նաև Արցախի ազատագրական պայքարում: 1991թ. Հայաստանի անկախացումից հետո ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր: Նա հայոց լեզվի մասին օրենքի նախագծի  համահեղինակներից մեկն էր: Ռ.Իշխանյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին», Խ.Աբովյանի անվան» մեդալներով: Երևանի թիվ 153 դպրոցը կրում է Ռ. Իշխանյանի անունը: 1991-1995թթ. Իշխանյանը պաշտոնավարել է որպես Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն:
Վախճանվել է 1995թ. փետրվարի 6-ին Երևանում:

ՀԱԳ-ում ժամանակին հրատարակվող  «Հոգևոր հայրենիք» պարբերականի 2008 թ. թիվ 1-ում և 2-ում շարունակաբար լույս է տեսել այդ ժամանակ Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի վարիչ, այժմ՝ ՀԱԳ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանի ծավալուն հոդվածը՝ «Ազգային գրադարանը անկախության տարիներին» խորագրով: Հոդվածում համակողմանի լուսաբանման և պատճառա-հետևանքային կապերի դիտարկման միջոցով ներկայացվում են կարևոր իրողություններ և հիմնախնդիրներ: Ներկայացված է երկրի սոցիալ-տնտեսական ծանր կացության ազ-դեցությունը գրադարանի գործունեության վրա և այլն: Հոդվածում ներկայացված են նաև ՀԱԳ-ում Իշխանյանի որպես տնօրեն պաշտոնավարման տարիներին կատարված աշխա-տանքները, օրինակ՝ կառուցվածքային փոփոխությունների գործընթացը, գրքի պահպա-նումը և կորուստների թիվը հնարավորինս նվազեցնելը, գրականության համալրումը, գրադարանային նոր օրենսդրական դաշտի և կանոնադրության ստեղծման անհրաժեշտությունը, կադրային խնդիրները, գրահավաքածուների և գրացուցակների համեմատումը« «Հայաստանի Հանրապետության գրադարանների մասին», օրենքի նախագծի մշակումը, մատենագիտական և հրատարակչական մեթոդական խորհրդի ստեղծումը, գործուղումները, սեմինարները, գրադարանային նորարարությունը և այլն:

Իշխանյանը անուրանալի ծառայություններ է մատուցել հայոց լեզուն, խոսքը, հայ ժողովրդի պատմությունը անաղարտ պահելու գործում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին ընդգրկուն է: Նրա հեղինակած ուսումնասիրություններն ու հոդվածները վերաբերում են հայոց լեզվին ու գրականությանը, հայոց պատմությանը, ինչպես նաև քաղաքական թեմաներին, հրապարակախոսությանը և առհասարակ ազգային կյանքի զանազան իրողություններին: Տպագրել է շուրջ վեց տասնյակ գրքեր, որոնց շարքում նաև մոտ մեկ տասնյակ գրադարանագիտական ուսումնասիրություններ, ինչպես  նաև՝ գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հեղինակել բազմաթիվ հոդվածներ, կատարել թարգմանություններ:

1993թ.-ին Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Երևանում հրատա-րակվեց  «Մատենագիտություն Ռաֆայել Իշխանյանի տպագիր աշխատությունների» արժեքավոր ուսումնասիրությունը, որը խմբագրել է Անահիտ Հարությունյանը: Մատենագիտության մեջ նյութերը դասակարգված են ըստ ժամանակագրական կարգի: Ընդհանուր ներառված է 772 հրատարակություն. ծավալը կազմում է 59 էջ:

            Ըստ այս մատենագիտության Իշխանյանի հրատարակած առաջին գիրքն է.

Ակսել Բակունց: Կենսագրություն և մատենագիտություն.-Եր., 1960, իսկ առաջին հոդվածը՝ Մակբայները ժամանակակից հայոց լեզվում /«Ուսանողների գիտ.աշխատութ.ժողովածու» (Երևանի համալս.).-Եր.,1948

Պարզապես թվարկենք Իշխանյանի՝ Հայաստանի և Սփյուռքահայ մամուլում տպագրված  հոդվածներից մի քանիսը.

  1. Արարատի թագավորությունը և Մեծ Հայքի միավորումը  /«Զարթոնք».-Բեյրութ, 1981 թ.:
  2. Էրեբունի-Երևան /սեպագիր արձանագրությունները /«Գիտություն և տեխնիկա».- Եր.,1987թ.:
  3. Լավ դպրոցը լավ ազգ է կոփում /ազգային դպրոց. ինչպիսին պետք է այն  լինի  /«Դպրություն».-Եր.,1991թ.:
  4. Լեզվական աղբյուրները հայերի ծագման վերաբերյալ /«Լրաբեր».-Լոս-Անջելես, 1980թ.:
  5. Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են /զրույցներ հայ ժողովրդի պատմու-թյան շուրջ /«Սովետական Հայաստան».-Եր.,1982թ.:
  6. Մեծ եղեռնի դասերը [Ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր]  /«Վրաստան».-1991թ:
  7. Փրկենք հայոց Արցախը  /«Լուսավորիչ».-Եր., 1991թ.:
  8. Մայր, մանկապարտեզ, մայրենի լեզու [ուղղախոսություն] /«Հայաստանի աշխատավորուհի».-Եր., 1984թ.:
  9. Նորարարություն մատենագիտության մեջ /«Գրական թերթ».-Եր., 1960թ.:
  10. Հովհաննես Թումանյանը հայ գեղարվեստական գրականության լեզվի մասին /«Բանբեր Երևանի համալսարանի».-Եր., 1969թ.:

Թվարկենք նաև մի շարք հիմնարար ուսումնասիրություններ.

  1. Դասական ուղղագրության կանոններ.-Եր.,1991թ.
  2. Ակսել Բակունց: Կենսագրություն և մատենագիտություն.-Եր., 1960թ.
  3. Գրադարանային դասակարգման սխեմա.-Եր., 1956թ.
  4. Գրականության դասավորումը և պահպանումը մասսայական գրադարաններում.-Եր., 1959թ.
  5. Հայ հնատիպ գիրքը.-Եր., 1968թ.
  6. Հայ գիրքը 1512-1920.-Եր., 1981թ.
  7. Հակոբ Մեղապարտ.-Եր., 1982թ.
  8. Պատկերազարդ պատմություն հայոց.-Եր.,1989թ.
  9. Երրորդ ուժի բացառման օրենքը: Հոդվածներ.-Եր., 1991թ. /քաղաքական գրականության մատենաշար/ և այլն:

Արժեքավոր է նաև «Հայ մատենագիտության պատմություն»  ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Երևանում՝ Ալ.Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի կողմից Ա , Բ և Գ պրակներով՝ 1964, 1966, 1968թթ.: Պրակներում ըստ պատմական ժամանակաշրջանների ներկայացված է հայ մատենագիտության զարգացման ուղին: Կարևորվում է մատենագիտության դերն ու նշանակությունը նաև հայագիտության տեսանկյունից: Այս պրակներն ուղեցույց կամ տեղեկատու են մասնագետների համար: 1-ին պրակի առնչությամբ մեջբերենք հայտնի մատենագետ Նինել Ոսկանյանի խոսքից մի հատված, որը զետեղ-ված է «Գրական թերթ» պարբերականի 1965թ. թիվ 24-ում. «Հատկանշական է այն իրողությունը, որ Իշխանյանը Ա պրակում հնագույն հայկական մատենագի-տական ցանկերը իրավացիորեն համարում է նախամեսրոպյան: Հայկական մատենագիտության հնագույն նմուշներ են վկայակոչված հայ պատմիչներց Կորյունի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու և հետագա դարերի այլ պատմիմների աշխատություններում»:

Այսպիոսվ, Ռաֆայել Իշխանյանը ծավալել է ազգանվեր գիտամանկավարժական  գործունեություն, որն  արժանի է ամենայն դրվատանքի

Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեր ուշադրության համար. այժմ կարող եք ծանոթանալ ցուցադրված գրականությանը:

Նյութը պատրաստեցին՝ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչի ժ.պ. Մհեր Ղազինյանը և 1-ին կարգի մատենագետ Գոհար Սարգսյանը

Հանգամանալից զեկուցումով հանդես եկավ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի 1-ին կարգի մատենագետ Գոհար Սարգսյանը:

Վերադառնալ »